«Էն, որ ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի, դա տեղի ունեցավ». Արմինե Գրիգորյան
Երգչուհի Արմինե Գրիգորյանը 2018թ. իրադարձություններին 2 անգամ է մասնակցել. Մեկը՝ ապրիլի 23-ին, մյուսը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի պահանջի ցույցին, այն էլ՝ մինչև տեղ է հասել, Արմեն Ամիրյանն արդեն հրաժարական էր տվել:
«Ես չեմ սիրում մասնակցել միտինգների, ես մեծ ամբոխից ֆոբիաներ ունեմ: Իրականում, ես 20 տարի զրկված եմ եղել եթերից: Ես էլի եմ ասել՝ նախկինները բեմի մարդկանց իջեցրել էին ռեստորան, և ընդհակառակը՝ ռեստորանի մարդկանց բարձրացրին բեմ: Նույն նախկինների մեջ էլ կային լիքը այլանդակություններ, ինչպես այսօր, բայց համենայնդեպս, չի հասնի այսօրվա ամեն ինչին: Նախկինների ժամանակ կային շատ արժեքներ, որոնք չէին ոտնահարվում, այսօր էն, որ ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի, դա տեղի ունեցավ: Այնպես չէ, որ Փաշինյանն արձանի պես կանգնած էր, սիրում էինք, հետո չսիրեցինք: 3-4 տարվա ընթացքում տեսանք նրանց այլանդակությունները, նրանց ստերը, և դու տեսնում ես, որ խաբված ես: Ոչ միայն խաբվածությունը, այլ նաև՝ դժբախտությունն ու քաոսը, որ բերվեց մեր երկրի գլխին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նախկին իշխանությունները բեմից մարդկանց իջեցրել էին ռեստորաններ և ակումբներ, ապա ներկաները դրանից էլ զրկեցին երգիչներին:
«Եթե նախկինները մեր ոլորտից 20-30 հոգու էին հնարավորություններ տալիս, սրանք՝ երևի 4-5 հոգու: Լուսահոգի Ռիտա Ալեքսանդրովնային էին բան ասում. Նա հնարավորին չափով, ովքեր կային իրենց կողքին՝ տիրություն էր անում: Հետո բոլորը դավաճանեցին նրանց: Ես մի անգամ եմ եղել նրա մոտ, ընդամենը կես կտոր թռչնի կաթ խմորեղեն էի կերել, դուրս գալուց էլ քարտուղարուհին տաք կարկանդակներ բերեց, Ռիտա Ալեքսանդրովնան էլ ասաց՝ «սա էլ կուտես, նոր կգնաս, ես գիտեմ, որ սիրում ես»: Կես հատ էլ դա եմ կերել: Այսինքն՝ կես կտոր խմորեղեն, կես կարկանդակ, և ինձ համար շատ դժվար էր, որ ասում էի՝ մերժենք Սերժին: Ես չեմ գոռացել, ճանապարհներ չեմ փակել, բայց ցույց եմ տվել իմ գոհունակությունը և իմ կողմ լինելը այդ ամենին, որովհետև, դե բարև ձեզ, բա 20 տարի ապրում ես՝ ամեն ինչից»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ այսինքն՝ անձնական վրեժխնդրություն կար նաև այդ ամենում, նա արձագանքեց. «Վրեժխնդրություն չէ դա, ոչ թե ասում եմ՝ ախ, ինչ լավ է, դե գնացեք, այլ ասում ես՝ ախ, ինչ լավ է, ես նորից կսկսեմ աշխատել: Բայց անցավ մոտ երկու տարի ժամանակ, սկսվեց կորոնավիրուսը, և ես տեսա այն այլանդակությունները, որ նրանց կողմից կատարվում էին, տեսանք նրանց վերաբերմունքը, երբ մեր կոլեգաներից մեկը հուսահատված ինչ-որ բան է ասում, առողջապահության նախարարը հաջորդ օրն ասում է՝ միկրոֆոնից վիրուս է տարածվում:
Լակոտական բաներ էի նկատում, ասում էի՝ մեզ խայտառակ են անում, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին: Եվ այդ ընթացքում տեսնել վարչապետի հարբած ելույթները, ոնց որ էն վատ ընտանիքներ կան, որ ծնողը գալիս և ճնշում է մարդկանց, բայց այս դեպքում խորթ հայր է, որովհետև հալալ ծնողը այսպես չի անի: Ղժժում էին էլի մարդկանց վրա, ասում ես՝ լավ, ո՞ր մեղքիս համար: Քեզ թվում էր, թե փոփոխություն է եղել, բայց գալիս են ինչ-որ դիլետանտներ, անաստված մարդիկ: Ես գրել էի, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգի ղեկավարներն անաստված են»:
2019թ. իր հարցազրույցներից մեկում Արմինե Գրիգորյանն ասել էր. «Իմ ամենօրյա աղոթքների մեջ, արդեն շուտով կլինի մեկ տարի, ես նոր իկոնա ունեմ, դա Նիկոլ Փաշինյանն է, նա ինձ համար իկոնա է դարձել: Իմ աղոթքների մեջ ես ամեն օր աղոթում եմ նրա, նրա կնոջ, նրա երեխաների, նրա ընտանիքի համար. ամեն մի հայի համար դա այդպես պետք է լինի»:
Նա նկատեց, որ որպես քրիստոնյա՝ պետք է թշնամու համար էլ աղոթել. «Այն ժամանակ, այո՛, ասել եմ, որովհետև այդպես էի մտածում: Բայց ես խաբված եմ եղել, որովհետև տեսա մի հաղորդում, որտեղ նա Ավետարանից էր խոսում, նա այնպիսի բաներ էր ասում․․․ Ինձ համար հավատքը շատ կարևոր նշանակություն ունի, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, և ասացի՝ երևի իրեն Աստված է ուղարկել: Ինքը մինչև հիմա էլ Ավետարանից մեջբերումներ է անում: Խելագարվել կարելի է: Հետո արդեն ճանաչելով իրեն՝ հասկացանք, որ սուտ է խոսում: Այնպես չէ, որ դրանից հետո սկսեցի անիծել իրեն, դա իմ բերանի բառը չէ, ես շարունակում եմ աղոթել նույնիսկ իմ թշնամու համար, բայց արդեն ոչ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի համար, որովհետև այնքան անեծքները, որ կան իրենց շուրջ, ես կարծում եմ՝ իմ աղոթքները նրանց չեն օգնի»:
Արմինե Գրիգորյանը նշեց, որ չի հավատում խաղաղության դարաշրջանին. «Թուրքին վստահել չի կարելի, և սարսափած լսում եմ, թե ինչպես են ուզում թուրքի հետ մտերմանալ: Ես չեմ հավատում: Ես մինչև վերջին պատերազմը գուցե կողմ էի, որ սահմանները բացվեն, բայց պատերազմից հետո իրենք մինչև հիմա հայ են մորթում: Երբ ասում են՝ առանց նախապայմանի, դա նույնն է, որ ես մտնեմ ձեր այս ստուդիան, սա վերցնեմ, նա վերցնեմ, մեկին էլ լավ ծեծեմ, վերջում ասեմ՝ տես, նախապայման չկա, բարիշե՛ք:
Այսինքն՝ ամեն ինչ վերցնում են, հետո ասում են՝ նախապայման չկա, բարիշեք ադրբեջանցիների հետ, էն ադրբեջանցիների հետ, որի ղեկավարությունը, կոնկրետ ղեկավարը ձեռք է առնում իմ երկրի ղեկավարին, իմ ժողովրդին: Ես չեմ հասկանում, բա իրենց ինքնասիրությունն ո՞ւր է, թե՞ միայն մեր վրա է իրենց ուժը պատում: Ասում էին՝ պարոն վարչապետ, թավիշը թարգեք, պարոն վարչապետն էլ թարգեց, բայց ի՞նչ արեց՝ ժողովրդին սկսեց պառկեցնել գետնին, բայց ոչ այդ մարդկանց, ասում էր՝ այս մարդիկ էս են արել, էն են արել, բա դրանց պառկացնեիր, ժողովրդին ինչի՞ էիր պառկեցնում: Այդ այլանդակությունները տեսնելուց հետո ես կարո՞ղ էի շարունակել սիրել և աղոթել նրանց համար, ի՞նչ եք կարծում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում