«Այս մարդիկ իրենց այնպիսի վիճակի մեջ են դրել, որ ալիևյան իշխանությունն ամեն Աստծո օր ոտքերը սրբում է իրենց վրա»․ Ռազմական փորձագետ

2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից անցել է մեկ տարի, սակայն ադրբեջանական կողմը պատշաճ չի իրականացնում ստանձնած պարտավորությունները։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը Ռուաստանի պարտադրանքով մինչ օրս վերադարձրել է միայն հայ ռազմագերիների մի մասին, և դեռ պարզ էլ չէ, թե քանի հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում։

«Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո խախտել է այդ հայտարարության պայմանները և շարունակում է խախտել։ Վերջին սանձարձակ ու լկտի խախտումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մոտակայքում, երբ սպանեց հայ քաղաքացիական անձի։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այլև հետևողականորեն դրանք խախտում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Միաժամանակ նա նկատեց՝ այդ կապիտուլյացիայի տակ չկա Արցախի՝ որպես առանձին սուբյեկտի ստորագրությունը, հետևաբար՝ այդ համատեքստում շատ կարևոր է ընդգծել Արցախի սուբյեկտայնության հանգամանքը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը բոլոր իրավաքաղաքական հիմքերն ունի ոչ միայն դուրս գալու այդ ստոր գործարքի դեմ, այլև իր տարածքին ու ազատությանը տեր կանգնի։

Ռազմական փորձագետը վստահ է, որ որոշ ժամանակ անց Հայաստանի ու Արցախի դաշնակիցների հետ աշխատելու պարագայում, սեփական իրավունքներին տեր կանգնելու գործընթացները կընթանան մեծ թափով։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին», Դավիթ Ջամալյանն ասաց.

«Սա նիկոլական խունտայի ամենամեծ դավադրությունն է հայոց պետականության և հայ ժողովրդի դեմ։ Սա բոլոր առումներով սնանկ թև է «խաղաղության դարաշրջան»  հայտարարելու ֆոնին, թշնամին խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական անձանց կրակելով սպանում է, բայց սրանք շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին։ Այս մարդիկ իրենց դրել են մի այնպիսի վիճակի մեջ, որ ալիևյան իշխանությունն ամեն Աստծո օր ոտքերը սրբում է իրենց վրա, և այս ֆոնին խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին, նշանակում է՝  ծաղրել, արհամարհել, ձեռ առնել հայաստանյան հանրությանը։ Չկա ու չի կարող լինել «խաղաղության դարաշրջան», եթե կապիտուլյացիա ես ստորագրել և վաղուց արդեն գտնվում ես ստորաքարշ վիճակում»,- հավելեց Դ. Ջամալյանը։

Ըստ նրա, այն պայմանները, որոնք ըստ էության պետք է բավարարի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, վրա է հասնելու թրքացման, ՀՀ ինքնիշխանության լիարժեք կորստի, երկրի հայաթափման ժամանակաշրջանը։ Այդ ամենն արվելու է տնտեսական էքսպանսիայի տեսքով, ստրատեգիական բոլոր ոլորտներում թուրքական ներկայության ավելի ու ավելի հարաճուն ներգրավմամբ է արվելու։

«Այս ճանապարհով գնալուց հետո 10-15 տարի հետո մենք մեր երկրում դառնալու ենք առնվազն փոքրամասնություն։ Այս թրքահպատակների ակտիվ գործունեության արդյունքում երկիրը դարձել է կախյալ պետություն, որը երբևէ չի եղել։ Եթե այսպես շարունակեն, և ՀՀ իշխանությունը ՌԴ-ի դեմ խնդիր է դնելու, որպեսզի իր ռազմաբազանները հանի Հայաստանից, քանի որ «խաղաղության դարաշրջան» են բացելու, նշելով, որ Թուրքիայից ու Ադրբեջանից որևէ վտանգ չի սպառնում։ Ամբողջ հեռանկարը գալիս-հանգում է այս պատկերին։

Կրկնում եմ՝ «խաղաղության դարաշարջանը» մեծագույն կեղծիք է, և պետք է դրան դիմադրել և պետք է հասկանալ, որ կա դիմադրության ռեսուրս։ Այդ դարաշրջանը կարող է վրա հասնել միայն այն դեպքում, երբ մենք մեր տեղն ու դերը վերականգնենք տարածաշրջանում։ «Խաղաղության դարաշրջան» բացելու մենաշնորհը մեծ ուժերի գործն է, այլ ոչ թե ամեն օր թուրքի ոտքերի տակ փռված հարճի կարգավիճակում հայտնված իշխանավորների։ Հիմա տեսեք, բրիտանական կողմը շատ հետաքրքիր ժեստ է անում մեզ կապիտուլյացիայի 1-ամյակին։ Բրիտանական պառլամենտը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչելու վերաբերյալ»,- շեշտեց  մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ այստեղ խնդրի էությունը շատ հստակ է՝ բրիտանաթուրքական տանդեմը, այն ուժերը, որոնք գծագրել, սանձազերծել ու ավարտին են հասցրել Արցախում հայրենազրկման գործընթացը, հասկանում են, որ ՀՀ-ում այս իշխանության հիմքերն այնքան խախուտ են, որ նրանց օրերն ու շաբաթներն արդեն հաշվված են։ Նաև շատ լավ հասկանում են, որ երբ խորտակվի «նիկոլական պրոյեկտը», և ՀՀ-ում առաջ գան պետականամետ, ազգային ուժեր, որը բնականոն ու դաշնակցային հարաբերությունները վերականգնելու է Ռուսաստանի հետ, բարեկամ Իրանի հետ։ Եվ որպեսզի այդ հեռանկարը կանխեն, այսպես ասած՝ ցանկանում են «քաղցրաբլիթ» մատուցել։

Տեսանյութեր

Լրահոս