«Իրավաբան-գիտնականները «ՔՊ»-ի ներկայացուցիչներն են ԲԴԽ-ում». Ռուբեն Մելիքյան

«Դատավոր Նախշքարյանն այն ժամանակ, երբ դեռ էլեկտրոնային մակագրման համակարգն էր գործում, ստանում է այն գործը, որով անչափահաս Շուշան Փաշինյանը, ում օրինական ներկայացուցիչներն էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, դատի է տալիս Նարեկ Սամսոնյանին՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ խոսքը հանրահայտ «իկրայի գործի» մասին է: Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ կգ-ն 3000 դոլարով սև խավիար են գնում Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի համար:

Ըստ իրավապաշտպանի՝ սա շատ առանձնահատուկ դեպք է թե ՀՀ-ի, և թե մեզ հետ ազգակից իրավական այլ ընտանիքների համար. չի պատահում կամ գրեթե չի պատահում, որ հայցեր ներկայացնեն անչափահասները:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հայցը վարույթ ընդունվում է, մի քանի նիստ է նշանակվում, և մոտավորապես մի քանի ամիս հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքի փաստաբան Գևորգ Գյոզալյանը Զարուհի Նախշքարյանի դեմ բացարկ է ներկայացնում:

«Ընդ որում, բացարկի հիմքն այն էր, որ դրանից 1.5 տարի առաջ, երբ «վնգստացող դատավորներ» հայտնի խայտառակ արտահայտությունն էր կատարել Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Նախշքարյանն այն դատավորն էր, որ հրապարակավ իր քննադատական խոսքը արտահայտեց այդ արտահայտության վերաբերյալ: Խոսքը վերաբերում էր դատական իշխանությունը օրենսդիրի ու գործադիրի հարձակումներից պաշտպանելուն: Դատավորները միանշանակ ունեն խոսքի ազատության սահմանափակումներ, բայց եթե խոսքը վերաբերում է դատական իշխանությանը, այն կա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նկատել, որ իր այդ արտահայտությունների համար դատավոր Նախշքարյանը պատասխանատվության չի կանչվել:

Ըստ ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի ներկայացուցչի՝ դատավորը մերժում է բացարկի այս միջնորդությունը՝ նաև հաշվի առնելով ԲԴԽ-ի նախադեպային կարևոր դիրքորոշումը, ըստ որի՝ դատավորներն անհարկի չեն կարող հրաժարվել դատական այս կամ այն գործի վարույթից:

«Բացարկի մերժումից հետո քննությունը շարունակվում է, դատավորը կայացնում է վճիռ՝ մերժել հայցը: Դրանից հետո Գևորգ Գյոզալյանը հուլիս ամսին ստորագրում է մի շատ տարօրինակ փաստաթուղթ և ուղարկում Արդարադատության նախարարություն (ԱՆ): Այսինքն՝ եթե վճիռը լիներ Շուշան Փաշինյանի օգտին, արդյո՞ք կլիներ այս դիմումը: Կարծում եմ, պատասխանը միանշանակ է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Պարզվում է՝ Գևորգ Գյոզալյանը լիազորված չի եղել Շուշան Փաշինյանին ներկայացնել ԱՆ-ում: Վերջինիս լիազորագրի մեջ գրված է եղել, որ նա կարող է Նիկոլ Փաշինյանի դստերը ներկայացնել դատարաններում, բայց ոչ մի կերպ՝ Արդարադատության նախարարությունում: Այսինքն՝ այս գործով ի սկզբանե ԱՆ-ն վարույթ սկսել է օրենքի կոպիտ խախտմամբ:

«Մենք այս հարցը բարձրացրեցինք ԲԴԽ-ում: Դրա վերաբերյալ որոշակի նկատառումներ կատարեց դատավոր անդամներից Ստեփան Միքայելյանը, պնդումներ ներկայացրեց իրավաբան գիտնականներից Վիգեն Քոչարյանը, ով ամեն կերպ փորձում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է: Եվ հանկարծ հաջորդ նիստին ԱՆ-ն ինքնաբացարկ է հայտնում նրան: Սա նշանակում է, որ Ստեփան Միքայելյանն ինքն պետք է որոշեր՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ այդ վարույթին, սակայն դատավորը ցանկություն չի հայտնում չմասնակցել վարույթին, ու ԲԴԽ-ն նրան հեռացնում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, սակայն, որ երբ իրենք են նույն կարգի միջնորդությամբ հանդես եկել Վիգեն Քոչարյանի առնչությամբ, ԲԴԽ-ն չի միջամտել, ու վերջինս շարունակել է վարույթին մասնակցել բացարձակապես նույն իրավիճակում:

Ըստ իրավապաշտպանի՝ ԲԴԽ-ն այս առնչությամբ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Վերջինս վստահ է՝ խնդիր կա ամեն կերպ Զարուհի Նախշքարյանին զրկել դատավորի լիազորություններից, և դրա մասին են խոսում հենց իրար հետևից հարուցված 3 կարգապահական վարույթները դատավորի նկատմամբ:

«Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը ԱՆ-ում իր վերջին աշխատանքային օրով 2 կարգապահական վարույթ է ստորագրում Զարուհի Նախշքարյանի նկատմամբ: Հետագայում դրան ավելացավ նաև 3-րդը, որովհետև կանոնն այն է, որ դատավորին իր լիազորություններից կարող են զրկել, եթե նա ունի 3 նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն, հետո՝ նկատողություն: Երեկ տվեցին խիստ նկատողություն, և ևս մեկ նկատողություն, ու Զարուհի Նախշքարյանին լիազորություններից կզրկեն: Դամոկլյան սուրը կախվեց դատավորի գլխին: Սա դասագրքային օրինակն է այն բանի, որ այս կերպ կանոն է սահմանվում՝ չփորձեք առնվազն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի գործով կայացնել մեզ ոչ հաճո որոշում: ԲԴԽ որոշումն այդ ուղերձն ուներ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն հայտարարելու որոշումը կայացվել է բոլոր 5 իրավաբան-գիտնականների ձայներով, իսկ կազմի մյուս 3 դատավորները վերապահում են ունեցել:

«Սերգեյ Չիչոյանը դեմ է եղել, դատավոր Անի Մխիթարյանը ոչ միայն դեմ է քվեարկել, այլև հատուկ կարծիք է ներկայացրել՝ պատճառաբանության հետ կապված: Կողմ է քվեարկել դատավոր Մեսրոպ Մակյանը, բայց հատուկ կարծիք է ներկայացրել եզրափակիչ մասի վերաբերյալ: Ենթադրաբար խոսքը վերաբերում է «խիստ նկատողություն» կարգապահական միջոցի կիրառմանը»,- ասաց ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ փաստացի այս որոշումը միանշանակ են ընկալել միայն իրավաբան-գիտնականները:

«Այդ մարդիկ՝ իրավաբան գիտնականները, բոլոն էլ ֆորմալ առումով «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն են ԲԴԽ-ում, որովհետև նրանք առաջադրվել ու ընտրվել են բացառապես այդ կուսակցության կողմից: Նրանք իրականացնում են բացառապես «դատական թիկնապահի» գործառույթ այդ քաղաքական ուժի, մասնավորապես՝ նրա ղեկավարի համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս