Հիշեցում-հորդոր պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ սահմանին կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ հարցին, նշել է.

«Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար»:

Գեղամ Մանուկյանը Արման Սարգսյանին նաև հիշեցրել էր, որ մայիսի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

Պաշտպանության փոխնախարարի խոսքով, «դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականնների այդ պահի թելադրանքով իրականացրած գործողություններ են եղել»։

Այն, որ մասնավորապես, Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման օրոք հայկական բանակի զինծառայողները հաճախ էին ձեռնամարտի բռնվում, դա փաստ է, այլ հարց է՝ որքանով են դրանք եղել իրավիճակից բխող, այսպես ասած:

Մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը, պատասխանելով հարցին, թե քաղաքական ղեկավարության կողմից հրաման կա՞ չկրակելու, պատասխանել էր.

«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, ոչ թե քաղաքական: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները կիրառելու, մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ, զենք և կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ: Համոզված եղեք, որ զինված ուժերը պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարել»:

Նշենք, որ այդ օրը՝ մայիսի 27-ին, ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, որոնցից դեռ չվերադարձված կա մինչ այսօր:

Ինչ վերաբերում է համապատասխան պայմաններին, ապա հետագա զարգացումները ցույց տվեցին, որ սրանից հետո թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում տարածքային նոր հաջողություններ ունեցավ՝ ըստ Նիկոլ Փաշինյանին, իրենց վերահսկողության տակ վերցնելով մինչև 45 քառակուսի կմ:

Վերադառնալով կրակելու հրաման տալ-չտալուն, ապա գեներալ Ասրյանի ասուլիսից մեկ օր առաջ՝ մայիսի 26-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, ըստ էության, խոստովանել էր, որ չկրակելու հրաման տրվել է:

«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակն ուժային որևէ գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին, հենց ՀԱՊԿ-ն ու անդամ գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը»,- նշել էր Փաշինյանը:

Այնպես որ, լավ կլիներ, որ պաշտպանության փոխնախարարը ծանոթանար այս հայտարարությանը, ինչո՞ւ չէ՝ նաև Նիկոլ Փաշինյանը, որը նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել էր. «Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

168.am-ը Նիկոլ Փաշինյանի այս բառախաղին մանրամասն անդրադարձել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՊՆ կոլեգիայի նիստում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կրակելու հրաման էր տվել։ Թե որքանով է այն կատարվել կամ առհասարակ չի կատարվել, և ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանը և երկրի ռազմական ղեկավարությունը պետք է հստակ պատասխանեն, այլապես այսօր դեռ շարունակվում են պահի թելադրանքով, բայց հակասական հայտարարությունները, երբեմն՝ մանիպուլյացիոն:

Տեսանյութեր

Լրահոս