ԱՄՆ-ից սկսել են ավելի քիչ գումար ուղարկել Հայաստան. ինչ է կատարվել տրանսֆերտային շուկայում

Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների գործում, որքան էլ դրանք չեն փայլում բարձր ակտիվությամբ, կարևոր դեր են ունեցել արտերկրից փոխանցվող գումարները։ Ի տարբերություն նախորդի, այս տարվա առաջին կեսին մուտքերի աճը բավական ակտիվ էր։ Սակայն վերջին շրջանում նկատվում է աճի տեմպի կտրուկ անկում։

Օգոստոսին քաղաքացիների կողմից Հայաստան փոխանցված գումարների ակտիվությունը կանգ առավ։ Նույնիսկ նվազում արձանագրվեց։ Ընդ որում, ինչպես նախորդ տարվա, այնպես էլ նախորդ ամսվա նկատմամբ։

Սեպտեմբերին մուտքերը որոշ չափով ավելացան, բայց աճն անհամեմատ փոքր էր, քան նախկինում էր լինում։

Օգոստոս-սեպտեմբերին ֆիզիկական անձանց փոխանցումների աճը կազմեց հազիվ 5 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավել է ընդամենը 1,2 տոկոսով։

Սա տարօրինակ է այնքանով, որ մինչ այդ՝ տևական ժամանակ, հոսքերը բավական ակտիվ ավելանում էին։

Յոթ ամիսների տվյալներով, ունեինք 28 տոկոսից ավել աճ։ 253 միլիոնով ավել գումար էր եկել այս տարվա 7 ամիսներին, քան անցած տարի։

Արդեն 9 ամիսների արդյունքում, դրսից փոխանցվող գումարների աճի տեմպը կազմեց 20 տոկոս։ Երկու ամսում այն ընկավ 8 տոկոսային կետով։

Այս ցուցանիշները վկայում են, որ վերջին ամիսներին դրսից իրականացվող փոխանցումների շարժում ինչ-որ բան է կատարվում։ Երևույթը նկատվեց օգոստոսից։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա այդ ամսին ստացվել էր 194 միլիոն, այս տարի ստացվեց 193 մլն դոլար՝ 1 միլիոն դոլարով քիչ։

Մեկ միլիոնը գուցե մեծ տարբերություն չէ, բայց այդ միտումն արձանագրվեց տարեսկզբից դիտարկվող բարձր աճից հետո։

Նվազումը տեղի ունեցավ հատկապես Միացյալ Նահանգներից իրականացվող փոխանցումների պարագայում։

Մինչև վերջերս, տրանսֆերտային շուկայի աշխարհագրության մեջ, ԱՄՆ-ը Հայաստանի հետ հարաբերություններում էական դեր չուներ։ Թեև այն երկրորդն էր Ռուսաստանից հետո, բայց կշիռը բավական փոքր էր։

Անցած տարվանից նկատվեց Միացյալ Նահանգներից ուղարկվող գումարների ակտիվացում։ Նախկին 15-20 միլիոնի դիմաց փոխանցումները երբեմն անցնում էին ամսական նույնիսկ 60 մլն դոլարից։

Այդ ակտիվությունը մեկնաբանվում է ԱՄՆ-ում, համավարակով պայմանավորված, տրամադրվող մեծածավալ ֆինանսական օժանդակություններով, որոնց մի մասն էլ, օգնության կարգով, տեղափոխվում է Հայաստան։

Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, միանշանակ չէ։ Նման պնդումներն այնքան էլ հիմնավոր չեն թվում։

Ըստ էության, կան նաև այլ պատճառներ, որոնք առայժմ չեն բացահայտվում։

Այդպիսի պատճառներից մեկն էլ կարող էր լինել որոշ ոլորտներում, մասնավորապես՝ լոգիստիկայում իրականացվող լեգալ և ոչ լեգալ համագործակցությունը, որը վերջին շրջանում բավական ակտիվ ծավալվում է Հայաստանում։

Միացյալ Նահագներից փոխանցումների ակտիվությունն օգոստոսին կանգնեց։ Այդ երկրից 50 մլն դոլարից ավել գումար էր մուտք եղել Հայաստան, բայց այն ավելի քիչ էր՝ ինչպես նախորդ տարվա նույն ամսվա, այնպես էլ՝ այս տարվա նախորդ ամսվա նկատմամբ։

Անցած տարվա օգոստոսին Միացյալ Նահանգներից ֆինանսական մուտքերը գերազանցել էին 55 մլն դոլար։

ԱՄՆ-ից տրանսֆերտային հոսքերի նվազում արձանագրվեց նաև սեպտեմբերին։ Այս անգամ՝ ավելի մեծ չափով։

Նախորդ տարի ստացվել էր 61,5 մլն դոլար, այս տարի ստացվեց 51,9 միլիոն՝ 9,4 միլիոնով քիչ։ Նվազումը գերազանցեց 15 տոկոսը։ Մինչև վերջին 2 ամիսների դրսևորումները՝ Միացյալ Նահանգներից այս տարի ֆինանսական փոխանցումների ռեկորդային բարձր աճ էր գրանցվում. 7 ամսում՝ 70 տոկոս։ Վերջին 2 ամիսների դրսևորումներից հետո աճն իջավ 38 տոկոսի։

Օգոստոսին Ռուսաստանից ևս ավելի քիչ գումար էր ստացվել, քան ստացվել էր հուլիսին։ Չնայած նախորդ տարվա համեմատ՝ ոչ մեծ, բայց որոշ աճ ռուսական հոսքերում նկատվել էր։ Անցած տարվա օգոստոսին Ռուսաստանից ստացվել էր 84,6 մլն դոլար, այս տարի ստացվեց 85,5 միլիոն։

9 ամսում մուտքերը ռուսական շուկայից ընդհանուր առմամբ կազմել են 633 մլն դոլար, ինչը 73 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Տարվա կտրվածքով Ռուսաստանից աճ ունենք, բայց այն դեռևս շատ հեռու է մինչճգնաժամային ժամանակահատվածին հասնելուց։

2019թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումներն 9 ամսում կազմել էին 764 մլն դոլար՝ 131 միլիոնով ավելի շատ, քան ստացվել է այս տարվա ընթացքում։

Դեռ չենք խոսում այն ժամանակների մասին, երբ հոսքերը հասնում էին գրեթե 1,2 մլրդ դոլարից, այն էլ՝ 9 ամսվա կտրվածքով։ Այդպես էր ասենք՝ 2014թ., երբ տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանից բանկային համակարգով ուղարկված գումարները կազմել էին 1 մլրդ 199 մլն դոլար։

Այն ժամանակ ռուսական կապիտալի կշիռը մեր տրանսֆերտային հոսքերում բավական մեծ էր։ Մուտքերի 74-75 տոկոսը ստացվում էր այդ երկրից։ Հիմա ստացվում է ընդամենը 40-41 տոկոսը։

Թե ինչո՞ւ է այդպես, պատճառները տարբեր են. դրանք կապված են՝ ինչպես Ռուսաստանի տնտեսական իրավիճակի, այնպես էլ՝ միգրացիոն շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ։

Ռուսական կապիտալի կրճատմանը զուգահեռ, վերջին 1-2 տարիներին Հայաստանի տրանֆերտային շուկայում նկատվում է Միացյալ Նահանգների դերի բարձրացում։ ԱՄՆ բաժինը մուտքերում հասել է 27 տոկոսի։

Այս տարվա 9 ամսում ընդհանուր առմամբ դրսից Հայաստան է ուղարկվել 1 մլրդ 534 մլն դոլար։ 258 մլն դոլարով ավելի, քան անցած տարի։

Աճը բավական բարձր է, բայց այս պահին շատ ավելի կարևոր է, թե հետագայում իրավիճակն ինչպես կփոխվի։ Վերջին 2 ամիսների միտումները, մեղմ ասած, դրական չեն։

Նշենք նաև, որ այս տարի դրսից փոխանցված 1 մլրդ 534 մլն դոլարից 866 միլիոնը հետ է գնացել երկրից։ Գրեթե կեսը՝ Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս