Դեմարկացիա և դելիմիտացիա հնարավոր չէ, եթե սահմանին կայուն վիճակ չունենք. Փաշինյան

«Նախ, գիտեք, մի այսպիսի նրբություն, որ մենք ըստ էության  այդ առաջարկը փոխանցել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին։ Բայց Ադրբեջանին էլ ենք փոխանցել, և սա կարևոր նրբություն է»,- այսօր իր նախաձեռնած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատման վերաբերյալ ի՞նչ առաջարկներ են փոխանցել Ադրբեջանին, որի վերաբերյալ հայտարարեց ՌԴ արտգործնախարարը,  և  արդյո՞ք ադրբեջանական կողմից արձագանքներ կան։

Ըստ Փաշինյանի, գուցե առաջարկները Ռուսաստանի միջոցով էլ են Ադրբեջանին փոխանցել, բայց նաև ուղիղ Ադրբեջանին էլ են փոխանցել։

«Որ էդպիսի պայմանավորվածություններ  լինելու են, այդ մասին ես ասել եմ քննարկումների արդյունքում, Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելում մեր ունեցած հանդիպման ընթացքում։ Սա՝ ուղղակի զուտ փաստերի ճշգրտման առումով։

Որոշակի թյուրիմացություն կա, առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին են։ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելուն։ Մեր առաջարկությունը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ, գլոբալ առումով, որևէ գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկների մասին են, որոնց վերաբերյալ ես խոսել եմ դեռևս մայիսին, հայելային հետքաշման առաջարկը, որը դեռևս մայիսին հրապարակային արել եմ։ Դրանք աշխատանքային փաստաթղթեր  են, որը փոխանցված է մեր գործընկերներին՝ ռուսաստանցի, ադրբեջանցի և միջազգային գործընկերներին էլ դրա մասին տեղյակ ենք պահել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նախ ասաց, թե այս մասին Հայաստանում տարբեր մեկնաբանություններ են անում, ապա նկատեց, որ առնվազն ճիշտ չէ բովանդակության մասին ոչինչ չիմանալով՝ անել մեկնաբանություններ։

«Այնպիսի տպավորություն է, որ այդ առաջարկից ենթադրվում է, որ մենք առաջարկում ենք, որ սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, և մեր առաջարկը, ընդհակառակը՝ վերաբերում է  սահմանների անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը։

Ադրբեջանի կողմից կա հրապարակային արձագանք և պատասխան, որովհետև Ադրբեջանն ըստ էության այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել, ասելով, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա առանց նախապայմանների»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հիմա քննարկումները շարունակվում են, և ուղղակի իրենք չեն ուզում, որպեսզի շատ դետալներ բացեն ու խաթարեն գործընթացը։

Այդուհանդերձ, Փաշինյանը շեշտեց, որ  իր կարծիքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի, և կարևոր է՝ որքան շուտ, այնքան լավ։

 

Տեսանյութեր

Լրահոս