Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Իսրայելի ռազմական կաբինետը բանակցային խմբին հանձնարարել է շարունակել ջանքերը պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու համար: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը՝ հղում անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին:
Ըստ լրատվամիջոցի՝ ռազմական կաբինետի նիստը տևել է 4 ժամ․ կաբինետի անդամների մեծ մասը հավանություն է տվել համաձայնության հասնելու ջանքերը շարունակելու որոշմանը։
Կատարի Al-Araby Al-Jadeed լրատվամիջոցը, վկայակոչելով եգիպտացի աղբյուրի, հայտնել է, որ Եգիպտոսի պաշտոնյաները սկսել են բանակցությունները վերսկսելու ջանքերը։
Մայիսի 22-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է լիովին հրաժարվել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին մասնակցելուց։
«Եգիպտոսի միջնորդական ջանքերը կասկածի տակ դնելու և վիրավորելու փորձերը…․ կհանգեցնեն միայն Գազայում և ողջ տարածաշրջանում իրադրության հետագա բարդացման և կարող են Եգիպտոսին դրդել լիովին հրաժարվել ներկայիս հակամարտությունում իր միջնորդությունից», – ասվում է Եգիպտոսի պետական լրատվական ծառայության ղեկավար Դիա Ռաշվանի հայտարարության մեջ։
Ռաշվանի հայտարարությունը հրապարակվել է՝ ի պատասխան CNN-ի այն հրապարակման, համաձայն որի իրազեկ աղբյուրները հայտնել էին, թե Եգիպտոսը փոխել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրի պայմանները՝ նախքան այն ՀԱՄԱՍ-ին հանձնելը։
Ռաշվանն այդ հրապարակումը որակել է «անհիմն» և «որևիցե տեղեկատվությունից կամ փաստից զուրկ»: