Բաժիններ՝

Այն, ինչ ունենք՝ մաքսիմում հերիքելու է մինչև ապրիլ ամիսը. թռչնամիսը կթանկանա՞

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան  վոևոդությունից    կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրների նշված վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:

«Թռչնագրիպ է, ահավոր գլխաքանակի կորուստ է լինում: Եվրոպայում միայն անցած տարի 22 միլիոն թռչուն է կոտորվել: Իսկ մենք, քանի տարի է՝ ասում ենք, որ մեզ անհրաժեշտ է սեփական ծնողական հոտ ունենալ, որպեսզի դրսից չբերեն մեկ օրական ճուտ, ինկուբացիոն ձու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Հարցին, այսինքն՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ թռչնամիսը թանկանա, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց. «Թռչնամիսը պետք է թանկանար 1.5 ամիս առաջ, բայց զսպման մեխանիզմներով այնպես արեցինք, որ մեր սպառողների համար Նոր տարվա շեմին թանկացում չլինի: Բայց հունվարի 1-ից էլեկտրաէներգիան, ջուրը թանկացել է, բոլորը պետք է իրենց  ինքնարժեքը հաշվե՞ն, թե՞ չէ: Այս ամենին ավելացել է թռչնամսի դեֆիցիտը: Այսինքն, անընդհատ դրսից ներկրել ենք, իսկ հիմա Իրանը չի տալիս, Ռուսաստանը չի տալիս: Ոչ մի երկիր չի ուզում վաճառել, որովհետև կորոնավիրուսի պայմաններում չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Կլինի նաև կերի խնդիր, չէ՞ որ թռչնագրիպը կերով էլ է անցնում: Հիմա ստիպված պատրաստի կեր չենք բերելու, հատիկ կեր ենք բերելու, այն էլ՝ Լարսով, որը փակ է. տեսեք, թե ինչքան խնդիրներ են առաջանում: Փառք Աստծո, մի քիչ խելամիտ էինք, սեպտեմբեր-հոկտեմբերին մի քիչ ներկրեցինք՝ իմանալով, թե ինչ է լինելու: Բայց այն, ինչ ունենք, մաքսիմում հերիքելու է մինչև ապրիլ ամիսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս