Սակագները կարող էին և չբարձրանալ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չէին թողնում մեղադրելու նախկիններին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, սպառողներին թալանելու, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոնների հասնող կորուստների համար։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։

Այդ հայտարարությունները շատերի մոտ սպասումներ էին ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գազուց հետո հանրային ծառայությունների սակագները կնվազեն։ Սակայն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ սակագների որևէ նվազում։

Ոչ մի ոլորտում սակագներն այս ընթացքում չեն նվազել։ Ընդհակառակը՝ դրանք շարունակեցին բարձրանալ և այս տարի էլ կբարձրանան։

Խնդիրն այնքան այն չէ, որ հանրային ծառայությունների սակագները բարձրանում են։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն այդպիսի պատճառներ, անշուշտ, կային նաև նախկինում, բայց դա չէր խանգարում, որպեսզի որոշ քաղաքական ուժեր տեղի-անտեղի շահարկեին սակագների բարձրացման թեման։ Դա ցույց տվեց նաև այն, որ իշխանափոխությունից հետո այդպես էլ սակագների որևէ նվազում տեղի չունեցավ։ Եթե դրանք ուռճացված էին, ենթադրվում էր, որ պիտի նվազեցվեին։ Սակայն նվազում տեղի չունեցավ։

Որոշ դեպքերում էլ սակագների բարձրացումը փորձ արվեց կանխել պարզապես պետության հաշվին։

Այդպես եղավ մասնավորապես խմելու ջրի սակագնի հետ կապված։ Սակագնի բարձրացումը, որը պիտի տեղի ունենար արդեն իշխանափոխության հաջորդ տարում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով տեղափոխեցին։ Դրա դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետական բյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։

Այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը։ Ընդհանրապես հրաժարվեցին սակագների այն նվազեցումից, որը պիտի տեղի ունենար ջրային համակարգի վարձակալության վերջին տարիներին։

Բայց անգամ դա բավարար չեղավ գործող սակագները կայուն պահելու համար։ Դրանք բարձրացվեցին ևս 11 տոկոսով կամ 20 դրամով, ինչը տարեսկզբից արդեն գործում է։ Նախկինում 180 դրամի փոխարեն՝ հիմա արդեն սպառողները խմելու ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար վճարում են 200 դրամ։

Իշխանությունները փորձում են համոզել, որ սրանով մեծ լավություն են արել սպառողներին։ Բայց այդ «լավության» արդյունքում չենք ունենա սակագների այն իջեցումը, որն ակնկալվում էր արդեն 2024թ. հետո, և երկրորդ՝ ստիպված ենք այս տարվանից 11 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էինք մինչ այդ։ Եվ այդպես՝ 10 տարի։

Այնպես չէ նաև, որ առաջիկա 10 տարիներին խմելու ջրի սակագներն այլևս չեն բարձրանա։ Դրանում կհամոզվենք արդեն այս տարվա երկրորդ կեսին, երբ «Երևան ջուրը» կներկայացնի սակագների ճշգրտման հայտ։

Պահպանվում են այն բոլոր գործոնները, որոնք սովորաբար ազդում են սակագների ճշգրտման վրա։ Ու դրանք, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարի կբերեն սակագների բարձրացման։ Գուցե բարձրացումն այնքան չլինի, որքան այս տարվա սկզբից է, բայց դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։

Ջրամատակարարման սակագների ճշգրտման վրա ազդող գործոններից մեկն էլ էլեկտրաէներգիայի սակագինն է, որը, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից կբարձրանա միջին հաշվով 4,7 դրամով։ Ջրամատակարարման ոլորտում այս բարձրացումը, իհարկե, ավելի մեծ կլինի՝ 5,5 դրամի չափով։

Տարվա երկրորդ կեսին, երբ կներկայացվի խմելու ջրի սակագների ճշգրտման հայտ, այս գործոնը կթողնի իր բացասական ազդեցությունը։

Սակագնային տարին էլեկտրաէներգիայի ոլորտում սկսվում է փետրվարին, ու արդեն այդ ամսից սպառողների գրեթե 90 տոկոսի համար սակագները կբարձրանան։

Իշխանափոխությունից հետո առաջին դեպքը չէ, երբ հոսանքը՝ խոստացված էժանացման փոխարեն, թանկանում է։ Հոսանքը թանկացել էր նաև անցած տարվա փետրվարի 1-ից։ Այն ժամանակ էլ սակագինը բարձրացավ 3 դրամով։

Սակագների իջեցում իշխանափոխությունից հետո տեղի չի ունեցել, մինչդեռ ընդամենը 2 տարում այն ավելացել է միջին հաշվով 7,7 դրամով։

Զավեշտալի են հատկապես այս տարվա փետրվարի 1-ից սպասվող բարձրացման պատճառաբանությունները։ Սպառողներն իրենց գրպանից տարեկան գրեթե 32 մլն դոլար պիտի վճարեն արտադրող կայաններից մեկին, որովհետև իշխանությունները չեն կատարել դրա նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Իշխանությունները թերացել են, իրենց թերացման բեռը դրել են սպառողների վրա։

Մեկ այլ զավեշտ է ատոմակայանի հետ կապված պատմությունը։ Ձախողեցին կայանի տեխնիկական վերազինման աշխատանքների ժամանակացույցը ու կրկին սպառողներին դրեցին ֆինանսական բեռի տակ։

Իրենց քաղաքական ամբիցիաներից ելնելով՝ հրաժարվեցին կայանի տեխնիկական վերազինման համար հատկացված ռուսական էժան վարկային միջոցներից, փոխարենը՝ նախապատվությունը տալով թանկ փողերի ներգրավմանը։ Արդյունքը եղավ այն, որ հիմա ստիպված ենք սակագին բարձրացնել՝ այդ պարտքերը սպասարկելու համար։

Դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ վայնասուն էին բարձրացրել, եթե կառավարման այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծվեր նախկինների օրոք։

Սակագնի այն բարձրացումը, որին առնչվելու ենք փետրվարի 1-ից, ոչ մի արդարացում չունի։ Դրանից հնարավոր էր խուսափել, եթե իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ունենային և մտածեին սպառողների մասին։

Բայց սպառողների շահն այս պարագայում էլ անտեսվեց։ Այն էլ մի իշխանության կողմից, որը ժամանակին խոսում էր հանրային ծառայությունների ոլորտում առկա կոռուպցիայի, չարաշահումների, չհիմնավորված գների ու սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։

Այլևս պարզ է, որ ապրիլի 1-ից սպասվում է նաև գազի սակագնի բարձրացում։ Բայց գազի սակագինն էլ կարող էր չբարձրանալ, եթե կառավարությունը լավ բանակցեր։ Չէ՞ որ կալորիականությունից կախված ներմուծման գնի ձևավորման պայմանը, որը դարձել է սակագների բարձրացման հիմնական պատճառը, նոր չէ, այն տարիներ շարունակ եղել է, սակայն չի կիրառվել։ Ինչո՞ւ հիմա որոշեցին կիրառել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս