Սյունիքի դպրոցների միավորման մասին
Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց այն մասին, որ Կապանի շրջանի մի շարք գյուղերի դպրոցներ միավորվելու են։ Այդ նպատակով կառուցվելու են նոր դպրոցներ, մի մասն էլ վերանորոգվելու է։ Ասֆալտապատվելու են միջհամայնքային ճանապարհները, գործելու են ավտոբուսներ, որոնք երեխաներին տեղափոխելու են հարակից գյուղերի դպրոցներ։
Նմանատիպ ծրագիր Հայաստանում քննարկվում է սկսած 1998թ.-ից։ Դեռևս այդ ժամանակ առաջարկվում էր իրականացնել գյուղական դպրոցների օպտիմալացում։ Միավորել փոքր դպրոցները, խնայել գումար և երեխաներին ավտոբուսով տեղափոխել հարակից գյուղեր։ Երկար քննարկումներից հետո այդ ծրագիրը մերժվեց, քանի որ կառավարությունը կարծում էր, որ այդ դեպքում փոքր գյուղերն ընդհանրապես կդատարկվեն։ Եթե տվյալ գյուղում դպրոց չլինի, մարդիկ կտեղափոխվեն այլ համայնքներ։ Բացի այդ, այս գաղափարի համար պահանջվում էր ճանապարհների հիմնանորոգում, ինչն այն ժամանակ դժվար իրականանալի էր։ Բայց գլխավոր փաստարկն այն էր, որ մենք չպետք է սահմանամերձ գյուղերում դպրոցներ փակենք, քանի որ դա ռազմավարական խնդիր է։
Իհարկե, 1998թ.-ից հետո իրավիճակն էլ ավելի վատթարացավ։ Գյուղերի աշակերտների թիվն ավելի նվազեց։ Այսօր Հայաստանի 1402 դպրոցներից 435-ում կա 100-ից պակաս աշակերտ։ Եվ հատկապես ծանր է իրավիճակը Սյունիքի մարզում։ Մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ։ Սա շատ մտահոգիչ ցուցանիշ է։
Այս հարցում երկու բևեռ կա։ Մեկն այն է, որ փոքրաքանակ դպրոցներում անհնար է որակյալ կրթություն իրականացնել։ Կրթությունը, բացի առարկաների դասավանդումից, նաև սոցիալականացում է ենթադրում։ Այս առումով անթույլատրելի է, երբ դասարանում սովորում է 1, 2 կամ 3 աշակերտ։ Ավելին, մենք անգամ ունենք դպրոցներ, որոնցում 2-3 աշակերտ է սովորում։ Այս երեխաները չեն կարող զարգացնել սոցիալական հմտություններ, քանի որ համադասարանցի չունեն, կամ նրանց թիվը շատ քիչ է։ Այս առումով մեծ դասարանները շատ մեծ առավելություն են տալիս երեխաներին։ Նրանք տեսնում են տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններ և ավելի պատրաստված են այդ տարբերություններին։
Բացի սոցիալական հմտություններից, փոքրաթիվ դասարաններում տուժում է նաև ակադեմիական կրթությունը։ Երբ դասարանում կա փոքրաթիվ աշակերտների քանակ, պետությունը միավորում է այդ դասարանները, քանի որ ֆինանսապես ձեռնտու չէ 2-3 երեխայի համար ուսուցչին վճարել ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Այդ պատճառով մենք ունենք դպրոցներ, որոնցում գործում են երկհամակազմ և եռահամակազմ դասարաններ։
Օրինակ՝ եռահամակազմ դասարանում կարող են սովորել 3 տարբեր դասարանների աշակերտներ։ Ուսուցիչը ստիպված է միաժամանակ աշխատել 3 տարբեր դասարանների հետ։ Ընդ որում, լինում են դեպքեր, երբ, օրինակ, 2-րդ և 9-րդ դասարանցիները միասին են սովորում։ Շատ ուսուցիչները այս դեպքում դասը բաժանում են 3 մասի և յուրաքանչյուր դասարանի հետ աշխատում 15 րոպե։ Նախարարությունն ասում է, որ վերապատրաստումների ժամանակ իրենք սովորեցնում են հատուկ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ աշխատել 2 կամ 3 դասարանի հետ։ Սակայն ուսուցիչներն էլ շարունակում են դժգոհել նման մեթոդների բացակայությունից։ Հետևաբար, կամ ուսուցիչները լավ չեն սովորում այդ մեթոդները, կամ դրանք տեսականորեն լավն են, բայց գործնականում կիրառելի չեն։
Իհարկե, փոքր դպրոցները նաև ֆինանսապես թանկ են նստում պետության վրա։ Տարիներ առաջ մարզպետարաններից մեկի պաշտոնյան հայտարարեց, որ ունեն դպրոց, որում սովորում է 2 աշակերտ։ Եվ մեկ աշակերտի կրթությունը տարեկան արժենում է շուրջ 30 հազար դոլար։ Դա աշխարհի թանկարժեք դպրոցի վարձին համարժեք է։ Ընդ որում, այդ 2 թանկարժեք աշակերտներն ունեին շատ ցածր առաջադիմություն։
Մի կողմից, որակ ապահովելու համար դպրոցներ միավորելը ճիշտ գաղափար է։ Բայց մյուս կողմից, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ֆինանսական ներդրումների, նոր ավտոբուսների, հանդերձանքով վարորդների մասին, բայց ոչինչ չասվեց այն մասին, թե ինչ է լինելու աշխատանք կորցնող տնօրենների, վարչական աշխատողների և ուսուցիչների հետ։ Հասկանալի է, որ դպրոցների միավորման դեպքում մի քանի տնօրեններ, ուսուցիչներ, պահակներ, հավաքարարներ կորցնելու են իրենց աշխատանքը։ Ինչպես են այդ մարդիկ աշխատանք գտնելու իրենց փոքր համայնքում, որում այլ աշխատատեղեր չկան։ Եթե այս մարդիկ աշխատանք չգտնեն, ապա այդ գյուղերի առանց այն էլ փոքր բնակչությունը կարող է ավելի պակասել։
Չի բացառվում, որ բնակիչների մի մասն էլ դպրոցի փակման դեպքում տեղափոխվի այն գյուղը, որում դպրոց կա։ Այս առումով կարևոր է հասկանալ, թե որքան ճանապարհ են երթևեկելու երեխաներն ամեն օր։ Եթե խոսքը մինչև 5կմ ասֆալտապատ ճանապարհի մասին է, ապա դա հանդուրժելի է։ Եթե ճանապարհը երկար է լինելու, ապա կարող է մարդիկ դուրս գան այն գյուղերից, որոնցում դպրոց չկա։
Կառավարության նիստի ժամանակ այս ռիսկերի մասին չխոսվեց։ Բայց դրանք պետք է հաշվի առնել։ Սյունիքում պայթյունավտանգ իրավիճակ է։ Եվ ամեն ինչ պետք է անել, որպեսզի գեթ մեկ քաղաքացի աշխատանք չկորցնի, գեթ մեկ ընտանիք անհարմարություն չունենա։ Նմանատիպ ծրագրեր շատ երկրներում են իրականացվել։ Բայց մենք ունենք պատերազմական իրավիճակ և սահմանամերձ գյուղերին աջակցելու խնդիր։