«Եթե իշխանության գան ազգային ուժեր, այդ դեպքում նույնիսկ ամենաանհնարինը կդառնա հնարավոր». Շուշեցի պատմաբան

Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանի խոսքով՝ լավ կլինի, որ անձամբ Փաշինյանը բացատրի, թե ի՞նչ է նշանակում իր այն հայտարարությունը, որ չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում, և ավելի լավ կլինի, որ անձամբ մանրամասնի, թե իր համար այդ լուծումը ո՞րն է։

«Ղարաբաղի հարցի պատմությունը պետք է սկսել 1918 թվականից, որովհետև այդ խնդիրը գոյություն ունի այդ ժամանակից։ Բաթումի պայմանագրով թուրքերը Հայաստանի վզին փաթաթեցին, այսպես կոչված, «ղարաբաղյան հիմնախնդիր»։ Այնուհետև, երբ իշխանության եկան բոլշևիկները, արդեն սկսեցին շրջանառել՝ Ղարաբաղը Ադրբեջանի՞ն է մնալու, թե՞ Հայաստանին։ Երբ Ադրբեջանը զգաց, որ Լենինը կարող է Արցախը տալ Հայաստանին, բոլորի համար աննկատելի խայծ նետեցին հրապարակ՝ խոսեցին Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի մասին։ Դե, մեր դիվանագետներն էլ այդ խայծը կուլ տվեցին։ Իրենք համարեցին, որ Դաշտային Ղարաբաղն ադրբեջանաբնակ է, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ հայաբնակ, դրա համար որոշեցին Դաշտայինը տան Ադրբեջանին, Լեռնայինը՝ Հայաստանին։

Մեր դիվանագետները քնեցին, ուրախ-ուրախ իրար պռոշտի էին անում, ասում էին՝ ըհը, վերջ, մեր հարցը լուծված է։ Նրանք չհասկացան, որ այդ ամենով քնեցրին մեր զգոնությունը, և այդ ամենից հետո էլ արդեն հայտնի է, թե ինչ եղավ Արցախի հետ»,- 168.amի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։

Ըստ պատմաբանի, այս ամենի արդյունքում Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում, որի պատճառը եղել է Բաթումի հաշտության պայմանագիրը։

Շարունակելով՝ նա նշեց, որ ըստ երևույթին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը և  նրա կողմնակիցները գնում էին Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելուն, Թուրքիան նրանց առջև կրկին դնում է Բաթումի պայմանագիրը, որը նշանակում է՝  ոչ միայն Ղարաբաղի հարց, այլև՝ Հայաստանի հարց, այսինքն՝ 12 քմ տարածք։

«Այսօր մարդիկ չեն գիտակցում, որ իրենց իրականացրած քայլերի վերջը սա է։ Դրա համար էլ ինչ-որ բաներ են ասում, թե՝ տեսեք, միջազգային հանրությունն է որոշողը, և ժողովրդին բերում-կանգնեցնում են այնպիսի փաստի առաջ, որ չիմանան, թե ինչ անեն։ Եթե նույնիսկ միջազգային հանրությունն անբարենպաստ որոշում ընդունի մեզ համար, մենք ունենք Գարեգին Նժդեհի փորձը։ Ժողովրդին մոբիլիզացնելու, կազմակերպելու խնդիր կա։

Պետք է ժողովրդին հասկացնել, որ այսքան ժամանակ մեր դիվանագիտությունը ոչնչով չի զբաղվել, և այժմ այդ հարցը պետք է լուծվի զենքի ուժով։ Իմ մոտեցումը սա է, մշտապես Արցախի հարցի և առհասարակ մեր հարցերի լուծումը՝ սկսած Հայոց ցեղասպանությունից, միշտ տեսել եմ իրական ուժով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Պատմաբանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Շուշիի ժամանակավոր օկուպացիային, հիշեցրեց, որ դեռևս 19-րդ դարում Օտտոն գրել է, որ Շուշին պաշտպանելու համար բավական է ունենալ 200 զինվոր և մեկ  թնդանոթ, այդ դեպքում  ոչ մի թշնամի չի կարողանալու մտնել Շուշի։

«Եթե զինվորական տեսանկյունից մոտենանք հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին այդպես կարողացավ գրավել Շուշին, ապա ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ սա ռազմական դատարանի խնդիր է։ Թող ռազմական դատարանը քննի, որոշում կայացնի ու հայտարարություն անի, դրանից հետո մենք էլ մեր կարծիքը կասենք։

Ըստ իս, գոնե ամենաքիչը մեկ ամիս հնարավոր էր դիմագրավել Շուշիի մոտակայքի մարտերը, թե ինչու չդիմագրվեցին, նորից եմ ասում՝ ռազմական դատարանի խնդիր է»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ժողովրդին մոբիլիզացնելուն և այդ գործընթացում ՀՀ ներկայիս իշխանությունների մոտեցումներին, Ա. Հարությունյանն ընդգծեց, որ եթե իշխանությունը որդեգրել է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու օրակարգ, ապա նրանցից պետք չէ սպասել, որ կմոբիլիզացնեն ժողովրդին։

«Իշխանություններից նման բան սպասելը երևի ֆանտաստիկայի ժանրից է։ Այսինքն՝ իշխանությունն այդ օրակարգից պետք է հրաժարվի, հիմք ընդունելով Սահմանադրության կետերը, որ ցանկացած կառավարության խնդիրն է՝ պաշտպանել իր պետության սահմանները և դրանք պահել անձեռնմխելի։ Եթե կառավարությունը չի կատարում սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը, ապա պետք է հրաժարական ներկայացնի, և եթե իշխանության գան ազգային ուժեր, այդ դեպքում նույնիսկ ամենաանհնարինը կդառնա հնարավոր, ես այլ բան չգիտեմ»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սյունիքում ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի անելիքներին և «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ նկատելով, որ թեև հայտարարել են «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, միաժամանակ ասել են, որ այդ դարաշրջան բացելը հեշտ չի լինելու:

«Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ «խաղաղ դարաշրջան» բացելը, ցավոք, միայն մեզանից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է՝ ապացուցել առաջին հերթին մեր հանրությանը, դրսից ապացուցել հանրությանը, որ «խաղաղ դարաշրջանը» հնարավոր չէ:  Այդ ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք դա ընդունել ենք՝ որպես ռազմավարություն, մենք պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից:

Գիտեք, ԼՂՀ բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Եվ արդյունքում ստացվել է էնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել է լսելի չլինել միջազգային հանրության կողմից: Եվ ես սրա մասին խոսել եմ 2018 կամ 2019 թվականին ԱԳՆ-ում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ: Ես ասել եմ, որ իմ տպավորությունն այն է, որ մեր ասելիքը միջազգային հարթակներում կորսված է։ Մենք ունեցել ենք ձևակերպում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում, մենք բոլորս նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար: Բայց մենք մի բան հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, միջազգային հանրությանը Ղարաբաղի հարցի լուծումն է հետաքրքրում: Մենք պետք է գնանք լուծումների, հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա՛մ լուծում, կա՛մ չլուծում, սա է մեր ընտրությունը, սա ուղղակի մենք պետք է հասկանանք»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս