Բաժիններ՝

Արգելված չէ լրագրողին լուսաբանել դպրոցի տնօրենի ընտրության բոլոր փակ քվեարկությունները. թիվ 83 դպրոցի տնօրենը կամայական է խոչընդոտել 168.am-ի լրագրողի աշխատանքը

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։ Այդ օրը ծնողական և մանկավարժական խորհուրդները լսեցին տնօրենի հավակնորդների ներկայացրած ծրագրերը դպրոցի զարգացման վերաբերյալ, որին հաջորդեց փակ քվեարկությունը։ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 161-Ն որոշման համաձայն՝ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթին՝ նախապես հավատարմագրվելու դեպքում:

168.am-ը, ինչպես հարկն է, ըստ կարգի՝ պատշաճ ժամկետում դպրոցի խորհրդի նախագահ Արշալույս Արևշատյանին ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, և որոշման մեջ ամրագրված պահանջով 20 րոպե շուտ ներկայացել էր դպրոց (մոտ 1 ժամ առաջ լրագրողը եղել է դպրոցում) նոյեմբերի 24-ին, երբ դպրոցում ծնողական, ապա մանկավարժական խորհուրդները լսում էին տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը, ապա փակ քվեարկությամբ տնօրեն էին ընտրում: Դպրոցի գործող տնօրեն Մանվել Պապոյանը թույլ չտվեց լրագրողին ներկա գտնվել խորհուրդների նիստերին և փակ քվեարկություններին, փաստացի խոչընդոտելով լրագրողին իրականացնել մասնագիտական գործունեությունը:

Տնօրենը հիմնավորեց, թե կառավարության համապատասխան որոշման մեջ կետ չկա, ըստ որի՝ լրատվամիջոցը կարող է ներկա գտնվել խորհուրդների նիստերին և դրանց հաջորդող փակ քվեարկություններին։

168.am-ն անմիջապես կապ էր հաստատել ԿԳՄՍ նախարարության համապատասխան վարչության հետ: Լրագրողի հարցին ի պատասխան՝ պարզաբանել էին, թե օրենքում հստակ կետ չկա, որ լրագրողը կարող է մասնակցել մանկավարժական և ծնողական խորհուրդների նիստերին, ապա նաև փակ քվեարկություններին, որևէ կետ չկա նաև, որն արգելի լրատվամիջոցին լուսաբանել այս ընտրության գործընթացը։

168.am-ը հարցի պատասխանը փորձել էր ստանալ նաև ոստիկանության լրատվական ծառայությունից, քանի որ դպրոցում այդ պահին ոստիկանության աշխատակիցներ կային, և հենց նրանք էլ թույլ չէին տվել լրագրողին մասնակցել 2 խորհուրդի նիստերին։ Ոստիկանության տվյալ աշխատակիցներն արգելելու հանգամանքը բացատրել էին նրանով, որ տնօրենն իրենց հստակ ցանկ է տրամադրել, և այդ ցանկում որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի անուն չի եղել։

Տեղեկացնենք, որ դպրոցի գործող տնօրեն Մանվել Պապոյանին հարցրել էինք, թե ինչի՞ համար են դպրոցում ոստիկանության աշխատակիցներ հրավիրել, ինչին պատասխանել էր, թե ընտրության հետ որևէ առնչություն չունեն, նրանք պարզապես անչափահասների հարցերով են գտնվում դպրոցում: Սակայն հետո մենք պարզեցինք ոստիկանության լրատվական ծառայությունից, որ հենց դպրոցի տնօրենն էր դիմել ոստիկանություն, որպեսզի այդ օրը դպրոցում ոստիկաններ լինեն։ Գուցե հենց լրագրողների մուտքն արգելելու համար։

Երբ 168.am-ի լրագրողը ծագած խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել էր նախարարություն, նրան վստահեցրել էին, թե Կառավարության որոշման մեջ ամրագրված լրագրողի գործունեությունը չարգելող դրույթի մասին կտեղեկացնեն նաև թիվ 83 ավագ դպրոցի տնօրենին: Սակայն, ինչպես հետո մեր լրացուցիչ զանգին ի պատասխան փոխանցեցին նախարարությունից, տնօրեն Մանվել Պապոյանը չէր պատասխանել իրենց հեռախոսազանգերին: Ծնողական խորհրդի նիստից և փակ քվեարկության ավարտից հետո, կարճատև ընդմիջման ընթացքում լրագրողի դիտարկմանը, թե տնօրենը խոչընդոտում է իր աշխատանքը, որ նախարարությունից ստացել է պարզաբանում, որ որշման մեջ ընտրությունների ընթացքը լուսաբանելու արգելք չկա, տնօրենը շարունակեց պնդել, որ Կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման մեջ է ամրագրված իր մատնանշած դրույթը:

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում տեղի ունեցած միջադեպի՝ գործող տնօրեն Մանվել Պապոյանի առերևույթ կամայական որոշման, լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելու և ընդհանրապես ծագած խնդրի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու նպատակով 168.am-ը զրուցել է փաստաբան Նարեկ Ալոյանի հետ։ Փաստաբանի հիմնավորմամբ՝ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված է օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ պետական և ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։

«Տվյալ դեպքում, երբ դպրոցի տնօրենը խոչընդոտում է լրատվամիջոցի աշխատանքը, իսկ խոչընդոտելը դրսևորվում է նրանում, որ լրատվամիջոցի ներկայացուցչին, ընդ որում, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով գրանցված լրատվամիջոցի ներկայացուցչին թույլ չի տալիս մասնակցել տնօրենի ընտրության ընթացակարգին, տվյալ դեպքում պետք է ներկայացնի հստակ իրավական հիմք, այսինքն՝ լրատվամիջոցի ներկայությունը տնօրենի մրցույթի որևէ «փուլին» բացառող որոշում։ Կառավարության որոշման մեջ նման բան սահմանված չէ, հետևաբար՝ տնօրենի գործողություններն առնվազն օրինականության սկզբունքին չեն համապատասխանում․․․

Փաստացի ստացվում է՝ Կառավարության որոշումն ասում է՝ լրատվամիջոցը կարող է լուսաբանել, եթե պետական պաշտոնյան ասում է՝ չէ, չի կարող, ինքն այդ չի կարողը սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով պետք է հիմնավորի կոնկրետ նորմով, ասի՝ չի կարող, որովհետև այս նորմը սահմանափակում է նախատեսում, բայց այդ նորմը տնօրենը չի վկայակոչում, իսկ 319-Ն որոշումը, որին նա հղում է անում, այդ որոշումը նոր որոշմամբ վերախմբագրվել է, այսինքն՝ չի գործում ըստ էության․․․»,- մանրամասնեց փաստաբան Նարեկ Ալոյանը։

Փաստացի ստացվում է, որ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը միանձնյա, առանց խորհուրդների անդամների հետ քննարկելու որոշել է արգելել լրատվամիջոցին լուսաբանել տնօրենի ընտրության ընթացքը՝ խորհուրդների նիստերը և քվերակությունները, ինչը անկախ դիտորդներին հիմք է տալիս պնդելու, որ Կառավարության որոշման խախտմամբ նախապես հավատարմագրված լրագրողի աշխատանքը խոչընդոտելն արդեն խախտում է, ինչը հիմք է տալիս ասելու, որ ընտրությունները խախտումներով են անցկացվել։

Ի դեպ, 168.am-ն այս ուսումնական տարվա ընթացքում տարբեր դպրոցներում է լուսաբանել և դեռ լուսաբանելու է տնօրենների մրցույթներ, սակայն որևէ դպրոցում նման արգելք չի եղել։ Ավելին՝ եղել են դեպքեր, երբ մանկավարժական կամ ծնողական խորհուրդների հետ թեկնածուների հանդիպմանը հաջորդած փակ քվեարկության ժամանակ լրատվամիջոցը խախտում է արձանագրել՝ բաց քվեարկություն է անցկացվել, ինչից հետո նոր մրցույթ է հայտարարվել։ Նկատենք, որ հիմնական խախտումները տեղի են ունենում հենց այս փակ քվեարկությունների ժամանկ, քանի որ որևէ վերահսկողություն չկա։ Շատ են ահազանգում, որ փակ քվեարկության ժամանակ խորհուրդների անդամներին պարտադրում և վախեցնում են, որ քվեարկեն X թեկնածուի օգտին, իսկ դա վերահսկելու համար գործի են դնում գրիչների գույները, քվեաթերթիկի վրա բացի V նշանից՝ այլ կետեր, գծեր անելը, քվեախցիկում քվեաթերթիկը լուսանկարելը և այլն։

Հիշեցնենք, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 161-Ն որոշման համաձայն՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: Կառավարության նոր որոշման համաձայն՝ դպրոցի տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչնրը՝

«45. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):

46. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության կամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին 3 տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար՝ լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:

47. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

48. Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):

49. Խորհրդի նախագահը սույն կարգի 46-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին՝ դրա մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 45-րդ կետում նշված պահանջին: Արտակարգ դրության պայմաններում խորհուրդը կարող է սահմանափակել դիտորդների թիվը՝ թույլատրելով գրանցվել և ներկա գտնվել մրցույթին առավելագույնը երեք դիտորդի՝ նախապատվություն տալով առաջին երեք դիմողին»:

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում դեկտեմբերի 2-ին նշանակված է տնօրենի ընտրության վերջին փուլը՝ արդեն կառավարման խորհրդի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ էլ ըստ կարգի որոշվելու է հաղթողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս