«Ձեր ապագան հաստատ քրեակատարողական հիմնարկում է անցնելու. պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում». Մամիջանյանը՝ Փաշինյանին
«Ես թվարկեմ այդ դահլիճում երեկ հնչած մտքի գոհարները. Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը: Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը: Չնայած՝ բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով, և առանց ձեր համաձայնության՝ ուր մնաց՝ ելույթ ունենան Ռուսաստանի դեմ: Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
ՔՊ-ականները սկսեցին աղմկել: Հայկ Մամիջանյանը արձագանքեց. «Եթե դահլիճում լռություն պահպանելու սովորությունը վերջապես լինի, հարցս ուղղված է Նիկոլ Փաշինյանին»:
Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ՀՀ-ում հակառուսական հիստերիա, եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ. «ՀՀ ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ, առավել ևս՝ սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն: Մենք ասել ենք, և կառավարության ծրագրում հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք և մենք նաև հույս ունենք և աշխատում ենք, որպեսզի ՀԱՊԿ նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն: Եթե այդ մեխանիզմները գործարկելու հետ կապված խնդիրներ կան, ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, բայց նախկինում երբեք դրանք գործարկելու առիթ չի եղել: Առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել, և մենք առանց հոգնելու այդ իրադրությունը մանրամասն մեր գործընկերների հետ քննարկում ենք, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակարգերով և պատշաճ ժամանակներում»:
Հայկ Մամիջանյանը Ալեն Սիմոնյանին հորդորեց իրեն կոռեկտության կոչեր անելու փոխարեն՝ իր խմբակցության անդամներին կոչեր անի. «Դուք ընդամենը ԱԺ նախագահն եք, առաջինը՝ հավասարների մեջ, այլ ոչ թե՝ դասղեկ»:
Իսկ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ նա ընդգծեց. «Իհարկե, շատ մեծ ցանկություն կա խոսելու, թե ինչպես ստացվեց, որ այդքան ուշ դիմեցիք, չգիտեմ՝ մինչև հիմա դիմե՞լ եք, թե՞ ոչ ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին: Ռուսերեն իմացող չկար մեջներդ, թուղթ չունեիք, և այլն, բայց ես հարցս կնվիրեմ այլ հատվածի՝ քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե, հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում: Եվ լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»:
Նիկոլ Փաշինյանը Հայկ Մամիջանյանին ասաց, թե նրա համար վատ լուր ունի. «Ես ՀՀ մեկ, երկու, երեք, չորս քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեակատարողական հիմնարկներում»: