Գործարանը փակեցին մեր երկրի համար առաջին թշնամիները՝ բնապահպանները. պղնձաձուլարանի աշխատակից
«Էյ-Սի-ՓԻ» ընկերությունում մոտ երկու ամիս է՝ աղացագնդերի արտադրամասի վերակառուցման շինաշխատանքներ են ընթանում:
Աշխատակիցների փոխանցմամբ՝ սկզբից քանդել են հինը, որը պիտանի չէր, և լրիվ նորն են կառուցում: Կատարվում են բետոնային աշխատանքներ, պատրաստվում են վառարանների հիմքերը:
Աղացագնդերի արտադրամասը նախկինում ևս շահագործվել է, իսկ այժմ ամեն ինչ նորացվելու է և վերակառուցումից հետո, աշխատակիցների փոխանցմամբ, ավելի ժամանակակից սարքավորումներ կկիրառվեն, տնտեսապես ավելի շահութաբեր արտադրամաս կունենան:
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի խոսքով՝ 2.5 տարվա կտրվածքով կսկսի աշխատել երկրորդ ծրագիրը, որը նույնպես հաստատված է սնանկության դատարանի կողմից, դա զտված պղնձից լարեր և խողովակներ են արտադրելու:
«Շինարարական աշխատանքներ են ընթանում. հինը քանդում են, նորն են կառուցում, անգամ մարդիկ շաբաթ-կիրակի օրերին են աշխատում, որպեսզի կարողանան գործընթացն արագացնել: Նախկինում աղացագնդերի արտադրամասում 100-120 աշխատող կար, հիմա մասշտաբն ավելի մեծ է, հետևաբար՝ ավելի շատ աշխատող է լինելու: Գիտեք, չէ՞, գործարանը փակեցին մեր երկրի համար առաջին թշնամիները՝ բնապահպանները»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Սամվելը:
Էլեկտրաեռակցող Ռոման Չոբանյանն էլ նշեց, որ երբ արտադրամասը փակվել է՝ բոլոր աշխատողները շատ վատ վիճակում են հայտնվել՝ ոմանք մեկնել են Հայաստանից, ոմանք սկսել են այլ աշխատանքների անցնել տարբեր քաղաքներում, միայն մի մասն է կարողացել աշխատանք գտնել «Թեղուտում», հետևաբար, սա կնպաստի քաղաքի վերակենդանացմանը:
Մետալուրգ Գագիկ Շոլինյանը, ով երկար տարիներ աշխատել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում, ավելի վաղ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ այսկերպ 251-ամյա գործարանը կոչնչանա՝ տարածքում եղած հնարավոր ամեն ինչ վերածելով երկաթյա գնդերի:
«Խնդիրն այն է, որ կա գործարան՝ չաշխատող արտադրական շինություններով և ենթակառուցվածքներով: Տարածքում կա նաև որոշակի քանակի երկաթի ջարդոն: Պղնձաձուլարանի հետ կապված դատական գործընթացը դեռ վերջնական չի ավարտվել, բայց դրական միտումներից ելնելով՝ ցանկանում են երկաթե գնդերի արտադրությունը վերագործարկել (մոտ 30-40 աշխատատեղ)՝ օգտագործելով տարածքի երկաթի ջարդոնը: Ինձ թվում է, որ ջարդոնից հետո կանցնեն տարածքի պիտանի երկաթյա կոնստրուկցիաների դեմոնտաժին և հալմանը՝ դրսից հնարավորինս ուշ գնելով երկաթե ջարդոն: Խոստանում են գարնանը տարածքում զարգացնել հյուրանոցային բիզնեսը, բայց, քանի որ տարածքում արդեն կան բազմաթիվ հյուրատներ և փոքր հյուրանոցներ, նրա գործունեությունը արդեն գործող հյուրանոցային բիզնես ունեցողների համար կարող է կործանարար լինել: Խոստանում են մի քանի տարի անց ներկրել մաքուր պղինձ ու կազմակերպել հաղորդալարերի արտադրություն: Ինչևէ, եթե այս ամենն արվի, ապա կառաջանա մաքսիմում 100 աշխատատեղ: Սակայն, եթե եղածն ապամոնտաժի և օգտագործի երկաթե գնդերի արտադրությունում, ապա հետագայում պղնձաձուլական արտադրություն ստեղծելը գործարկողի համար բավականին կթանկանա»,- նշել էր մետալուրգը: