Բաժիններ՝

«Եթե մարդը չի ցանկանում հոգեբուժարան տեղափոխվել, ապա ոչ հոժարակամ հոսպիտալացման համար անհրաժեշտ է դատական ակտ». Արման Թաթոյան

Այսօր իր ասուլիսի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն անդրադարձավ նաև քրեական գործերով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերին, նշեց, որ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։

Վերջինս նկատեց՝ չնայած իրենց առաջարկությունների հիման վրա 2020 թվականի հոկտեմբերին ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ՝ կապված այս հարցերի հետ, բայց գործնականում խախտումները շարունակվում են:

«Օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ: Նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ կիրառված է եղել ՀՀ քրեական օրենսգրքով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց: Մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է, թե այնտեղ գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում: Այնինչ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ հոգեբուժական կազմակերպությունում գտնվում են ոչ սեփական կամքով և ցանկանում են անմիջապես դուրս գրվել»,- ասաց Պաշտպանը:

Ավելին, ըստ նրա՝ որոշ պացիենտներ հայտնել են, որ հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս ստորագրել են փաստաթղթեր՝ առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու և գիտակցելու դրանց բնույթն ու առաջացնող իրավական հետևանքները:

ՄԻՊ-ի տեղեկացմամբ՝ հիվանդության պատմագրերի իրազեկման թերթիկում դրված ստորագրությունները և ստացիոնար բուժման համար դիմումներում ստորագրություններն էականորեն տարբերվել են, ինչը խիստ մտահոգիչ է: Այսինքն՝ միևնույն պացիենտի ստորագրությունը տարբեր էջերում կամ փաստաթղթերում եղել է տարբեր: Սա ակնհայտ կասկածների տեղիք է տալիս, հատկապես այն պարագայում, երբ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պահվող պացիենտներից որևէ մեկի նկատմամբ ոչ հոժարակամ բուժում չի իրականացվել:

«Միևնույն ժամանակ, բոլոր հոգեբուժական կազմակերպություններում բաժանմունքների մուտքի դռները եղել են կողպված և դրանք բացել է միայն անձնակազմը: Այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բաժանմունքներից կարող են դուրս գալ միայն սահմանված ժամերին՝ զբոսանքի, լոգանքի կամ զբաղվածության կենտրոն այցելելու նպատակով, ինչն իրականացվում է անձնակազմի ուղեկցությամբ»,- նկատեց Արման Թաթոյանը:

Պաշտպանը նշեց՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը կրել է և շարունակում է կրել ձևական բնույթ, մարդիկ հաստատություն ընդունվելիս չեն ներկայացնում բուժման իրազեկված համաձայնություն, ինչը խիստ անթույլատրելի է և կոպտորեն խախտում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջները:

«Սա ենթադրում է, որ հոգեբուժական կազմակերպությունը, ընդունված անձանցից ստանալով բուժման և հոսպիտալացման համաձայնության ձևական դիմումները, որոնք իրականում չեն արտահայտում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատ և իրազեկված իրական կամարտահայտությունը, շրջանցում է ոչ հոժարակամ բուժման համար նախատեսված դատական ընթացակարգերը, ինչն օրենսդրի կողմից սահմանվել է մարդկանց հոգեբուժական կազմակերպություններում կամայականորեն պահելը բացառելու նպատակով: Հոգեբուժական կազմակերպություններում շարունակաբար գործող այս անօրինական պրակտիկան պետք է անհապաղ վերացվի»,- պնդեց Պաշտպանը:

Մեկ այլ խնդիր է, ըստ ՄԻՊ-ի, այն, որ հոգեբուժական կազմակերպություններում պահվում են մարդիկ, որոնք, բժշկական անձնակազմի հավաստմամբ, ենթակա են դուրսգրման, սակայն դուրս չեն գրվում, քանի որ մշտական բնակության վայր չունեն, և (կամ) ազգականները չեն ցանկանում նրանց ընդունել, և դուրսգրման դեպքում նրանք կմնան անօթևան: Նա նշեց՝ այս խնդիրը, իհարկե, դուրս է բժշկական անձնակազմի ձեռնհասությունից, կրում է համակարգային բնույթ և բազմիցս բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Այս հարցը հրատապ լուծում է պահանջում։

«Խնամքի կարիք ունենալը կամ ազգականների կողմից լքված լինելը չեն կարող բավարար հիմք համարվել հոգեբուժարանում պահելու համար: Նման պարագայում ծագում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների կամ սոցիալական խնամք ապահովող հաստատությունների հարցը: Այդպիսի ծառայությունների անբավարարությունը կամ բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժարաններում անօրինական պահելու կամ հարկադիր բուժման կիրառմամբ անձանց ազատությունից զրկելու համար»,- ասաց Արման Թաթոյանը:

Պաշտպանի խոսքով՝ եթե մարդը չի ցանկանում հոգեբուժարան տեղափոխվել, ապա ոչ հոժարակամ հոսպիտալացման համար անհրաժեշտ է դատական ակտ:

«Ըստ օրենքի՝ քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունելու հարցը լուծում է մեկ օրվա ընթացքում և դիմումի քննության համար դատական նիստը նշանակում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում: Բայց օրենսգիրքը չի սահմանում հոգեբուժական կազմակերպության դիմումը բավարարելու կամ մերժելու համար որևէ ժամկետ, ինչի արդյունքում կան դեպքեր, երբ դատական քննությունն անորոշ ժամանակով ձգձգվում է՝ հանգեցնելով մարդու անձնական ազատության ու մյուս իրավունքների խախտման»,- նշեց Արման Թաթոյանը:

Վերջինս ասաց՝ արձանագրվել են դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս բուժման համաձայնություն չտված անձանց նկատմամբ սկսվել է ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ, և մինչև դատարանի վճռի կայացումը մարդիկ տևական ժամանակ (20 և ավելի օր) պահվել են հոգեբուժական կազմակերպությունում:

«Այդ ընթացքում նրանց նկատմամբ պարբերաբար կիրառվել են տարբեր զսպման միջոցներ, այդ թվում՝ դեղորայքային հանդարտեցման միջոց՝ կրկնում եմ, առանց դատարանների որոշումների»,- ասաց Պաշտպանը:

Նրա խոսքով՝ շարունակում են խիստ մտահոգիչ մնալ հոգեբուժական կազմակերպություններում սննդից հրաժարված անձանց նկատմամբ բժշկական մոտեցումները և միջամտությունները, որոնք հանգեցնում են անմարդկային վերաբերմունքի:

«Սննդից հրաժարման դեպքերի վարման հետ կապված խնդիրները պայմանավորված են նրանով, որ հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ արհեստական սնուցում սկսելուց առաջ նրանց կարծիքը չեն հարցնում և համաձայնությունը չեն արձանագրում: Չեն գնահատվում նաև անձի մտավոր կարողությունները և նրա գործողության հետևանքները գնահատելու հնարավորությունը, ինչպես նաև դրա հոգեկան խանգարման ախտանիշ լինելը»,- նկատեց Արման Թաթոյանը:

Ըստ Պաշտպանի՝ կան դեպքեր, երբ չի հիմնավորվում պացիենտի կյանքին սպառնացող ռիսկը և հարկադիր կերակրման թերապևտիկ նշանակությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ չեն իրականացվում թիրախային սոցիալ-հոգեբանական աշխատանքներ՝ հաշվի առնելով սննդից հրաժարված անձանց հետ աշխատանքների առանձնահատկությունները:

«Վառ օրինակ է դեռևս 2020 թ. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հատուկ բաժանմունքում պահվող պացիենտի նկատմամբ կիրառված հարկադիր կերակրումը, երբ անձը, համաձայն չլինելով իր նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների հետ, որպես բողոքի դրսևորում, հրաժարվել է սննդի ընդունումից: Հացադուլը շարունակվել է 1 ամիս 15 օր: Վերջինիս նկատմամբ՝ սննդից հրաժարվելու մասին հայտարարությունից 17 օր անց, գրեթե ամենօրյա ռեժիմով կիրառվել է հարկադիր կերակրում՝ զոնդի միջոցով: Միջամտությունն իրականացվել է առանց հիմնավոր պատճառների, առանց պացիենտի հոգեկան վիճակի կամ սոմատիկ վիճակի հստակ նկարագրության և առանց անձի իրազեկված համաձայնության»,- օրինակը ներկայացրեց ՀՀ ՄԻՊ-ը:

Այս դեպքի կապակցությամբ մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում է կայացվել և արձանագրվել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին առանց բժշկական անհրաժեշտ հիմնավորման, իր կամքին հակառակ հարկադիր կերակրման ենթարկելու արդյունքում խախտվել է նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, ինչն էլ իր հերթին խախտել է անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու և առողջության պահպանման իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս