Բաժիններ՝

Ո՞վ է որոշում, թե ի´նչ անուն դնեն երեխային Ս․ Մկրտության ժամանակ

– Ո՞վ է որոշում, թե ի´նչ անուն դնեն երախային Ս․ Մկրտության ժամանակ:

– Անվանափոխությունը մկրտող հոգևորականի իրավունքն է: Ըստ ձեռագիր մի քանի «Մաշտոցների»` ծնողներն իրենք են քահանային ասում երեխայի անունը, իսկ 1785 թ. տպագիր «Մաշտոցից» սկսյալ` անուն դնելը վերապահված է հոգևորականին: Մեր խորհուրդն է հոգևորականներին, որ արարողությունից առաջ անվանափոխության համար անպայման խորհրդակցեն ծնողների և կնքահոր հետ, որպեսզի նաև նրանց սրտով լինի իրենց զավակի անունը: Եթե երախան ունի արդեն քրիստոնեական կամ հայկական անուն, ապա քահանան կարող է նույն անունը թողնել:

Խնդիրը բարդ է, երբ մարդն ապրում է արտերկրում, ունի օտարահունչ անուն և ցանկանում է մկրտվել նույն անունով, որպեսզի փաստաթղթերի հարցում միօրինակություն լինի: Նման դեպքերում լավ կլինի խոսել և բացատրել անվանափոխության իմաստը` ամեն ինչ անելով սիրով և համբերությամբ: Չպետք է ծայրահեղության մեջ ընկնել և անգամ հայկական, բայց ոչ քրիստոնեական անունները փոխել, ինչպես օր.` Աստղիկ, Արամ, Տիգրան, Անահիտ և այլն: Ուստի ծնողները պատասխանատվությամբ և ազգային բարձր գիտակցությամբ պետք է մոտենան իրենց զավակների անուն դնելուն, անպայման աչքի անցկացնեն անձնանունների բառարանները, չտարվեն օտարամոլությամբ` երեխաների համար ընտրելով հայկական և քրիստոնեական բարեհունչ անուններ:

Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս