Ասում է՝ 2.5 գյուղ տվեցինք և ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում. եթե 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու, կամ հի՞նգը. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրել հայրենադարձներին: Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մայիսի 26-ի հանրահավաքին հնարավոր է հայտարարվի վարչապետի թեկնածուի անունը:
Իսկ արդեն հայրենադարձների հետ բուն քննարկմանը Տավուշի թեմի առաջնորդը, մասնավորապես, անդրադարձել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին և դրա հետևանքներին: Նշել է, որ դա ոչ թե Տավուշի խնդիրն է, այլ Տավուշում ծագած խնդիր է, որն իրականում ՀՀ-ին և համայն հայությանն է վերաբերում, և դրա լուծումն էլ Երևանում է, հայության ձեռքում:
«Գործընթացը մենք չենք հնարել, այլ այն տեղի է ունեցել՝ որպես հետևանք մեր մեծ պարտության, որն այս իշխանությունների ձեռքի գործն է: Այդ գործընթացը երկու շերտ ունի. իրավաօրինական և հոգևոր-բարոյական: Իրավական ու օրինական իմաստով լրիվ խախտված են թե՛ միջազգային սկզբունքներն ու ստանդարտները, թե՛ ՀՀ օրենքները, ընթացակարգը, Սահմանադրությունը: Հանցանք է գործված՝ միակողմանի զիջումներ կատարելով, և այն էլ՝ թշնամի պետության սպառնալիքի ներքո: Իրավական իմաստով լրիվ ապօրինի է: Մենք ասում ենք՝ թող լինի սահմանազատում, սահմանագծում, «խաղաղության հաստատում», բայց օրենքով և կարգով, ամբողջական: Ինչո՞ւ 2 տարի թշնամու կողմից գրավված հողերի մասին չեք խոսում, բայց 1990-ականների հողերի մասին եք խոսում: Սա զուտ սահմանազատում չէ, սա երկրի ամենապաշտպանված բնագիծը քանդել է նշանակում, որը քանդել են: Երկրորդ՝ ճանապարհների, ենթակառուցվածքների առումով, ամբողջը խառնված ու քանդված վիճակի մեջ է: Իրենք ասում են՝ այս ձևով կսարքենք ճանապարհը, այն ձևով գազի գիծը կքաշենք, բայց ինչո՞ւ ես եղածը փչացնում, սա արդյունավետ գործում էր, ինչպես պիտի նրանք գործեն: Կամ՝ ի՞նչ երաշխիք, որ այդպիսի թուլացած սահմանի վրա խնդիրներ չեն առաջանալու: Ասում է՝ մենք 2.5 գյուղ տվեցինք և դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում: Վերացում չեղավ ռիսկերի, այլ նվազեցրեցին, այսինքն, եթե 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու, կամ հի՞նգը, եթե նվազեցում է: Հասկանո՞ւմ եք՝ ինչ աբսուրդի ներկայացում է»,- ասել է Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում