Քրիստոսի արձանը Հայաստանում տեղադրելու առաջարկին արդեն արձագանքել են
Հունվարի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնության մասին:
«Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին: Լինելով առաջին քրիստոնյա ազգը՝ պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում: Արդեն հանձնարարությունը տրված է, զբաղվում են ճարտարապետներ, գծագրողներ, քանդակագործներ»,- տեսաուղերձում ասում է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ քանդակը պետք է լինի խորհրդանշական բարձրությամբ՝ 33 մետր»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը:
Հայտարարած մրցույթին արձագանքել ու նախագիծ են ներկայացրել գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն ու որդին՝ Հովհաննես Պապոյանը, ում հետ և զրուցել ենք մրցույթին մասնակցելու որոշման, Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու վայրի և այլ հարցերի շուրջ:
– Դուք և Ձեր հայրը կարծես թե առաջինն եք, որ արձագանքել եք Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթի առաջարկին։ Արդեն Ձեզ հետ որևէ քննարկում եղե՞լ է։
– Մենք ներկայացրել ենք մասնակցության մեր հայտը մրցույթը հայտարարելուց հետո։ Քննարկում դեռ չի եղել:
– Նախքան սա՝ երբևէ խոսե՞լ եք Հայաստանում ևս Քրիստոսի արձան ունենալու մասին։ Սիրիայում ՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին՝ 2000 մետր բարձրության վրա, կարծեմ հենց Ձեր հայրիկի կողմից արված քանդակն է տեղադրված: Ի դեպ, ինչո՞ւ են հենց նրան առաջարկել քանդակել այն։
– Մենք նախկինում ևս խոսակցություններ ունեցել ենք Քրիստոսի արձանը թե՛ Հայաստանում, թե՛ Հունաստանում տեղադրելու մասին: Այո՛, Սիրիայում տեղադրված Քրիստոսի արձանը հեղինակել է հայրս, և կատարվել է իմ և եղբայրներիս մասնակցությամբ։ Իսկ թե ինչո՞ւ են հենց հայրիկիս պատվիրել, կպատասխանեմ հետևյալ կերպ․ Միգուցե, տեսնելով հայրիկիս հեղինակած գործերը՝ որոշել են հենց իրեն վստահել։
– Մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանում որտեղ է տեղադրվելու արձանը։ Ընդհանրապես ինչպիսի՞ն է լինելու:
– Առայժմ կոնկրետ տեղ հայտնի չէ։ Իսկ թե ինչպիսին է լինելու արձանը, բնականաբար, մենք արդեն իսկ մեր տարբերակներն ունենք:
– Դուք պատրա՞ստ եք քննարկումների մասնակցել, լսել թե՛ եկեղեցականների, թե՛ ազգագրագետների, թե՛ պատմաբանների՝ ճիշտ քանդակ ներկայացնելու համար, կամ որքանո՞վ եք կարևորում սա։
– Դա մեզ չի հետաքրքրում և մեզ ոչինչ չի տա, քանի որ ճիշտ քանդակ անելու համար Ձեր նշած մասնագետները չեն կարող մեր ստեղծագործական կարողությունների վրա ազդել։ Ամեն արվեստագետ իր զգացողությունն ու կատարման ձևն ու մոտեցումն ունի։
– Հատկապես պատերազմից հետո մեզ համար կարևորը բանակի վերազինումն է, գումարներն այդ ուղղությամբ ծախսելը և գաղափարը քննադատողները հենց սա էլ առաջնային են համարում։ Արդյո՞ք ճիշտ է արձանի մասին մտածել այս փուլում։
– Մենք՝ որպես արվեստագետներ, ցանկացած մշակութային արժեք ստեղծելու գաղափար ողջունում ենք: Գիտե՞ք, արվեստի գործերը հարստացնում են մեր մշակույթն ու ավելի ներկայանալի դարձնում մեր երկիրն աշխարհին։
Իսկ բանակի վերազինման հարցը բոլորիս մտահոգում է, խորհուրդ կտամ այս հարցով հարցադրում կատարել համապատասխան մարմիններին:
Նշենք, որ Արտուշ Պապոյանը ծնվել է 1957 թվականին, Գյումրիում։ Սովորել է Գյումրիի թիվ 10 գեղարվեստի ուսումնարանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Պապոյանի «Պար» քանդակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, «Աղավնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանում։ Նա հեղինակել է նաև «Վարդանանք» արձանախումբը, որը տեղադրված է Գյումրիի Վարդանանց հրապարակում, «Անանիա Շիրակացու հուշարձանը»՝ Հայոց այբուբենի պուրակում, Սայաթ-Նովայի հուշարձանը, Նժդեհի հուշարձանը՝ Գյումրիի Նժդեհի անվան հրապարակում, և այլն: