Թուրքը կգա՞ բուժվելու, թե՞ հայը կգնա. Ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը
Ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի պատասխանն ամենևին չի պահանջում խորամուխ լինել ցանկությունների, սպասումների, երազանքների մեջ. պետք են ընդամենը տնտեսական վերլուծություններ, հաշվարկներ:
Նկատենք, սակայն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկը տված իշխանությունները ցայսօր չունեն այդ հաշվարկները և բավարարվում են դրական սպասումների, ցանկությունների ու աքսիոմատիկ ճշմարտությունների մասին արձանագրումներով:
Օրինակ, երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է. «Այն տնտեսական ակտիվությունը և այն առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»:
Օրեր առաջ էլ գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր վստահեցրել․ «Մեր սահմանից այն կողմ՝ Ղարս և մնացած տարածքների, մինչև 200 կիլոմետր, բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունում»։
Անգամ ասել էր, որ մեսիջ է ուղարկել բժշկական ձեռնարկություններին, որ «արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում, և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, կապ չունի՝ ազգությամբ թուրք են թե ովքեր են, նրանք, հնարավոր է, որ Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվեն: Մենք նույնպես օգտվելու ենք այլ ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»:
Թե որքանով է իրատեսական Խաչատուր Սուքիասյանի դաշտ նետած այս սցենարը, և առհասարակ, կոնկրետ ինչ ակնկալիքներ պետք է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումից՝ հարցադրումների պատասխանները 168.am-ը լսեց մասնագետներից:
Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու համար անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին ու դինամիկային:
«Հատկանշական է, որ փակ սահմանների պայաններում 1995-2020թթ. Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, արտահանել է մոտ 55-60 մլն դոլարի: Ընդ որում՝ թուրքական ապրանքների ներկրումն առավելապես աճել է 2009 թ.՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, ու նաև 2019 թ.՝ հասնելով մոտ 260 մլն դոլարի: Սրանք խոսուն թվեր են, որոնք վկայում են այն մասին, որ հարաբերությունների հաստատման ու սահմանների վերաբացման պարագայում մենք առերեսվելու ենք թուրքական տնտեսական էքսպանսիային՝ իր ամենաագրեսիվ տեսքով: Սկզբունքորեն, իհարկե, վաղ թե ուշ հարաբերությունների հաստատման հարցը դառնալու էր օրակարգային, ու սխալ է փակ սահմանները դիտարկել՝ որպես ինքնանպատակ, որքանով և սխալ է ինքնանպատակ դարձնել դրանց վերաբացումը: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ հենց այդ մոտեցումն է գերակշռում:
Մինչդեռ սահմանների վերաբացման համար նախևառաջ անհրաժեշտ է մոդեռնիզացնել սեփական տնտեսությունդ, ակտիվացնել շուկադ՝ բարձրացնելով դրա մրցունակությունը: Հակառակ դեպքում՝ տնտեսական ինտեգրման ցանկացած փորձ վերածվելու է էքսպանսիայի»,- ասաց Վահե Դավթյանը:
Փորձագետը շեշտեց նաև, որ սահմանների վերաբացման հեռանկարի համատեքստում մեր տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքի իջեցմանը:
Նրա համոզմամբ՝ առանց այդ քայլերի՝ տնտեսական երկխոսության մասին խոսք լինել չի կարող, առավել ևս՝ Թուրքիայի հետ, որը շատ հմտորեն օգտվում է վերջին շրջանում իր ազգային արժույթի դևալվացիայից՝ դիտարկելով այն նաև՝ որպես արտահանման խթանման գործոն.
«Այս պայմաններում հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հանգեցնելու է նաև թուրքական կապիտալի գերիշխանության հաստատմանը Հայաստանում: Օրվա իշխանությունները հայտարարում են, որ դրանում որևէ խնդիր չկա, սակայն պարզ է, որ դա ունենալու է քաղաքական հետևանքներ: Իհարկե, այս հարցն ունի նաև մեկ այլ կողմ, այն է՝ Հայաստանի օրվա իշխանությունները դերակատար չեն ու հնարավորություն չունեն ազդելու արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա: Մենք ունենք տեխնիկական իշխանություններ, որոնք հմտորեն օգտագործվում են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևավորման մեգա-ծրագիրը կյանքի կոչելու համար»:
Թուրքիայի քաղաքացիների՝ Հայաստանում բուժօգնություն ստանալու հայտարարությունը Վահե Դավթյանն իրատեսական համարեց այն պարագայում, եթե Հայաստանի նշված բնակավայրերում ակտիվանա թուրքական կապիտալը, այդ թվում՝ բժշկական ծառայությունների ոլորտում, ինչը կրկին կտեղավորվի տնտեսական էքսպանսիայի տրամաբանության մեջ:
«Այդ դեպքում, իհարկե, այդ հաստատությունները հաճախորդների պակաս չեն ունենա: Թուրքերը կգան իրենց հիվանդանոցներ՝ ծառայություններ ստանալու համար,- նկատեց փորձագետը, ապա անդրադառնալով առողջապահական և այլ ծառայություններ ստանալու համար Թուրքիա մեկնող հայերին՝ նկատեց,- Այստեղ ես մեծ խոչընդոտներ չեմ տեսնում: Մեր քաղաքացիների համար ավանդաբար ամենապոպուլյար տուրիստական ուղղություններից տարիներ շարունակ եղել ու գուցե նաև այսօր շարունակում է մնալ թուրքական Անթալիան: Ինքս երբեք չեմ հասկացել այդտեղ հանգստանալու մոտիվը, բայց ինչևէ…
Եթե մի կողմ դնենք թուրքական տնտեսական էքսպանսիայի հեռանկարը, դուրս գանք այդ կոնտեքստից ու փորձենք հարցը դիտել զուտ տնտեսական տեսանկյունից, ապա ես առողջապահության մասնագետ չեմ, բայց, որքանով գիտեմ, ներկայում Թուրքիայի առողջապահական համակարգը գերազանցում է հայաստանյանը, հատկապես՝ առողջապահական տուրիզմի մասով: Դրա մասին են վկայում բազմաթիվ միջազգային վարկանիշային ցուցակներ»:
Առողջապահության կառավարման փորձագետ Սամվել Սողոմոնյանը ևս ռիսկեր արձանագրեց գործարարի հանրայնացրած դիտարկումներում:
Փորձագետը նախ հորդորեց առողջապահության ոլորտին առնչվող հայտարարություններ անելիս ուսումնասիրել առողջապահության համակարգը և գործող օրենսդրությունը, ապա հարկ համարեց հիշեցնել.
«Հայաստանի գործող օրենսդրությունը չի սահմանում ո՛չ 200, ո՛չ 2000 կմ շառավիղ՝ բուժօգնություն ստանալու համար. ՀՀ-ում ազատ են բուժօգնություն ստանալու բոլոր նրանք, որոնք Հայաստանում ունեն գտնվելու իրավունք և կարող են վճարել այդ բուժօգնության ծառայությունների համար:
Ինչ վերաբերում է արհեստական բանականությամբ օժտված սարքերին՝ պարզապես պետք է ծանոթանալ արհեստական բանականությամբ օժտված համակարգչային տոմոգրաֆի արժեքին գոնե, և կհասկանան, որ ՀՀ-ում նման արժեքով սարք դնելը երբեք չի ինքնածախսածածկվի»:
Սամվել Սողոմոնյանը նաև հավելեց, որ այդ սարքերը չափազանց թանկ են և ստեղծվել են օգտագործվելու մեծ հոսք ունեցող բժշկական կենտրոններում, որտեղ բժիշկները չեն հասցնում բոլոր պացիենտների պատասխանները նայել, իսկ արհեստական բանականություն ունեցող սարքերը պարզապես արագացնում են պրոցեսը:
Նա, այդուհանդերձ, համոզված է՝ պացիենտին, օրինակ, արհեստական բանականությամբ համակարգչային տոմոգրաֆը չէ, որ կբերի բուժօգնության, այլ՝ մրցունակ գները, որակյալ բուժսպասարկումը.
«Կոնկրետ Թուրքիայի պարագայում՝ Թուրքիայի խոշոր քաղաքներում բավականին զարգացած առողջապահական համակարգ կա, և չեմ կարծում, թե մենք այդ առումով Թուրքիայի հետ մրցունակ ենք. վախենամ՝ հակառակը տեղի ունենա՝ մեր մոտից պացիենտներ գնան Թուրքիայում բուժվելու: Այդ ռիսկերը որևէ մեկը չի հաշվարկել, համոզված եմ: Դրանք տնտեսական հաշվարկներ են ուզում. դրանք քաղաքական հայտարարություններից զերծ՝ մասնագիտական վերլուծություն են ուզում, որից հետո միայն կարելի է այս կամ այն պնդումն անել»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումն անխուսափելիորեն կբերի տնտեսական էքսպանսիայի:
«Եթե որևէ մեկը հանկարծակի ուզում է տնտեսական որևէ բում նկարագրի, դա նկարագրում է միայն իր համար:
Ամենաիմպերատիվն այն է, որ ամբողջ աշխարհն ընդունել է Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան առանց կաշկանդման ասում է՝ Դուք պիտի ասեք, որ Ցեղասպանություն չկա, պետք է ճանաչեք Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. սրանից այն կողմ էլ ի՞նչ եք ուզում:
Այժմ, ուրեմն, այս բոլոր հարցերը լուծվա՞ծ են, որ մեր տնտեսությունը ու հայ արտադրական կուլտուրայի մեջ թաղված սուբյեկտները ֆուրոր են անելու, Իլոն Մա՞սկ են դառնալու»,- ասաց տնտեսագետը՝ չբացառելով, որ լավատեսական հայտարարություններ հնչեցնող շատ մարդիկ հավաքագրված են թշնամական պետության կողմից: