«Այս թատրոնից դո՛ւրս եկեք. երկրին տեր է պետք, վտանգը մոտենում է». Արսեն Գրիգորյան
«2020 թվականի 44-օրյա պատերազմը հայերիս համար անակնկալ չէր. դրա մասին գիտեինք բոլորս, բայց ոչ բոլորս էինք մեզ հարց տալիս՝ իսկ ի՞նչ ենք արել Արցախյան առաջին հաղթանակից հետո, կամ ի՞նչ ենք արել այդ հաղթանակն ամրագրելու համար, կամ ի՞նչ ենք արել առհասարակ, որ այլևս երբեք պատերազմ չլինի։ Ոչ բոլորս ենք մեր երեխաներին պատրաստել պատերազմի, ոչ բոլորս ենք մեզ հարց տվել՝ իսկ պետությունն ո՞ւր ենք տանում, իսկ պետական երկարաժամկետ ռազմավարություն ունե՞նք, փորձե՞լ ենք արդյոք հասկանալ, թե ուր է գնում մեր պետությունը։
Ո՛չ, չենք փորձել, և չունենալով այս բոլոր հարցերի պատասխանները՝ մենք խոսել ենք միայն քաղաքացու իրավունքի մասին՝ առանց մեզ հարց տալու, իսկ երբ պահանջում ենք պետությունից ու խոսում իրավունքի մասին, փոխարենն ի՞նչ ենք անում մենք մեր պետության համար։
Մեր ազգի հենց այս վարքագիծն է, որ գալիս է ապացուցելու, որ մենք սովորական սպառողական մտածողությամբ ազգ ենք՝ առանց պետության առաջ ստանձնած պարտավորությունները գիտակցելու միայն պահանջում ենք, ոչինչ չենք անում, ու հենց սա էր նաև, որ ընկած է մեր պարտության հիմքում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, «ԱՐԱՐ» ծրագրի հիմնադիր, «ԳՈՒԹԱՆ» ամենամյա փառատոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը։
Նաև հավելեց, թե, ցավոք, այս պարտությունն էլ մեր մեջ բան չփոխեց. պետությունից միայն պահանջող՝ փոխարենը պատասխանատվություն չստանձնող հայի մտածողության մեջ ոչինչ չի փոխվել։
«Այսօր մենք չգիտենք՝ գոնե այսքանից հետո ո՞ւր ենք գնում։ Մեկ տարի է անցել պատերազմից, ու մեզ համար շարունակում է անպատասխան մնալ հարցը՝ նոյեմբերի 9-ի այդ անընդունելի հայտարարությունից հետո Սանասարից ու Կովսականից մեր զորքերն ինչո՞ւ ետ քաշեցիք, իսկ այդ ո՞ր երկիրն է բանավոր պայմանավորվածությամբ իր զորքին նահանջի տանում։ Կամ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ առանց սահմանագծում և սահմանազատում անելու մեր երկրի տարածքներն ադրբեջանցիներին եք տալիս։ Ի՞նչ իրավունքով եք դա անում, և այդ իրավունքը ձեզ ո՞վ է տվել։ Չէ՞ որ ձեզ մանդատ են տվել մեր պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և ոչ թե մեր հայրենիքի մի հատվածը ադրբեջանցիներին հանձնելու համար։ Համազգային ընդվզում է անհրաժեշտ։ Այս հարցերը համաժողովրդական ընդվզմամբ հնչեցնելու կարիք կա։ Այն մարդը, որն ընտրել է այս Կառավարությանը, նույնիսկ այդ մարդը պետք է բարձրացնի այս հարցադրումները։ Վստահ եմ՝ այս իշխանությանը մանդատ տված մարդիկ համազգային ընդվզմամբ այս իշխանությանը հարցնելու են՝ ի՞նչ իրավունքով եք հայրենիքը հանձնում Ադրբեջանին»,- ասաց Արսեն Գրիգորյանը՝ նշելով, որ իշխանության վարած քաղաքականության հետևանքով բոլորիս համար Հայաստանը դարձել է անկանխատեսելի մի երկիր, Արցախի ճակատագիրն է դարձել անկանխատեսելի, և բոլորս քնում ենք միայն վատ սպասումով։
«Մեր տղաներն այսօր Արցախի սահմաններն են պաշտպանում, նրանց վիճակն ի՞նչ է լինելու. ես այս հարցի պատասխանն եմ ուզում ստանալ»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։
Նրա խոսքով՝ այս բնական հարցադրումները պետք է հնչեցնեն նաև ազգընտիրները՝ էլիտան, այն իրական էլիտան, որն իր մասնագիտական և բոլոր կարողություններն ու հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ Հայաստանի։
«Ազգընտիրների հարցում մենք ցաքուցրիվ ենք և համախմբման կարիք ունենք։ Պետականության և ազգային շահի շուրջ պետք է համախմբվեն ընտրյալները՝ մի կողմ թողնելով իրենց անձնական շահերը»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ իրական էլիտան ազգի այն ընտրյալն է, որը պատրաստ է զոհվել հանուն Հայաստանի պետական շահի, ու սկսած մանկապարտեզից՝ ազգային պետության գաղափարը կրող այսպիսի մտածողությամբ սերունդ պետք է ձևավորենք, որը դրա հետևանքով նաև պատրաստ կլինի կրել պատասխանատվություն, որն այսօր չի ցանկանում կրել իշխանությունն ու ամեն ինչ անում է պարտության իր մեղավորությունն այլոց վրա բարդելու համար։
«Բայց չէ՞ որ մեր զինվորը չի՛ պարտվել. զինվորը կռվել է՝ հաղթանակն իր աչքերում, իսկ ոմանք, որ բոլոր գեներալներին նույն սանրով են սանրում ու նսեմացնում՝ ի՞նչ են ուզում անել դրանով, արդյո՞ք նրանք ուզում են, որ մեր բանակը ոտքի կանգնի, որ մեր զինվորն ուժեղանա այն սահմաններում, որտեղ բուն է դրել Ադրբեջանը։ Ես բանակն ուժեղացնելու ուղղությամբ շոշափելի գործողություններ չեմ տեսնում, բայց երբ քննադատում են զինվորին, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ պատերազմի ժամանակ ամենաբարձրաստիճան զինվորականն ո՞վ էր։ Այնպես որ, եկե՛ք այս թատրոնից դուրս գանք, մենք հիմա դրա մեջ ենք, ու մեր շատ խնդիրների պատճառը հենց այդ թատրոնն է։ Այսօր երկրին տեր կանգնել է պետք. այս երկրին տեր է պետք։ Որոշ մարդիկ կուրացել են, թող արթնանան, վտանգը մոտենում է։ Մի՞թե պետական մակարդակով ասելիք չունեք. Էլ մե՞նք չենք Արցախի անվտանգության երաշխավորը»,- խոսքը եզրափակեց Արսեն Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում