Նիկոլ Փաշինյանի «քերոբական» անցյալի «հավաստիքները»
Երկու օր առաջ Ազգային ժողովում (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցի ընթացքում այսպիսի դիտարկում արեց, թե «քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե, հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի՞ սկսելու: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում: Եվ լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում», Փաշինյանն էլ նախ մատների վրա հաշվելուց հետո հպարտորեն թվարկեց, թե քանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) է եղել:
«4 քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նա փորձում էր շարունակել խոսքը, »Պատիվ ունեմ» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աննա Մկրտչյանը, տեղից արձագանքեց՝ բա ինչո՞ւ էիք ներման խնդրագրով դիմում նախագահին: Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հատկապես իրեն բնորոշ ծիծաղով:
Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը պատժի կրումից ազատվել է համաներմամբ, և այս առումով առնվազն տարօրինակ է, որ մանիպուլյացիայի ու հակադարձումների անգերազանցելի վարպետը չհիշեց ու չասաց այդ մասին. ծիծաղեց: Իսկ գուցե մինչև իր ազատումն արդե՞ն իսկ գրել էր այդ խնդրագիրը…
Ինչևէ…Վերադառնանք ՔԿՀ-ներում Նիկոլ Փաշինյանի «քերոբական» անցյալին ու տեսնենք՝ ինչ են ասում բաց աղբյուրները՝ առանց տարատեսակ լուրերի անդրադառնալու:
2010թ. նոյեմբերին «Ազատությունը» մի նյութ հրապարակեց, որում նշում էր՝ Փաշինյանը կրկին պնդում է, որ կալանավայրում իր նկատմամբ բռնություն է կիրառվել:
««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատների ահազանգով այս գիշեր «Կոշ» քրեակատարողական հիմնարկ է այցելել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և հանդիպել Փաշինյանին: Հանդիպման ընթացքում «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ գիշերը քնած ժամանակ 2 սևազգեստ, դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա և սկսել են հարվածել: Փաշինյանը նշել է, որ իր վրա հարձակվողները նման են եղել հատուկ ջոկատայինների: Այնուհետև արթնացել են խցում գտնվող մյուս դատապարտյալները` Փաշինյանից բացի, այդ պահին խցում գտնվել են 18 դատապարտյալներ: Բարձրացված աղմուկից խուց են մտել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որոնց Փաշինյանը ներկայացրել է տեղի ունեցածը»,- մասնավորապես գրել էր կայքը:
Այս պատմության մասին Նիկոլ Փաշինյանը գրել է նաև իր «Երկրի հակառակ կողմը» գրքում: Այս հատվածը ներկայացնում ենք անփոփոխ, որպեսզի ընթերցողը լավ պատկերացնի՝ ինչպես է նման պայմաններում պատիժը կրող մարդը համարում, որ ՔԿՀ-ներում իրեն լավ է զգացել:
«Քանի որ այս խոսակցությունը բացվեց, թերևս արժե ևս մեկ անգամ անդրադառնալ ինձ հետ տեղի ունեցած նախկին միջադեպին։ Ընթերցողը հիշում է, անշուշտ, «Փոթորիկ Կոշի անազատում» հրապարակումս։ Եթե չեք հիշում՝ վերընթերցեք։ Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի՝ «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի և հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձևավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր։ Իսկ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետև կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում։ Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում։ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների այցելության պահին իմ և սերժանտիկների կոնֆլիկտը գագաթնակետին էր։ Այն ժամանակ, սակայն, նախընտրեցի Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին խնդիրը անուղղակի ներկայացնել, բայց նրանք կամ չհասկացան, կամ չցանկացան հասկանալ։
Երբ ինձ հարցրին, թե արդյոք իմ կյանքին և անվտանգությանը որևէ բան սպառնում է, ասացի, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն խոսակցությանը ներկա՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը, որն անմիջական ղեկավարն է Լյովա Բաղդասարյանի։ Այս կետում վերջինս ոգևորվեց և հայտարարեց, որ իմ անվտանգության ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ ՔԿՀ պետի այս հայտարարությունից հետո հայտարարեցի, որ ինձ ոչինչ չի սպառնում։ Չօգտագործեցի՝ «այլևս ոչինչ» բառակապակցությունը, և մեր փոքրիկ Օմբուդսմենը ահազանգը կեղծ գնահատեց, իսկ թե որոշ թերթեր ինչպես արձագանքեցին տեղի ունեցածին, ինձ համար անսպասելի չէր։
Որոշ մարդիկ իրենց ինֆլյացիայի հիմնական մեղավորը ինձ են համարում։ Աստված իրենց հետ՝ թող համարեն։
Ինչ վերաբերում է իմ դեմ իրագործվող քայլերին, դրա հիմքը նույնն էր. ինձ փորձ էր արվում բացատրել, որ լրագրողական ու քաղաքական գործունեությունը կալանավորի բան չեն, ու քանի դեռ ազատազրկման վայրում եմ, պետք է լռեմ։ Երբ անսասան մնացի իմ դիրքորոշման վրա, իմ դեմ ուղարկված սալդաթները այլ հանձնարարություն ստացան. ինձ ներքաշել ղումարի մեջ և «թավանի» տակ գցել։ Նույնիսկ նվազագույն շեմ էր հաստատվել՝ 20 հազար դոլար։ Երբ ինձ ղումարի մեջ ներքաշելու գիշերային փորձերը հօդս ցնդեցրի, ասելով, որ եթե անգամ Սերժիկը Սաշիկի և Նեմեցի թաթիկը բռնած գա՝ ոչ ոք չի կարող ինձ ղումարի մեջ ներքաշել, հանձնարարությունը փոխվեց։ Նման դեպքերում, ի դեպ, իմ քնելատեղը շրջափակված էր լինում սալդաթների կողմից և ինձ ասվում էր, որ ես չեմ կարող հրաժարվել ղումարից, եթե պետք լինի՝ զաստավիտով թավանի տակ կգցեն։ Շուտով համոզվելով, որ իմ պարագայում նման բան հնարավոր չէ, նույնիսկ՝ Սերժիկի, Սաշիկի և Նեմեցի համակողմանի աջակցության պարագայում՝ սալդաթները հեռացան, որոշ ժամանակ անց վերադառնալով նոր առաքելությամբ։ Նրանց ասվել էր՝ էական չէ, ես ղումար խաղացել եմ, թե ոչ։ Թող սալդաթներից մեկը ասի, որ ինձ 20 հազար դոլար կրել է, մի քանիսն էլ՝ հաստատեն այդ «փաստը»։ Երբ այս լուրին քմծիծաղով վերաբերվեցի և սուրհանդակներին հիասթափեցրի՝ լարվածությունը հասավ գագաթնակետին։ Շուտով ինձ հայտնեցին, որ ինձ «սատկացնելու» հանձնարարություն են ստացել, ու գիշերը փայտերով լուծելու են հարցերս և դրա համար ունեն անհրաժեշտ մարդկանց դաբրոն։
Ու եթե ուզում եմ նման բան տեղի չունենա՝ երեք տարբերակ ունեմ՝ ա) դիմում գրել և տեղափոխվել փակ տիպի ՔԿՀ, բ) ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին, գ) պարտավորվել կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում հոդվածներ չգրել կամ գրել միայն միջազգային թեմաներով, ելույթներ չունենալ, հարցազրույցներ չտալ։ Տարբերակներից որևէ մեկն ընտրելու համար ինձ տրված էր երեք ժամ ժամանակ։
Երբ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները եկան, այդ երեք ժամը նոր-նոր սպառվել էր, ու երբ նրանց հետ գիշերային հանդիպումից վերադարձա՝ մեր հանրակացարանը շրջափակված էր ՔԿՀ աշխատակիցներով։ Ասացին, որ իմ անվտանգությունն են ապահովում։ Բայց ուշադրություն դարձրեք, ես որևէ մեկին չէի ասել, որ իմ անվտանգությանը որևէ բան սպառնում է։ Տեսնես՝ որտեղից էին իմացել…»:
Առանց ավելորդ մանրամասների՝ նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը միակն էր ՔԿՀ-ների բոլոր պետերից, ով 2018թ. իշխանափոխությունից հետո ազատազրկվեց: Պատահականությո՞ւն էր…
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ ներման խնդրագիր չի գրել. Իսկ գուցե գրե՞լ է…
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս, որ Նիկոլ Փաշինյանի՝ 4 ՔԿՀ-ներում դեգերումների ժամանակ Քրեակատարողական վարչության մամլո խոսնակն է եղել, անդրադարձել է վերջինիս հայտարարությանը:
«Այսօր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պատասխանելով Հայկ Մամիջանյանի հարցին՝ ասել է, թե ինքը եղել է 4 քրեակատարողական հիմնարկներում և իրեն ամենևին վատ չի զգացել:
Մարդ հարցնի՝ այ լոպազ, ես որ այդ դահլիճում լինեի՝ կկարողանայի՞ր այդ նախադասությունն ասել:
Էն «Կոշ»-ի գիշերային ծեծիդ քննությունից ի՞նչ նորություն կա: Վերջը ի՞նչ պարզվեց, քննի՞չն է զբաղվում այդ գործով, թե հոգեբան-երազահանը»,- գրել էր Արսեն Բաբայանը:
Այսօր էլ Արսեն Բաբայանը զարգացրել էր թեման. «Երեկ ԱԺ ամբիոնից հայտնում էիր, թե 4 քրեակատարողական հիմնարկներում ես եղել ու քեզ վատ չես զգացել:
Հարց ունեմ. եղե՞լ է դեպք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ գնդապետ Սարգսյանի աշխատասենյակում լաց լինես (ուղիղ իմաստով) ու խնդրես, որ քեզ մեկուսացնեն ընդհանուրից:
Կարող ես չպատասխանել…»:
Հետաքրքիր է՝ ցանկություններն իրականության փոխարեն ներկայացնելու և իր 680.000 ընտրողների՝ հատկապես առաջացած տարիքում գտնվող կանանց հատվածի երազանքների տղամարդը դառնալու՝ իր անզուսպ մղման ճանապարհին Նիկոլ Փաշինյանը չի՞ հիշում, որ այդ 4 ՔԿՀ-ներն ունեցել են հարյուրավոր աշխատակիցներ, դատապարտյալներ, ովքեր ականատեսն են եղել իր «փառապանծ» գաղութային օրերի ու կարող են շատ բան պատմել այդ մասին:
Հասմիկ Սիմոնյան