Բաժիններ՝

«Եթե մի տաքսու վարորդ նոր, սպիտակ մեքենա է գնել, վրան գրել է՝ «Աէրոտաքսի», ամիսը 1 մլն 800.000 դրամ կարո՞ղ է վճարել, որ օդանավակայանում կանգնի»

Հունվարի 18-ին 84 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ հեղինակների, այս օրենքով փորձում են կարգավորել Երևանի ու Գյումրու օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեությունը` սահմանելով նոր պահանջներ։

Առաջարկվում է օդանավակայանի տաքսու կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200.000 դրամ է։ Ընդ որում, այդ գումարը վճարելու են՝ ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ՝ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ-ները։

Ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։

Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա 1-ից, տվյալ դեպքում` հուլիսի 1-ից։

«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի վաղ մասնակցել է քննարկումներից մեկին, բարձրաձայնել է, որ, եթե արվում է երկու նպատակի համար, այն է՝ չխաբել տուրիստներին օդանավակայանում, ինչպես նաև լինի ազատ մրցակցություն, նախագիծը ոչինչ չարժե:

«Նախագիծն այնպես են գրել, ինչպես «Յանդեքսի» մեքենաները հիմա այնտեղ աշխատում են: Այսինքն, օրենքը սարքել են իրենց հագով: Մի քանի մեքենայի համար առանձին որոշում են ընդունում, փոփոխություն են կատարում լիցենզիայի պայմանների մեջ, որ մեքենաները համապատասխանեն այդ լիցենզիային: Այնտեղ սպիտակ, մինչև 7 տարեկան մեքենաներն են, վրան էլ գրված է՝ «Աէրոտաքսի»: Ուղղակի օրենք դարձրին: Փոփոխություն էին անում, գոնե անունը փոխեին, «Աէրոտաքսու» փոխարեն՝ այլ բան գրեին: Ասում եմ՝ ձեզ հետաքրքրում է, որ զբոսաշրջիկը եկավ, իջավ Երևան, չխաբեն իրեն: Բայց ձեզ չի հետաքրքրո՞ւմ, որ մեկ անգամ է օդանավակայանից Երևան գալու, բայց 2 շաբաթ, մեկ ամիս կամ ավելի շատ Հայաստանում մնալով՝ ամեն օր օգտվելու է տաքսիներից ու ամեն օր իրեն խաբելու են: Եվ երկրորդ, ի՞նչ խաբելու մասին է խոսքը, եթե թույլ եք տվել ազատ մրցակցություն, գնագոյացման ազատ դաշտ: Օրենքով դա ոչ մի կերպ կարգավորված չէ: «Յանդեքսն» օրվա մեջ մի քանի անգամ գին է փոխում, չէ՞: Այսինքն, տուրիզմի զարգացմանը չի նպասելու, սուտ պատճառաբանություն է»,- ասաց Վահագն Սահակյանը:

«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահը հետաքրքրվել է նաև՝ եթե խոսում են ազատ մրցակցությունից, կարո՞ղ են օդանավակայանի տնօրինությանը պարտադրել, որ տարածքը բոլորին անվճար տրամադրի:

«Դեռևս այն ժամանակ, երբ օդանավակայանում քանդած վիճակ էր՝ ամիսը 1 մլն 800.000 դրամ տեղի վարձ էին վերցնում: Առանց այդ պայմանագրի չեն թողնում օդանավակայանի տարածք մտնել: Ի՞նչ են կարծում, եթե մի տաքսու վարորդ նոր, սպիտակ մեքենա է գնել, վրան գրել է՝ «Աէրոտաքսի», տարեկան 200.000 դրամն էլ վճարել է, ամիսը 1 մլն 800.000 դրամ կարո՞ղ է վճարել, որ օդանավակայանում կանգնի: Ու, եթե կարողանա վճարել, հետո տաքսու գները պատկերացնո՞ւմ եք:  Ես քննարկման ժամանակ ապացուցեցի, որ աբսուրդ օրենք է: Այն ամենաշատը վերաբերելու է 50 մեքենայի: Հարցրի՝ արգելելո՞ւ են, որ «Յանդեքս» տաքսին այնտեղ մտնի, պատասխանեցին՝ ոչ: Այսինքն, զբոսաշրջիկը կարող  է իջնել, պատվիրել «Յանդեքս»»,- նշեց Վահագն Սահակյանը:

Հարցին, խոսք եղե՞լ է գին սահմանելու մասին, «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահը բացասական պատասխան տվեց՝ ասելով.

«Չեն կարող միայն օդանավակայանի տաքսիների համար գին սահմանել, դա բացառվում է:  Գիտե՞ք, թե Քաղաքապետարանին քանի անգամ եմ առաջարկել, որ գոնե Երևանում ֆիքսեն տաքսու գինը: Պետությունը պետք է կա՛մ գինը ֆիքսի, կա՛մ գնագոյացման մեխանիզմը: Ասում են, թե չենք կարող, ազատ շուկայական հարաբերություններ են: Բայց դա չի նշանակում, որ չի կարելի գինը չֆիքսել: Գերմանիայում էլ են ազատ շուկայական հարաբերություններ, բայց ամեն քաղաք տաքսու իր գինն է սահմանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս