Ի՞նչ խնդիր լուծեց Մոսկվան Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ
Շուրջ 10 ամսվա դադարից հետո նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան երկրորդ բանակցությունները, որի արդյունքներով հայտարարություն տարածվեց:
Ամենաուշագրավ պայմանավորվածությունը և պաշտոնական նորությունը պայմանավորվածությունն է՝ ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ՝ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Այլ աննախադեպ նորություններ այս հանդիպումը չէր պարունակում, և մի շարք հարցերի պատասխաններ դեռ օդից կախված իրավիճակում են:
Մասնավորապես խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է. հայկական կողմը պաշտոնապես մի քանի անգամ նշել է, որ միջանցք չի քննարկվում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս նման պնդում է արել, սակայն որոշ պաշտոնական, այդ թվում՝ ռուսական անդրադարձներում տարածաշրջանային կոմունիկացիայի դեպքում կիրառվում է նաև «միջանցք» տերմինաբանությունը:
Ավելին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ «Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- ասել է նա:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածների ընդլայնման կարևորությունը՝ հայտարարելով, թե հաջողությամբ շարունակվում է ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնունդը։ «Այս առումով Թուրքիայի առաջնորդությամբ կյանքի կոչված Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն այս ուղղությամբ մեր ջանքերի լավագույն դրսևորումն է, մեր երկիրը տարածաշրջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի կարևորությունը ևս ակներև է»,- ասել է Էրդողանը:
Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիի բանակցություններից հետո ևս շարունակում են շրջանառել միջանցքի գաղափարը, ինչը ևս ուշագրավ նյուանս է եռակողմ բանակցություններին հաջորդող փուլի դեպքում:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Սոչիում ՌԴ-ն փորձեց վերահաստատել իր բացառիկ միջնորդական դերակատարությունը, խաղաղապահ առաքելությունն Արցախում և դրա կարևորությունը, սակայն նաև ողջունեց դեկտեմբերի 15-ին ԵՄ ԱլԳ 6-րդ գագաթնաժողովի շրջանակում եվրոպական միջնորդությամբ կազմակերպվելիք բարձր մակարդակի հանդիպումը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում պարզաբանելով հարցը, թե ինչ տվեց Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, և ինչ սպասել Բրյուսելում սպասվող բարձրաստիճան բանակցություններից, վրացի տարածաշրջանային հարցերում մասնագիտացած վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ևս կարծիք հայտնեց, որ հանդիպման մեխը դելիմիտացիա-դեմարկացիա սկսելու շուրջ պայմանավորվածությունն էր, իսկ մնացած հարցերն ընթացիկ բնույթ են կրում և բանակցման փուլում են:
Գոգոլաշվիլիի խոսքով, սահմանազատումը բավականին երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Նրա կարծիքով, ավելի բովանդակային ու բաց են քննարկումների խորհրդապահական հատվածները, որոնց ընթացքում, պարզ է, որ ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել:
«Հաղորդվեց, որ հանդիպումը տևել է 3 ժամ, նման ժամանակահատվածը ցուցիչ է, որ ընթացել են բանակցություններ, վստահաբար, տեղեկատվության մեծ մասը մնում է դռների ետևում: Այս հանդիպումից ակնկալվում էր սահմանազատման հարցում առաջընթացը, սակայն այլ ակնկալիքներ ևս կային, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ուղղությամբ, սակայն այստեղ վերջնական պայմանավորվածություններ կարծես թե չկան, և այդ մասով որևէ նորություն չհանրայնացվեց, ու հայտարարությունում պարզապես անդրադարձ էր կատարվել գլխավոր թեմաներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մոտիվներով:
Կարծում եմ՝ այս փուլում հանդիպման բովանդակությունը ռուսական կողմի համար այդքան կարևոր չէր, կարևորն այն էր, որ այս հանդիպումը տեղի ունեցավ եվրոպական կողմի կազմակերպած հանդիպումից առաջ և, համաձայնեցնելով նաև դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցը, ՌԴ-ն այդ հարցի համակարգումը ևս ստանձնեց, թեև ԵՄ-ն մայիսի 12-ից հետո ակտիվորեն խոսել է այդ հարցում մասնակցություն ունենալու մասին:
Վերջին եռակողմ հայտարարությունը սահմանների վերաբերյալ արդեն սահմանափակում է որևէ այլ երկրի ու կենտրոնի մասնակցություն բանակցային գործընթացին: Կարծում եմ՝ սա պատահական չէր Բրյուսելում կայանալիք բանակցություններից առաջ, և Մոսկվան փորձում է հստակ կերպով ուղղորդել այն օրակարգը, որը կարող է լինել Բրյուսելում՝ դրանով իսկ կանխատեսելի դարձնելով ազդեցությունը: Կարծում եմ՝ Բրյուսելում դա հասկանում են և ցանկանում են մասնակցել հենց քաղաքական բնույթի հարցերի բանակցմանը»,- ասաց վերլուծաբանը:
Նա այն կարծիքին է, որ աշխարհաքաղաքական ներկայիս փուլում Բրյուսելի մասնակցությունը և ընդհանուր առմամբ պատասխանատվության մասնակի տեղաբաշխումը ձեռնտու է բոլոր խաղացողներին:
Սոչիի հանդիպումից հետո ի՞նչ սպասել Բրյուսելում սպասվող բանակցություններից՝ հարցին, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը պատասխանեց, թե դժվար է հիշել՝ երբ է վերջին անգամ Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում եղել, ինչը ցուցիչ է նրա, որ Արևմուտքը չունի բարձրաստիճան ներգրավում Հարավային Կովկասում, սակայն ձգտում է մի փոքր փոխել իր դիրքավորումը, ավելացնել իր ազդեցության քաղաքական բաղադրիչը:
«Բրյուսելի հանդիպումը նախատեսված է, որպեսզի նպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի վերականգնմանը: Մեծ դժվարությամբ հաջողվել է նախարարական հանդիպումներ կազմակերպել, սակայն համանախագահները հայտնվել են անգործ իրավիճակում, նույնիսկ աշխատելու դեպքում՝ չունեն օրակարգ, քանի որ բոլոր հարցերով զբաղվում է Ռուսաստանը: Այսինքն՝ այստեղ կա մրցակցություն քաղաքական հարցերի քննարկման համար, ուստի մնում է, որ զբաղվեն հումանիտար հարցերով, սակայն դա չէ ակնհայտորեն Բրյուսելի նպատակը»,- ասաց Ռարը: