Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը
Մարդկային գործունեության ցանկացած տեսակ, բայց քաղաքականությունը՝ առաջին հերթին, առաջնահերթությունների ու գերակայությունների ընտրության զբաղմունք է։ Ինչպես քաղաքականության մեջ ընդհանրապես, այնպես էլ ու առաջին հերթին՝ պետական պաշտոնյաների դեպքում՝ մասնավորապես, կենսականորեն կարևոր է, թե ինչն է այս կամ այն սուբյեկտն իր համար համարում որպես գերակա ու առաջնահերթ։ Դա տարբերակելը անհրաժեշտ է՝ գնահատելու համար, թե ինչ հանգամանքներում են ձևավորվում այս կամ պաշտոնյայի՝ այս կամ այն քայլին դրդող մոտիվները։
Դա կարևոր է առաջին հերթին հասարակության համար՝ որևէ պաշտոնյայի, ընդհանուր առմամբ՝ իշխանության գործունեությունը գնահատելու տեսանկյունից։ Ահա այս հարթությունում կենսական, ընդհուպ ազգային անվտանգության կարևորության նշանակություն ունի հարցի պատասխանը՝ ի՞նչն է Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթ ու գերակա՝ սեփական իշխանության պահպանո՞ւմը, թե՞ Հայաստանի պետական ու ազգային շահերը։
Հարցն առաջին հերթին պարզունակ է թվում, բայց այդպիսին չէ իրականում, որովհետև միայն դրա ստույգ ու անկեղծիք պատասխանի դեպքում է հնարավոր հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը գործում է առաջին հերթին իր իշխանությա՞ն, թե՞ պետության շահերից ելնելով։ Այդ հարցին պատասխանել հնարավոր է միայն ենթահարցերի պատասխանները գտնելու միջոցով։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարվել իշխանությունից, եթե դրա արդյունքում հնարավոր լինի վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի 41 քառակուսի կիլոմետրից գոնե մեկ կիլոմետրը։
Կամ, պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը բաժանվել իշխանությունից, եթե դրա արդյունքում հնարավոր լինի վերադարձնել, ասենք, Խնածախ գյուղը։
Իսկ կթողնի՞ արդյոք նա իշխանությունը, եթե վստահ լինի, որ դրա շնորհիվ Հայաստան կվերադարձվի մեկ, ընդամենը մեկ հայ ռազմագերի։
Սրանք հռետորական հարցեր չեն, սրանք շատ կոնկրետ, կշռելի ու չափելի հարցեր են։ Իսկ դրանց բոլորի պատասխանները բացասական են, քանի որ անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ հանուն իշխանության պահպանման պատրաստ է հայկական զինուժը զբաղեցրած դիրքերից հետ քաշելու հրաման տալ, որ չի պատրաստվում պատերազմ սկսել հանուն Սև լճի, որ գերիները կարող են մեկ-երկու ամիս սպասել՝ մինչև ինքը հաղթի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, և այլն։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ավելի քան պարզորոշ կերպով ցույց է տվել, որ իր համար սեփական իշխանությունը բազմապատիկ ավելի կարևոր է, քան ՀՀ ինքնիշխան տարածքի թեկուզ 1 քառակուսի մետրը, քան ՀՀ առանձին վերցրած քաղաքացու ազատությունն ու կյանքը, քան Արցախի ու Հայաստանի ապագան՝ ընդհանուր առմամբ։
Եվ ամենակարևորը՝ գիտակցված կամ ոչ, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր համար իշխանություն պահպանելը հավասար է լինելիության հարցի։ Ընդամենը վերջերս իր կուսակցական հավաքներից մեկում նա արդեն հետահայաց խոսել է խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանի մասին՝ ասելով, որ փողոցներում իր ու իր ընտանիքի գնդակահարության տեսարաններ էին բեմադրվում, և եթե իրենք չհաղթեին ընտրություններում, հենց այդպիսի ապագայի կարժանանային։
Դա, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում նրա, նրա ընտանիքի որևէ անդամի հասցեին նաև ընդդիմության շրջանակներից հնչած բռնության որևէ կոչ, և գուցե մարդկայնորեն Նիկոլ Փաշինյանին կարելի է հասկանալ։ Բայց այդ հասկացումն իր հերթին որևէ կերպ չի կարող արդարացնել իշխանության նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը, որով նա իշխանությունը վեր է դասում ամեն ինչից՝ մարդուց, քաղաքացուց, Հայաստանի անվտանգությունից և ինքնիշխանությունից։
Վերադառնալով առաջնահերթությունների ու գերակայությունների մասին հարցադրմանը, այսպիսով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը բոլոր առաջնահերթություններից ամենաառաջնահերթը և բոլոր գերակայություններից ամենագերական է, ինչը նշանակում է, որ դա պահպանելու համար նա պատրաստ է զոհաբերել պակաս առաջնահերթ համարվող ամեն ինչ։
Սա նաև այն հարցի պատասխանն է, թե ինչպես է պետությանն ու հասարակությանը այսքան աղետներ պատճառելուց հետո Նիկոլ Փաշինյանը պահպանում իշխանությունը՝ դա նրա կողմից պահպանության ենթակա ամենակարևոր ու գուցե միակ սուբստանցիան է, ինչի պահպանությունն իրականացվում է Հայաստանի շահերի, ՀՀ քաղաքացիների անվտանգության ու, ցավոք, նաև կյանքի հաշվին։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոչ թե պետության անվտանգության ու ինքնիշխանության երաշխավորն է, ինչպես գրված է Սահմանադրությունում, այլ թիվ մեկ սպառնալիքը, ինչպես ցույց է տալիս կյանքը։
Հարություն Ավետիսյան