Բաղրամյան պողոտա 52ա հասցեից կրպակը հայտնվել է 54 հասցեում. օբյեկտն իրական հասցե տեղափոխել չի՞ ստացվում
«Շուրջ 20 տարի կրպակը փակել է խանութի մուտքը՝ պատճառելով նյութական վնաս, իսկ այն հեռացնելու համար քայլ չեն ձեռնարկում ո՛չ Քաղաքապետարանը, ո՛չ էլ պատկան այլ մարմիններ»,- ահազանգում է Հասմիկ Ազարյանի լիազոր ներկայացուցիչ Վալյա Շտոյանը, ով 2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրած բողոքով բարձրացրել է իր վստահորդ Հ. Ազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա թիվ 54 հասցեում գտնվող խանութի դիմաց Կ.Սիմոնյանին պատկանող կրպակը ոչ իրավաչափ 1.1 մետր հեռավորության վրա տեղադրելու արդյունքում իր վստահորդի իրավունքները խախտելու հարցը:
Այն ապամոնտաժելու ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել:
«Պետք է Քաղաքապետարանն ապամոնտաժի կրպակը, գիտեն, որ անօրինական է տեղադրված: Ոչ մի քայլ չեն անում, սակայն դիմել է դատարան՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար, բայց իրենց ներկայացուցիչը ներկայանում է դատարան՝ առանց պատշաճ լիազորագրի: Իրենք ամեն ինչ անում են, որ նիստերը չկայանան»,- մեզ հետ զրուցյում ասաց Վալյա Շտոյանը:
Նրա փոխանցմամբ՝ ՄԻՊ-ը բողոքի քննարկման շրջանակներում համապատասխան պարզաբանումների պահանջով գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:
Պաշտպանը Երևանի քաղաքապետին հասցեագրված գրություններով խնդրել է պարզաբանել՝ եթե Երևանի քաղաքապետի 2002 թվականի մայիսի 31-ի թիվ 917 որոշմամբ 2002 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 444667 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով 2002 թվականի հունիսի 25-ի թիվ 16 հողի վարձակալության պայմանագրով և 2002 թվականի փետրվարի 20-ի թիվ 13 գույքի առքուվաճառքի պայմանագրով նշված կրպակը պետք է տեղադրվեր Մ. Բաղրամյան 52ա հասցեում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ 11.06.2002թ. գլխավոր հատակագծով ամրագրվել և քաղաքապետարանի կողմից հաստատվել է կրպակի փաստացի տեղակայումը: Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվել՝ գլխավոր հատակագծում ամրագրված տվյալները շտկելու և օբյեկտն իրական հասցեի գտնվելու վայր տեղափոխելու ուղղությամբ:
Պաշտպանի 2020թ. հուլիսի 10-ի գրությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից 2020թ. օգոստոսի 4-ի գրությամբ հայտնած տեղեկությունների համաձայն՝ տրվել են պարզաբանումներ. Կ.Սիմոնյանի հետ կնքված հողի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է, այն չի լուծվել և համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համարվում է անորոշ ժամկետով կնքված պայմանագիր:
Վարձակալ Կ.Սիմոնյանը ծանուցված է պայմանագիրը լուծելու վերաբերյալ, և ներկայում աշխատանքներ են տարվում՝ 5.13քմ մակերեսով հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու ուղղությամբ:
ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պարզաբանել են, որ վերոնշյալ հասցեում գոյություն ունեցող խանութի դիմաց 2002թ.«Հայմամուլ» ՊԲՓ ընկերության կողմից տեղադրվել է կրպակ, որը ներկայում սեփականության իրավունքով պատկանում է Կարինա Սիմոնյանին: Կրպակը տեղադրվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումով՝ Հ Ազարյանին պատկանող խանութի մուտքի դիմաց՝ խոչընդոտելով մարդկանց ելումուտը՝ խանութ:
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2009թ. մայիսի 29-ի եզրակացությամբ՝ հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է, քանի որ քաղաքաշինական տեսակետից առարկություններ չեն ներկայացվել:
ՄԻՊ-ը եզրահանգման մեջ նշում է, որ Քաղաքապետարանից պարզաբանվել է, որ հիմք ընդունելով «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի ներկայացված սեփականաշնորհվող կրպակների ցանկը և տեղադրման հասցեները, Երևանի քաղաքապետի 31.05.2002թ. թիվ 917 որոշմամբ Կ.Սիմոնյանին Մ.Բաղրամյան պողոտա 52 ա հասցեում՝ Կամոյի անվան դպրոցի մոտ, տրամադրվել է 5.13քմ մակերեսով հողամաս: Մինչև նշված որոշման կայացումը կատարվել է տեղազննում, ըստ որի՝ կրպակը գտնվել է Կամոյի անվան թիվ 76 դպրոցի հարևանությամբ՝ Մ.Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցման աջակողմյան հատվածի երկու մուտքերի ծածկի վրա:
Սակայն հետո կրպակն ինքնակամ տեղափոխվել է Մ.Բաղրամյան պողոտա, թիվ 54 տան դիմաց, իսկ քաղաքապետարանը տարիներ շարունակ որևէ գործողություն չի ձեռնարկել՝ անճշտությունները շտկելու և օբյեկտն իրական հասցեի գտնվելու վայր տեղափոխելու ուղղությամբ: