Երբ կառավարությունը կբարեհաճի տեղից շարժվել  

Հայաստանի գյուղատնտեսությանը ծանր օրեր են սպասվում։ Կառավարությունը չի էլ թաքցնում, որ Թուրքիայի հետ սկսված սիրախաղը, ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումն ու ազատ առևտրի իրականացումը կարող է կործանարար լինել մեր գյուղատնտեսության համար։

Թե ի՞նչ դեր ունի գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության ու անվտանգության համար, բոլորին է հայտնի։ Նման կարևոր հարցերում հույսը երբեք չի կարելի դնել դրսի վրա. հույսը պետք է դնել սեփական արտադրության վրա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կառավարությունը պատրաստ է գյուղատնտեսությունը դնել հարվածի տակ՝ առանց պատկերացնելու հետևանքները։

Ոչինչ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո մեր գյուղատնտեսությունը կարող է կորցնել մրցունակությունը, դրա փոխարեն՝ նոր սեգմենտներ կբացվեն, ասում է կառավարության ղեկավարը։

Նոր սեգմենտներ կբացվե՞ն, թե՞ չեն բացվի, հարց է։ Բայց որ Թուրքիայի հետ ազատ առևտրի անցնելուց հետո գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ կունենա, միանշանակ է։ Անգամ փակ սահմանների պայմաններում մեր գյուղատնտեսությունը չի կարողանում մրցակցել թուրքականի հետ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե սահմանները բացվեն, ու թուրքական գյուղմթերքն անարգել մտնի մեր շուկա։ Հատկապես այն ամենից հետո, ինչ կատարվում է գյուղատնտեսության հետ։

Այսօր արդեն գյուղատնտեսությունը կանգնած է ծանր խնդիրների առաջ։

Թանկացել է սերմացուն, գյուղացին փող ու միջոցներ չունի որակյալ սերմացու ձեռք բերելու համար։ Շուկան ևս պատրաստ չէ նման սերմեր առաջարկել։ Դրսից ներկրումներ չկան, որովհետև դրսում էլ են սերմերը թանկացել, ներսում որակյալ ու բարձրակարգ սերմերի բավարար արտադրություն չի կազմակերպվում։

Կտրուկ բարձրացել են պարարտանյութերի ու մյուս թունաքիմիկատների գները։

Եթե անցած տարի պարարտանյութի 1 պարկի արժեքը 6-7 հազար դրամ էր, հիմա հասել է ընդհուպ 24-25 հազարի։

Պարարտանյութի թանկացումը գյուղացիական տնտեսությունների շրջանում լուրջ անհանգստություններ է առաջացրել։ Առանց դրա անհնարին է լավ բերքի ակնկալիքներ ունենալ։

Թե ի՞նչ է մտածում կառավարությունը, պարզ չէ։ Էկոնոմիկայի նախարարը, որը համակարգում է նաև գյուղատնտեսությունը, արդեն տևական ժամանակ ինչ-որ բանակցությունների մասին է խոսում, բայց արդյունքներն առայժմ չեն երևում։

«Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձևով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին՝ այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։ 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Նախորդ վարկերից չպրծած, կառավարությունը պատրաստվում է գյուղացուն դնել նոր վարկերի տակ։ Կապ չունի, որ այդ վարկերը սուբսիդավորվող վարկեր են, միևնույն է, դրանց դիմաց գյուղացին նաև տոկոսներ է վճարում։

Այս պահին գյուղացուն ոչ թե վարկեր են պետք, այլ անհատույց օգնություն։ Օգնություն, որը կլինի ոչ թե վարկերի, այլ ապրանքների գների սուբիդավորման տեսքով։

Եթե պիտի գյուղացին վարկ վերցնի ու 6-7 հազարի փոխարեն՝ միայն 24-25 հազար դրամ վճարի մեկ պարկ պարարտանյութի համար, ո՞րն է լինելու այստեղ կառավարության օժանդակությունը։ Այն, որ վարկով փող վերցնելու հնարավորությո՞ւն է տալիս։

Դա օժանդակություն չէ։ Ընդհակառակը՝ հետո կարող է շատ ավելի ծանր նստել գյուղացու վրա։

Վարկ տալու կամ վարկի տոկոսները սուբսիդավորելու փոխարեն՝ կառավարությունը թող բարի լինի սուբիդավորել գյուղատնտեսության համար առաջնային կարևորություն ունեցող ապրանքների գները։ Ի վերջո, բոլորը չէ, որ հնարավորություն ունեն, պատրաստ են կամ կարող են օգտվել գյուղատնտեսական վարկերից։ Ի՞նչ պիտի անեն այդ մարդիկ՝ հրաժարվե՞ն հողերը մշակելուց։ Չնայած արդեն կան նաև նման տրամադրություններ։ Մարդիկ հասկանում են, որ այս պայմաններում անիմաստ է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։

Պարարտանյութի տարբեր տեսակների գները 2-3 անգամ թանկացել են, ու դա վաղը լուրջ խնդիր է լինելու գյուղատնտեսական աշխատանքները կատարելու ժամանակ։ Այսօր արդեն պետք է մտածել այդ խնդիրը լուծելու մասին, այլապես վաղն արդեն ուշ է լինելու։ Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որը կարող է սպասել, թե երբ կառավարությունը կբարեհաճի զբաղվել իրենով։ Այդպես արեցին, որ ոլորտը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ։ Անընդհատ անկում է՝ անկումից հետո։

Փողեր են ծախսում, ինչ-որ անհասկանալի ծրագրեր են իրականացնում, վարկեր են սուբսիդավորում, բայց արդյունք չկա կամ այնքան չնչին է, որ ոլորտի զարգացումների վրա ազդեցություն գրեթե չի ունենում։

Այդքանից հետո շարունակում են գնալ նույն ճանապարհով, չեն ուզում հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ծրագրերն արդյունք չեն տալիս։

Մեր գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է։ Ավելի ցածր, քան տարածաշրջանի, առավել ևս՝ զարգացած երկրներինը։ Առանց գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, անհնարին է լուրջ արդյունքների հասնել։ Այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը ոլորտում գոյատևման խնդիր են փորձում լուծել։ Բայց հիմա, երբ տարբեր կողմերից ճնշումներն էապես ավելացել են, մեր գյուղատնտեսությունը կանգնած է հերթական փորձության առաջ։

Գյուղատնտեսությամբ զբաղվելը ծանր բեռ է։ Այդ բեռը հիմա ավելի է ծանրացել, ու եթե չլինի պետության օժանդակությունը, շատերը կարող են հրաժարվել հող մշակելուց։

Առանց այդ էլ Հայաստանի սակավահող պայմաններում, գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանում անմշակ հողեր չթողնել։ Բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ էլ հակառակն է։

Այսպես շարունակվելու դեպքում վաղը շատ ավելի վատ է լինելու։ Կառավարությունը պարտավոր է մտածել ներքին պահանջարկը ոչ թե թուրքական կամ ուրիշ երկրներից ներմուծված, այլ առաջին հերթին՝ տեղական արտադրության գյուղմթերքների հաշվին բավարարելու մասին։ Դա ոչ միայն զուտ պարենային խնդիր է, այլև առնչվում է հարյուր-հազարավոր գյուղացիական տնտեսությունների, որոնք իրենց ապրուստը հոգում են ոլորտի, թեկուզ ցածր, եկամուտների հաշվին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս