Թուրք-ադրբեջանական օրակարգերը ստվերել են հայ-իրանական պրոյեկտները. ինչի՞ց է անհանգստացած իրանական կողմը
Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ուշագրավ հարցազրույց է տվել երկկողմ հարբերությունների, Իրանի արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նա նշել է, որ իր դիվանագիտական երկուամյա առաքելության ընթացքում տպավորություն է ստացել, որ պետք է բարձրացնել միմյանց մասին ունեցած ճանաչողության մակարդակը, պետք է ավելացնել պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը, և երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ գործունեություն ծավալի, երկու երկրների ազդեցիկ և մտավորական խավերը միմյանց ճանաչելու նպատակով պետք է փոխադարձ այցեր իրականացնեն և շփվեն միմյանց հետ, պետք է զարգացնել հանրային կապերը, ավելի արդյունավետ օգտագործել կազմակերպվող ցուցահանդեսների հնարավորությունները:
Ըստ նրա, բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, մեծ խոչընդոտներ գոյություն չունեն, և պետք է ուղեգծեր սահմանվի բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:
Դեսպանը բաց տեքստով ամրագրում է, որ երկու երկրների միջև անցած տարիներին տնտեսական համագործակցությունը, առանց որևէ լուրջ խոչընդոտների, երկու կողմում էլ դանդաղ է ընթացել:
Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, երկու երկրների միջև անավարտ մնացած նախագծերին է վերաբերում, երկու տասնամյակ է, ինչ քննարկվում է երկու երկրների միջև ճանապարհների վիճակի հարցը, և երկու կողմերն էլ ընդունել են, որ երկու երկրների միջև ճանապարհը պետք է բարեկարգվի:
Դեսպանն արձանագրել է, որ Հայաստանի տարածքով երթուղիները իրենց համար շատ կարևոր են: «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար: Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունից, ըստ որի՝ Հայաստանը երկաթուղով ճանապարհ կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն՝ դեսպանն ասել է, որ Իրանի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղին ակտիվ էր, և երթուղին ենթակառուցվածքային առումով պատրաստ է, թեև ավելի լայն օգտագործման համար, կարող է՝ չնչին աշխատանքների անհրաժեշտություն լինի: «Եթե Նախիջևանի և Երևանի միջև ապաշրջափակման գործընթացը տեղի ունենա, ապա Իրանի և Հայաստանի միջև կունենանք կարճ և արագընթաց երկաթուղային ճանապարհ»,- ասել է դեսպանը: Նա նաև նշել է, որ ցանկանում է հիշեցնել, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևորությունը:
Նա ընդգծել է, որ Իրանը կարևորում է Նորդուզի սահմանից Սյունիքի մարզով դեպի Երևան տանող ցամաքային ճանապարհը: «Սա մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին է»,- հստակեցրել է դեսպանը:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին, անդրադառնալով մի շարք թեզերի՝ նշեց, որ դեսպանը ուշագրավ կերպով խոսել է չիրացված առևտրատնտեսական ներուժից, որը հետևում է հայ-իրանական հարաբերություններին ընդմիշտ, և կարծես այդ հարցը լուծելու համար դեռ ժամանակ է հարկավոր:
Վերլուծաբանն արձանագրեց, որ մի քանի ամիս առաջ հայ-իրանական երկխոսությունը տարածաշրջանային երթուղիների և երկու երկրներին ձեռնտու տարբերակների շուրջ շատ ավելի ակտիվ էր, քան ներկայումս, երբ կողմերը սկսեցին նախապատրաստվել հայ-թուրքական երկխոսության:
Նրա խոսքով, տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, որոնցից բխում են իր համար նախընտրելի երթուղային տարբերակները:
«Պետք է հաշվի առնել, որ սկսել է գործել նաև տարածաշրջանում շատ ավելի լայն համագործակցության հարթակ՝ 5+2-ը, որին մասնակցում են Հայաստանն ու Իրանը, սակայն երկկողմ մակարդակում շատ ավելի հեշտ է առաջ տանել երկու երկրների շահերը, քան բազմակողմ հարթակում, որտեղ կան կոնֆլիկտ ունեցող երկրներ, որոնք փորձում են հարթել խնդիրները: Կան հարցեր, որոնք Հայաստանի համար առաջին պլան են եկել, կան հարցեր, որոնք երկրորդ պլան են մղվել: Աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի ու Իրանի համար բարդ է, քանի որ չափազանց շատ ռեսուրս է պահանջվում լուծելու խնդիրներ թե Իրանի ներսում, թե հարևանների հետ, և թե բանակցություններն Արևմուտքի հետ, որոնցում կա նաև Ռուսաստանի դերը, ակտիվացել են ռուս-իրանական բարձրաստիճան շփումները, կա ՌԴ-ԱՄՆ լարվածություն, որքան էլ հեռու, սրանք բոլորը փոխկապակցված զարգացումներ են, և ինչպես տեսնում ենք՝ այս պայմաններում լիովին չի հաջողվում պահպանել բոլոր ուղղությունները»,- ասաց Ալի Սալամին:
Նրա խոսքով, Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված բարդ իրադրությունից առաջ ու հետո նկատվում էր հայ-իրանական ինտենսիվ աշխատանք, որից հետո սկսվեց այն փուլը, երբ Իրանը սկսեց կարգավորել Ադրբեջանի հետ լարվածությունը, իսկ ՀՀ-ն ու Թուրքիան նախաձեռնեցին երկխոսությունն ու հնգակողմ հարթակի աշխատանքը:
«Մեկը մյուսին չպետք է խանգարի, սակայն կան հարցեր, որոնք կորում են առաջնահերթությունից իրավիճակի բերմամբ, ինչը բացասական հանգամանք է, քանի որ կորում են այդ շահերը, հետևաբար և՝ վտանգի տակ են հայտնվում նախագծերը: Հուսանք՝ այդպես չի լինի, սա պարզապես հուշում էր, որ պետք է ավելի ինտենսիվ աշխատել երկկողմ մակարդակում հայ-իրանական շահերն առաջ մղելու ուղղությամբ, այլապես տարածաշրջանում մյուս ակտիվ խաղացողների կողքին դրանք կորում են: Կարծում եմ՝ ուղիղ ասվել է ամեն ինչ, մեկնաբանելու կարիք նույնիսկ չկա, պետք է աշխատել Հյուսիս-Հարավ նախագծի հայաստանյան մասի և ընդհանուր առմամբ հայ-իրանական շահերից բխող կոմունիկացիոն պրոյեկտների վրա: Նոր զարգացումների ներքո դրանք ստվերում են հայտնվել»,- պարզաբանեց Ալի Սալամին: