Հակառակորդի տարածքում հակահարձակողական գործողություններ կատարող բանակ է մեզ պետք. Ավետիք Չալաբյան
Ցանկացած բանակի պատմության մեջ կան և՛ հաղթական, և՛ դժվար օրեր, հետևաբար, շատ կարևոր է, որ կարողանանք և՛ մեր հաղթանակները, և՛ պարտություններն ընդունել արժանապատվորեն ու խոհեմաբար։ Կարևոր է նաև, որ հաղթանակներից չհայտնվենք՝ էյֆորիայի, իսկ պարտություններից էլ՝ ընկճախտի մեջ, և հիշենք՝ ինչպես որ հաղթանակներն են դաս, այնպես էլ՝ պարտությունները, ուստի, պետք է անընդհատ այդ դասերը սերտելով՝ կատարելագործվենք, որովհետև, խոշոր հաշվով, մարդկության կյանքը միտված է կատարելագործման։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ շեշտելով.
«Իհա՛րկե, մենք մեր մարդկային կյանքերը չենք կարող վերադարձնել, բայց մեր պարտականությունն է՝ այլևս բացառել այն սխալների կրկնությունը, որոնք բերեցին 44-օրյա պատերազմում մեզ պարտության։ Մենք մեր հիմնադրամով փորձում ենք այդ դասերը սերտել։ Փորձում ենք հասկանալ, թե ապագայի պատերազմներին ու խաղաղությանն ինչպե՞ս պետք է պատրաստվել։ Ցավոք, նույնը պետության մակարդակով չի՛ արվում, չի՛ արվում ավելի խորքային մակարդակով, որովհետև, թեև պատերազմից անմիջապես հետո Պաշտպանության նախարարությունում ստեղծվեցին հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին պատերազմի դասերի վերլուծությամբ՝ բավականին լուրջ աշխատանք տանելով, սակայն այդ գործը մնաց անավարտ, որովհետև բանակի ղեկավարությունը փոխվեց»։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խոսքով՝ այս համատեքստում կարևոր է հիշել բանակում աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը, ինչը նաև ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ։
Չալաբյանի դիտարկմամբ՝ հատուկ իմաստ կա օրենսդրությամբ սահմանված այն կարգում, որ Գլխավոր շտաբի պետը նշանակվում էր 5 տարի ժամկետով. դա արվել է նրա համար, որ ԳՇ պետը կարողանա և՛ նախորդների արած աշխատանքները յուրացնել, և՛ բանակը զարգնացնել՝ բերելով որակական նոր մակարդակի։
«Սակայն մեզ մոտ այդ սահմանադրական տրամաբանությունը խզվեց, և դա են ապացուցում և՛ Գլխավոր շտաբի պետի, և՛ Պաշտպանության նախարարների բազմակի՝ 4 անգամ փոփոխությունները, որոնք հատուկ են արվում։ Դա հատուկ անելու տրամաբանությունն էլ հայտարարվել է երկրի ղեկավարի կողմից. Փաշինյանն ասել է՝ ինձ պետք են բացարձակ հավատարիմ մարդիկ՝ մոռանալով, որ ռազմական ոլորտում դա անընդունելի մոտեցում է, որովհետև ռազմական ոլորտում դու կարող ես ունենալ բացարձակ հավատարիմ, բայց բացարձակ՝ ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշեց Չալաբյանը՝ ընդգծելով, որ այս սխալ մոտեցմամբ է նաև անհնար դառնում ազգային և պետական շահի պաշտպանությունը։
«Թեև, մյուս կողմից, այնպես, ինչպես մեր ազգային շահը ձևակերպել է Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներում, ենթակա չէ պաշտպանության, դա մեզ տանելու է փակուղի։ Ըստ Փաշինյանի՝ մեզ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հասնել Արցախի գոյությանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ միջազգային երաշխիքներով։ Ըստ Փաշինյանի՝ մեզ նաև պետք է զուգահեռ հաշտվել Թուրքիայի հետ և ստանալ խաղաղություն՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանությունը փակուղային է, որովհետև այսօրվա Ադրբեջանի գաղափարախոսությունը հայատյացությունն է։ Կրկնում եմ՝ այս իշխանության քաղաքականությունը մեզ տալու է ոչ թե խաղաղություն, այլ ժամանակավոր դադար, որը Ադրբեջանը կօգտագործի իր դիրքերն ավելի ամրապնդելու համար, իսկ դա իր հերթին՝ բերելու է Արցախի հայաթափման։ Սակայն միայն Արցախով Ադրբեջանը չի՛ սահմանափակվելու և հայաթափման խնդիր է դնելու նաև Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում և անգամ՝ Արարատի մարզում»,- ասաց Չալաբյանը՝ շեշտելով՝ այս վտանգը չի զսպելու անգամ խաղաղության պայմանագիր կոչվածը։
«Ուստի Հայաստանի տարածքը միայն պաշտպանական դոկտրինով հնարավոր չի լինելու այսուհետ պաշտպանել. Օրինակ՝ Սյունիքն այնպիսի տարածքում է, որը շատ նեղ է, և զուտ պաշտպանական դոկտրինով հնարավոր չի լինելու այն պաշտպանել, հետևաբար, որպեսզի մենք կարողանանք մեր հակառակորդի ախորժակը փակել ու սահմանափակենք նրա ձգտումները Հայաստանի տարածքների նկատմամբ, մենք պետք է ունենանք հակահարձակման գործողությունների ունակ բանակ, որովհետև մեր նպատակը ոչ թե տարածքներ նվաճելն է, այլ հակառակորդին խաղաղություն պարտադրելը։ Այս նպատակից ելնելով՝ խոսել նրա մասին, որ մենք զուտ պաշտպանություն իրականացնող բանակ ենք ունենալու, կա՛մ տգիտություն է, կա՛մ՝ գիտակցված վնասարարություն։ Ուստի մեր բանակի դոկտրինը, որը մինչև հիմա պաշտպանողական էր, պետք է փոխել։ Մեզ պետք է հակառակորդի տարածքում հակահարձակողական գործողություններ կատարող բանակ»,- ասաց Չալաբյանը՝ հիշեցնելով, որ Արցախյան առաջին պատերազմում մենք կարողացանք հաջողություններ արձանագրել նաև շնորհիվ իրականացրած մի շարք հակահարձակողական հաջող գործողությունների։
«Հետևաբար, հիմա մենք պետք է մեր բանակի ունեցած այդ առավելությունը վերականգնենք. իհա՛րկե, պարտադիր չի, որ դա օգտագործենք, բայց թշնամին պետք է տեսնի, որ այդ առավելությունն ունենք»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով իր պատկերացմամբ ակնհայտ մեկ բան՝ մեզ պետք է իշխանություն, որը կկարողանա հակառակորդի հետ խոսել արժանապատիվ ուժի լեզվով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում