Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի թեկնածու չունեն
2020-ի նոյեմբերի 11-ից ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն նախագահ չունի, երբ այդ պաշտոնից ազատեցին Արտակ Դավթյանին, որը այժմ ԳՇ պետի պարտականություններն է կատարում:
Ընդ որում, նախքան 2020 թվականի հուլիսի 16-ին Արտակ Դավթյանի՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակվելը, կոմիտեն ևս մի քանի ամիս ղեկավար չուներ՝ Ավետիք Քերոբյանի ազատվելուց հետո:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է.
«Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
ԲՏԱ նախարարությունից վստահեցրեցին, որ ներկա դրությամբ նախարար Վահագն Խաչատուրյանը թեկնածուի հարց չի քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ կերպ՝ չկա առաջադրված թեկնածու Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնի համար:
Այսինքն՝ այս ընթացքում ԲՏԱ նախկին և ներկա նախարարները հարմար թեկնածու չե՞ն կարողացել գտնել, գուցե գտել են և Փաշինյանի սրտո՞վ չի եղել, կարող է լինել նաև երրորդ տարբերակը՝ հարմար մասնագետ գտել են, բայց նա իրենց հետ չի ցանկացել աշխատել՝ տեսնելով ռազմարդյունաբերության ոլորտի նկատմամբ իշխանությունների դիլետանտ մոտեցումը:
Մինչդեռ 2019-ի օգոստոսին ՊՆ-ից Ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվում էր ԲՏԱ նախարարությանը, վստահեցնում էին, որ կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է: Ավելին, այն կարող է լինել նաև տնտեսության կարևոր ճյուղ:
Մինչդեռ իրականությունը հակառակն ապացուցեց, մասնավորապես, Ռազմարդյունաբերական կոմիտեն, երբ դեռ ՊՆ ենթակայության ներքո էր, Հայաստանը բավականին պատշաճ էր ներկայանում միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսներին, այդ թվում՝ Աբու Դաբիում կազմակերպվող, որտեղ 2021-ին Հայաստանը կարողացավ միայն բուկլետներով ներկայանալ, որովհետև ռազմական տեխնիկայի ցուցանմուշները մաքսանենգ ապրանքի կարգավիճակում մնացել էին Մոսկվայում և այդպես էլ Երևան չհասան:
Իսկ IDEX-2019-ին առաջին անգամ ցուցադրվել էր հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը: Այն նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները:
Ավելին՝ IDEX-2019-ին միջազգային բարձր գնահատականի էր արժանացել նաև Հայաստանի զինվորական նվագախմբի ելույթը:
Զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես էր միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի դիտարժան ելույթը չէր վրիպել նաև «The Guardian»-ի աչքից:
2021-ին փետրվարին 168.am-ի հետ զրույցում ԳՇ պետ Արտակ Դավթյանը նշել էր.
«Ռազմարդյունաբերության կոմիտեն Պաշտպանության նախարարությունից դուրս բերվեց և տեղափոխվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, սակայն այդ համակարգային մոտեցումները մինչև վերջ չտարվեցին, այդ թվում՝ կազմակերպչական առումով: Դրա համար արդյունավետության այն իրավիճակը, որ հիմա կա, պիտի ասեմ, որ հետագայում էլ այն բավարար չի լինելու Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքում»:
Ի դեպ, ԲՏԱ նախարարությունից մեզ ասացին, որ իրենց կողմից որևէ խախտում չկա, որ մինչև այսօր Ռազմարդյունաբերական կոմիտեն նախագահ չունի: Բնական է՝ հարցը բոլորովին այլ հարթությունում է՝ քաղաքական, ռազմաքաղաքական: Գուցե ժամանակն է՝ կոմիտեն գործի որպես անկախ մարմի՞ն՝ նախարարություններից դուրս:
Մարիամ Պետրոսյան