Փաշինյանի ասուլիսում 168.am-ի հարցն անտեսվեց
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական առցանց մամուլի ասուլիսը, որի ընթացքում անտեսվեց 168.am-ի ուղարկած հարցը:
Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչև ժամը 20:00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին և հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց»,- ասված էր հաղորդագրությունում:
Եվ ահա, մի քանի ժամ տևած ասուլիսից հետո տպավորություն կարող էր ստեղծվել, թե Փաշինյանն անդրադարձել է բոլոր հարցերին, այդ թվում՝ իշխանության համար անհարմար հարցերին: Սակայն դա այդպես չէ, քանի որ որոշ լրատվամիջոցների հարցեր պարզապես անտեսվել են, և մեր լրատվամիջոցը միակը չէր:
Ներկայացված կարգին համապատասխան, 168.am-ը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկեց հետևյալ մեկ հարցը.
«Օրերս Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել եք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին և հանդես եկել ելույթով: Ինչո՞ւ մամուլին չեք տրամադրում Ձեր ելույթի ողջ տեքստն ու տեսաձայնագրությունը»:
Ասուլիսի ընթացքում 168.am-ի հարցն անտեսվեց, այն նույնիսկ չհնչեց: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ մեր ուղարկած հարցը թեմատիկորեն առանձնանում էր, չէր կրկնում մյուս հարցերը, սակայն էապես կարևոր էր, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս ամիս Բրյուսելում մասնակցել էր ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով, սակայն ՀՀ Կառավարության կայքում տեղադրվել էր այդ մասին կարճ մամուլի հաղորդագրություն՝ առանց ելույթի տեքստի ու տեսաձայնագրության: Թերևս, ավելորդ է նույնիսկ նշել, թե որքան կարևոր է այդ հարթակում ԱլԳ անդամ երկրների ղեկավարների ելույթները, որոնցում ուրվագծվում է տվյալ երկրի ու ԵՄ-ի համագործակցության հեռանկարները, հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը:
Իսկ Արևելյան գործընկերությունն այն ծրագիրն է, որի միջոցով և որի տրամադրած գործիքակազմով առաջ են ընթանում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ԱլԳ գագաթնաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ: ՀՀ Կառավարության մեկ հաղորդագրությունում ներկայացվել էր Փաշինյանի երկօրյա բրյուսելյան այցը՝ հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, հանդիպումները Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, և չէր ներկայացվել Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱլԳ գագաթնաժողովում այն դեպքում, երբ սովորաբար նման միջազգային հարթակների ելույթները առանձին հաղորդագրությամբ ներկայացվում են ՀՀ կառավարության կայքում:
Արձանագրենք նաև, որ մեր հարցից հետո ևս վերոնշյալ ելույթի տեքստն ու տեսաձայնագրությունը չեն հրապարակվել ՀՀ կառավարության կայքում:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ «Առավոտ»-ի հարցը ևս անտեսվել է Փաշինյանի ասուլիսի ընթացքում: «Առավոտ»-ը Փաշինյանին հղել էր հետևյալ հարցը.
««Պարո′ն Փաշինյան, Դուք՝ որպես լրագրող և խմբագիր կփաստեք՝ լրագրողի հարցը չպետք է ենթադրի «այո» կամ «ոչ» պատասխան, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ Ձեր նախորդ հրապարակային հայտարարությունները՝ թույլ տվեք հարցնել՝ Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել, թե՞ ոչ: Ի՞նչ է հարկավոր, որպեսզի պատերազմից հետո՝ տարածաշրջանային զարգացումների ներկայիս փուլում, այդ հարցի պատասխանը Դուք՝ որպես երկրի ղեկավար, վերջապես ստանաք: Առավել ևս, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Դուք ինքներդ էիք հայտարարել, որ 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը»: