Կառավարությունը սկսել է ակտիվորեն նախապատրաստվել նախկինում աղմուկ հանած մի շարք ծրագրերի ներդրմանը
Նախկինում հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տված որոշ աղմկահարույց ծրագրեր կառավարությունը վերստին դրել է շրջանառության մեջ։ Պատրաստվում են մոտ ապագայում սկսել դրանք կյանքի կոչել։
Խոսքն առողջության համապարփակ ապահովագրության և գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտների ներդրման մասին է։
Այս 2 ծրագրերն էլ ավելի վաղ ներդնելու փորձեր արվել են։ Բայց հասարակության դժգոհություններից վախենելով՝ հրաժարվել են։ Հիմա կրկին վերադարձրել են օրակարգ։
Օրերս դրանց վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան կառավարությունում։ Ներկայացվեցին այն հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա պիտի իրականացվի առողջության համապարփակ ապահովագրումն ու գույքի և եկամուտների համատարած հայտարարագրումը։
Առայժմ կառավարությունում խուսափում են բացահայտել այդ հայեցակարգերից բխող այն առանցքային խնդիրները, որոնք նախկինում դժգոհությունների տեղիք տվեցին։ Բայց դրանց հիմքերը նույնն են և անկախ նպատակից՝ տանում են հասարակության վրա ֆինանսական բեռի ավելացման։
Գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, իհարկե, Հայաստանում նոր չէ։ Այն վաղուց է ներդրվել և այսօր էլ գործում է որոշ խմբերի պետական պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն իշխանափոխությունից անմիջապես հետո փորձ արվեց այն ընդլայնել և ներառել նաև ամբողջ բնակչությանը։ Իրականացնել եկամուտների ու ծախսերի համատարած հայտարարագրում՝ հիմքում ունենալով, բնականաբար, հարկման նպատակ։ Բայց հասարակությունը բավական բուռն արձագանքեց այդ նախաձեռնությանը, որի համար, անշուշտ, հիմքեր կային։
Անդրադառնանք դրանցից մեկ-երկուսին։
Հայաստանում, ինչպես հայտնի է, չափազանց բարձր է աղքատության մակարդակը և ամենակարևորը՝ գործազրկության աստիճանը։ Նախկին Խորհրդային Միության տարածքում գործազրկության մակարդակով առաջինն ենք։ Այն հասնում է 20 տոկոսի։ Մարդիկ աշխատանք չունեն ու շատ հաճախ իրենց եկամուտները ձևավորում են այլ երկրներում աշխատանք գտնելու հաշվին։ Գույքի ու եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը ենթադրում է, որ այս մարդիկ ստիպված են լինելու դրսում աշխատած իրենց գումարների մի մասը հարկերի տեսքով կիսվել պետության հետ։ Պետությունը պատրաստ չէ այս մարդկանց ապահովել աշխատանքով, բայց մտադիր է վերցնել նրանց եկամուտների մի մասը։
Մեր հասարակության մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր ապրում են դրսից իրենց հարազատների կողմից ուղարկվող օգնությունների հաշվին։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ այդ օգնություններն ինչ-որ շեմից ավելին լինեն՝ կրկին ստիպված են լինելու վճարել պետությանը։
Համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման գաղափարը գուցե ճիշտ է, բայց մեր երկիրն այսօր պատրաստ չէ գնալ դրան։ Որքան էլ համարենք, որ այն գործիք է ստվերային շրջանառությունները բացահայտելու համար, միևնույն է, դրան գնալը, առկա սոցիալական պայմաններում, խիստ վաղաժամ է։ Այն ավելի շատ խնդիրներ կարող է ստեղծել, և ոչ միայն՝ սոցիալական առումով, քան օգուտներ կտա։
Գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրում կարող են իրենց թույլ տալ առաջին հերթին ապահովված հասարակությունները։ Մեր երկրի համար վաղաժամ է դրան գնալը, որքան էլ իշխանությունները հակված են հնարավորինս շուտ սկսել այդ համակարգի ներդրումը։ Այն ներառված է նաև կառավարության գործունեության ծրագրում։ Այնպես, ինչպես առողջության համապարփակ ապահովագրության գաղափարը, որին մտադիր են անցնել արդեն հաջորդ տարվանից։
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Այն լուրջ աժիոտաժ առաջացրեց ու խիստ քննադատության արժանացավ։ Բայց ոչ այն պատճառով, որ ապահովագրությունն ընդհանրապես անընդունելի է, այլ այն պատճառով, որ ինչպես հասարակությունը, այնպես էլ՝ առողջապահության համակարգը պատրաստ չեն դրան։
Ներկայացված հայեցակարգով դրվել էր ապահովագրավճարի բավական բարձր շեմ։ Այն էր՝ աշխատավարձի 4-ից մինչև 6 տոկոսը։ Հիմա կարծես իջեցրել են 3 տոկոսի։ Բայց նույնիսկ 3 տոկոսը բարձր գին է հասարակության մեծ մասի համար։
Առողջության պարտադիր ապահովագրություն ներդնելուց առաջ կառավարությունը նախ պետք է մտածի մարդկանց եկամուտներն ավելացնելու, հետո նոր հարկային բեռը ծանրացնելու մասին։ Ի վերջո՝ ապահովագրավճարը լրացուցիչ հարկ է, որը դրվում է քաղաքացիների վրա։ Այսօրվա պայմաններում, կապ չունի, թե այն քանի տոկոս կլինի, ծանր բեռ է լինելու շատերի համար։
Առանց դրա էլ մարդիկ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսքով հսկայական գումարներ են դուրս տալիս իրենց աշխատավարձերից։ Միջին հաշվով, աշխատավարձից պահումները հասնում են 30-31 տոկոսի։ Երբեմն նույնիսկ ավելի շատ են։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո էլ ավելի կմեծանա ճնշումը մարդկանց եկամուտների վրա։ Եկամուտներ, որոնք նախ պետք է թույլ տան լուծելու առօրյա խնդիրները՝ ապագայի մասին մտածելուց առաջ։
Աշխատավարձից լրացուցիչ թեկուզ 3 տոկոս գանձելը բավական լուրջ ծանրաբեռնվածություն է։ Հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր աշխատելով՝ հազիվ են հասցնում ապահովել իրենց նվազագույն կարիքները։ Իսկ այդպիսի քաղաքացիների քանակը մեր իրականության մեջ բավական մեծ է։ Աշխատողների գրեթե 50 տոկոսի աշխատավարձերը տատանվում են 100-150 հազար դրամի սահմաններում՝ ներառյալ՝ պահումները։
Այսպիսի աղքատ հասարակության մեջ ապահովագրավճարը ոչ պակաս ծանր բեռ է լինելու։
Ու դեռ հարց է, թե ապահովագրության ներդրումը որքանո՞վ կլուծի այն խնդիրներ, որոնք կան առողջապահության ոլորտում։ Առավել ևս, որ համապարփակ ապահովագրության ներդրումից հետո էլ ոչ բոլոր հիվանդություններն են ներառվելու դրա մեջ։
Կրկին ստանալու ենք այն նույն խառնաշփոթը, որն ունենք այսօր, այսպես կոչված, անվճար կամ պետպատվերով իրականացվող բժշկական ծառայությունների առումով։ Մարդիկ այդպես էլ գլուխ չեն հանում, թե ո՞ր դեպքում պետք է ստանան անվճար բուժօգնություն, ո՞ր դեպքում՝ ոչ։
Առողջապահության համակարգն ուղղակի պատրաստ չէ համապարփակ ապահովագրության։ Այսօր էլ քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր ապահովագրված են։ Բայց միշտ չէ, որ կարողանում են օգտվել այդ հնարավորությունից՝ պայմանավորված առողջապահության համակարգում առկա խնդիրներով։
Մինչև համատարած ապահովագրությանն անցնելը՝ պետք է մտածել այդ խնդիրները վերացնելու մասին։ Այլապես ապահովագրությունը ոչինչ էլ չի տա։ Մարդիկ կվճարեն, բայց իրականում չեն ստանա այն ծառայությունները, որոնք ակնկալում էին ստանալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ