Բաժիններ՝

Հասմիկ Պապյանը՝ առաջիկա նորությունների մասին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան, որը ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի ջանքերով վերազինվել է, բարեկարգվել և երաժշտասերներին ներկայացել յուրահատուկ համերգային ծրագրերով ու բեմադրություններով, 2022-ին ևս անակնկալներ է խոստանում:

Օպերային ստուդիայում կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ, որի համոզմամբ՝ ստուդիայում կան տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ, որոնց համար պետք է ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր:

Հասմիկ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականություններն ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին: Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով ոչ մի նախագծի կամ ծրագրի մասին հնարավոր չի եղել մտածել, սակայն ուսանողներին ոգևորելու, նրանց աջակցելու նպատակով Բեթհովենի ծննդյան օրը համերգ են նախաձեռնել՝ հնչեցնելով մեծն կոմպոզիտորի վոկալ ստեղծագործությունները:

«Ունեինք ուսանողներ, որոնք հարազատներ էին կորցրել և վշտի, սգի մեջ էին, բայց անհրաժեշտ էր ինչ-որ բան անել: Համերգը հրաշալի անցավ: Ուսանողներին ասացի, որ երեկոյան զգեստներ կրելու կարիք չկա, պարզապես պետք է մի քիչ տոնական լինել: Երբ տեսա, թե ինչպես են հագնվել, զարդարվել, այցելել վարդսահարդարի մոտ, հասկացա, որ նրանց կոտրել հնարավոր չէ, որ շատ մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա և պետք է կարողանամ նրանց ճիշտ ուղղորդել»,-նշում է Պապյանը:

Անդրադառնալով օպերային ստուդիայի տեխնիկական և այլ խնդիրներին՝ գեղարվեստական ղեկավարն ասում է, որ ստուդիայի բեմը շատ մաշված էր, վատ վիճակում, որտեղ բեմադրական դեկորացիաներ, ինչ-որ բաներ դնել հնարավոր չէր: Նա նախապես չի ծրագրել նորոգել բեմը կամ նվագախմբի համար նախատեսված հատվածը, ձեռք բերել վահանակներ, լուսավորության սարքավորումներ և այլն, սակայն մեկենասների աջակցությամբ լուծել են նաև այդ հարցերը:

Հասմիկ Պապյանն այդ գործում կարևորում է նաև ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի աջակցությունը՝ նշելով, որ վերջինս իր գործի մեծ նվիրյալ է, գիտակ, կարող ուժ, սրտացավ մարդ: Ընդգծում է ստուդիայի թիմի նվիրումն ու նախաձեռնողականությունը:

Օպերային երգչուհին երեսուն տարի Հայաստանից դուրս է ապրել և հանդես եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, բայց Հայաստան գալու առիթը բաց չի թողել և հասցրել է հետևել տեղի մշակութային անցուդարձին: Կարծում է՝ մշակութային կյանքն ակտիվ է, և, եթե գնանք թատրոններ, համերգասրահներ, կտեսնենք, որ իսկապես շատ ձեռնարկներ կան, բայց որակն է կարևոր: «Իմ տպավորությամբ Հայաստանում օպերային արվեստը մի քիչ ճահճացած է: Մենք ունենք հնացած բեմադրություններ, որոնք դրսի աչքով նայելիս անընդունելի են: Նման բեմադրություններով չենք կարող երիտասարդ սերնդի ճաշակ ձևավորել, չենք կարող առաջ գնալ ու համաքայլ լինել եվրոպական օպերային թատրոնների հետ, բայց պետք է փորձենք: Մեր՝ նման քայլ անելու առաջին փորձը օպերային ստուդիայում «Օրփեոս և Էվրիդիկե» օպերային ներկայացումը բեմադրելն էր: Ցանկացա, որ Հայաստանում բարոկ օպերա բեմադրվի, ինչը երբեք չէր արվել: Այն մեր ժողովրդին պատերազմից հետո հանգստացնող, մի քիչ հանդարտեցնող երաժշտություն է: Ավարտը դրական է. սերը հաղթում է: Կարծում Էի, որ դա մի փոքր հույս կարթնացնի»,-նշում է ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ շատ մեծ ոգևորությամբ ու անվարձահատույց իրենց են միացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայից դիրիժոր Սուրեն Շահիջանյանը, ռեժիսոր Վռամ Կարապետյանը, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը: Ըստ Պապյանի՝ Հայաստանում ծնված, կրթություն ստացած, արտասահման մեկնած, այնտեղ ձևավորված ու մեծ հաջողությունների հասած արվեստագետներին պետք է ներգրավել տեղի մշակութային կյանքում, որպեսզի նրանք իրենց փորձը բերեն, փոխանցեն ու միջավայր ստեղծեն:

Պապյանը կարևորում է այն փաստը, որ օրեր առաջ ստուդիայում հնչեցրել են Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» վոկալ շարքը: Նրա խոսքով՝ եթե գերմանախոս որևէ երկրում կատարվում է այդ շարքը, դա երկրի համար իրադարձություն է դառնում, որովհետև այն հրաշալի է:

«Հաջորդ տարի Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնա» վոկալ շարքն ենք ներկայացնելու: Դաշնակահարը կժամանի Գերմանիայից: Դյուսելդորֆի հետ համատեղ կիսաբեմադրություն է լինելու: Էական է Հայաստանում այնպիսի գործեր հնչեցնելը, որոնք համարյա չեն կատարվել: Մենք պետք է բացվենք համաշխարհային մշակույթի համար: Չեմ ասում, որ փակ ենք, բայց իմ ճյուղը պետք է փորձեմ զարգացնել: Բեմ ենք բարձրացնելու Ռոսսինիի «Petite messe solennelle» ստեղծագործությունը: Այն Ռոսսինիի վերջին գործն է. բնագրով ենք մատուցելու: Նախատեսում ենք բեմադրել օպերաների օպերան՝ Մոցարտի «Դոն Ժուանը»: Անընդունելի է, որ մեր երկրում չլինի այն: Եթե երկու կազմ վերցնենք, 14 երիտասարդ կընդգրկվի, կերգի: Նրանք կունենան դերերգեր, բեմական փորձառություն, նվագախմբի հետ երգելու հնարավորություն»,-տեղեկացնում է Պապյանն ու հիշեցնում, որ հաջորդ տարի Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, 2023-ին՝ Վիլյամ Սարոյանի 115-ամյակը: Այդ կապակցությամբ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը պատրաստվում է Սարոյանի երեք նովելի հիման վրա օպերա գրել, որը կբեմադրվի օպերային ստուդիայում. մնում է միայն միջոցներ գտնել:

Ըստ Հասմիկ Պապյանի՝ մշակույթի համար խնայել պետք չէ: «Դա այն ոլորտն է, որտեղ պետք է առատաձեռն լինել՝ հասկանալով, որ այն մեր կյանքի ամենակարևոր մասն է: Այսօր ունենք հրաշալի երգիչներ, որոնք զարդարում են աշխարհի ամենամեծ բեմերը: Այդ տաղանդները հաջորդում են իրար: Մեկը մյուսից շնորհալի են, օժտված բնությունից: Այդ ծաղիկը պետք է ջրել, որպեսզի այն աճի, մեծանա ու զարդարի մեր կյանքը»,-նշում է երգչուհին ու շեշտում՝ օպերային ստուդիան պետք է ցատկահարթակ լինի երիտասարդ երգիչների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս