Ինչո՞ւ է կառավարությունը գաղտնի պահում՝ ինչ փաստաթուղթ են ստիպում ստորագրել կիրանցեցիներին, ինչո՞ւ չեն հրապարակում դրա բովանդակությունը

Արդեն մի քանի օր է՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ջանասիրաբար աշխատում են կիրանցեցիների ուղղությամբ՝ նրանց տալով հանձնվելիք տների ու հողատարածքների փոխհատուցման վերաբերյալ դիմումի ձևաթղթի նմուշ ու ստիպելով լրացնել այն: Կիրանցում հանձնվող հատկապես հողատարածքներից շատերի սեփականատերերը տասնամյակներով Կիրանցում չեն ապրում: Նրանք են հիմնականում համաձայնում փոխհատուցմանը՝ «օդից փող կպցնելու» սկզբունքով: Եկել են, ստորագրել թուղթն ու անմիջապես հեռացել՝ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների:

Ըստ նույն տեղեկությունների՝ Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն ու նրա ազգականները ևս ակտիվորեն ներգրավված են կիրանցեցիներին համոզելու գործում:

Խնդիրն այն է, սակայն, որ 168.am-ն օրեր շարունակ ահազանգեր էր ստանում, որ փոխհատուցման դիմումի ձևաթուղթն այնպես է կազմված, որ լեգիտիմացնում է մեր հողերի հանձնումը: Եվ թեպետ կառավարությունը գաղտնի է պահում տավուշցիներին հրամցվող ձևաթղթի բովանդակությունը՝ հնարավոր հակազդեցությունից ու կեղծիքի բացահայտումից և խաբեությունից խուսափելու համար, մենք տեղեկացանք, թե ինչ բովանդակություն ունի խնդրահարույց ձևաթուղթը:

«2024թ. մայիսի 20-ի N 723-ԱԳ կառավարության որոշման համաձայն՝ խնդրում եմ /……./ հասցեում գտնվող /………/ կադաստրային ծածկագրով (առկայության դեպքում) գույքի դիմաց ինձ տրամադրել փոխհատուցում: Խնդրում եմ փոխհատուցման ենթակա գումարը փոխանցել /………/ բանկային հաշվեհամարին:

Կարդացեք նաև

Հաստատում եմ, որ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Միաժամանակ սույն դիմումով լիազորում եմ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»,- նշված է կիրանցեցիներին տրամադրվող ձևաթղթում:

Արդյո՞ք կիրանցեցիներին տրամադրվող փոխհատուցման ձևաթղթի այս բովանդակությամբ լեգիտիմ հիմքեր չեն ստեղծվում ՀՀ ինքնիշխան տարածքից հատկապես մարդկանց՝ սեփականության վերաբերյալ կադաստրի վկայականների առկայության պարագայում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի անբեկանելիության համար:

Կառավարությունը պիտի հանրությանն ու մասնավորապես տավուշցիներին բացատրի՝ ինչու են գաղտնի պահում փոխհատուցման վերաբերյալ դիմումի մանրամասները, հերթական ինչ ական են դնում դրանով հայոց խարխլվող պետականության հիմքերի տակ:

Ի դեպ այդ անհայտ ծագման փաստաթուղթը որևէ աղբյուրում հրապարակված չէ: Թե ինչ խաղ են խաղում գյուղացիների ու բոլորիս գլխին, թող պատասխանեն իշխանությունները: Իսկ միգուցե այլ փաստաթղթեր ևս շրջանառվում են Կիրանցի բնակիչների շրջանում: Իսկ հնարավո՞ր է, որ մարդկանց «անհատական մոտեցում» է ցուցաբերվում, որ մեկը տեղյակ չլինի՝ մյուսն ինչ է ստորագրում:

Տեսանյութեր

Լրահոս