Բաժիններ՝

«Ի՞նչ ապագա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»․ թշնամու գողացած 80 անասունի դիմաց կութեցիները, 5 ամիս է՝ փոխհատուցում չեն ստացել

Ուղիղ 6 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են  Հայաստանի ինքնիշխան տարածքում: Անցնող ամիսներին պարբերաբար միջադեպեր են տեղի ունեցել սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։ 

Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին տևական ժամանակ չի կրակում գյուղի ուղղությամբ, բայց դրանից մարդկանց մոտ վախը չի պակասել։ Ինչ վերաբերում է թշնամու կողմից գողացված անասունների համար իշխանությունների խոստացած փոխհատուցմանը, Չիտչյանն ասաց, որ 80 անասունից որևէ մեկի համար գյուղացիներին փոխհատուցում չի տրվել․

«Գողացված անասունների մասին ոչ մի զրույց չկա, ոչ մի խոսք չկա, ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա, ոչ էլ ասում են, որ այդ գործով զբաղվում են, միայն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն են, որ այս մասին խոսում են․ դեռ սպասում ենք․․․»։

Հարցին՝ գյուղացիները, որոնց անասունները թշնամին գողացել է, չե՞ն ուզում հանդիպել իշխանության ներկայացուցիչներին, նրանց հարցեր ուղղել, Սիմա Չիտչյանը պատասխանեց, որ գյուղում բոլորն էլ նման հանդիպման են սպասում․

«Ուզում են, ասում են, ես էլ մեր նորանշանակ մարզպետին հրավիրեցի, որ գա, ասացի՝ մեր բնակիչներն ուզում են ձեզ հետ հանդիպել, հատկապես գողացված անասունների տերերը, պատասխանեց՝ կգանք, կգանք, բայց արդեն 3 շաբաթ է՝ սպասում ենք, որ պետք է գա, լսի մեր ժողովրդին․․․»։

Կութի բնակիչ Գայանե Վերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գողացված 80 անասունից 19-ն իրենց ընտանիքին է պատկանում, և, որ դա իրենց հիմնական եկամուտն էր․

«Ոչ մի կոպեկ էլ չեն տվել, ընդամենը մի հորթի համար մոտ 7000 դրամ կաթի գումար էին տվել, բայց դրանով ի՞նչ․․․ Մեզ բացարձակ ոչ մի բան չեն էլ տեղեկացրել՝ արդյոք կլինի՞ փոխհատուցում, թե՞ չէ։ Մինչև ընտրությունները նախկին մարզպետ Գնել Սանոսյանը եկավ, հանդիպեց, ասաց՝ ընտրություններից հետո մի բան կլինի, աշխատանքներ են տարվում, խորհրդակցում են, կարող է անասուններին վերադարձնեն, սկզբում ժամկետ էր նշում՝ հունիսի 20-ը, ասաց, եթե չստացվի՝ պետությունը փոխհատուցում կտրամադրի, այդ խոստումից հետո էլ ոչ մի բան, ոչ եկող ա եղել, ոչ՝ գնացող։ 19-ն էլ կթու կով էին, յուրաքնաչյուրը մոտ 400.000 դրամ արժեն, մեր հիմնական ապրուստը դա էր, հիմա ընտանիքիս անդամները բանվորություն են անում, դրանով յոլա ենք գնում, մինչև տեսնենք՝ ինչ է լինում․․․»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Կութ էր եկել, հանդիպել գյուղացիների հետ, ասել՝ «Ապագա կա՛ ապագա», կութեցի կինն այսպես արձագանքեց․

«Որտեղի՞ց կա, ի՞նչ ապագա այստեղ, ապագան որտեղի՞ց է այստեղ․․․ Հույս չկա, ո՛չ իշխանությունից, ո՛չ մեկից, էն որ ասում են՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, դու քո ճարը պետք է տենաս․․․»։

Կութի բնակիչներից Գևորգ Խաչատրյանն էլ, որը 2015 թվականից Վարդենիսից տեղափոխվել էր Կութ, անասնաֆերմա հիմնել, աշխատատեղեր ստեղծել, մեզ հետ զրույցում ասաց, որ հայտնվել է ծանր վիճակում, ադրբեջանցիները գողացել են իր 34 անասուններին, իսկ իշխանությունները ոչ միայն փոխհատուցում չեն տրամադրել, այլև վարկերը չեն սառեցրել․

«11-ը կթու կով էին, 23-ը՝ ցուլ, երինջ․․․ Մինչ օրս մարզպետարանի կողմից ընդամենը 150.000 դրամ օգնություն են տրամադրել, որ գողացված անասունների, հորթերի համար կաթ առնեինք, տարած կովերի հորթերը դե մնում էին․․․ Ես վարկեր ունեմ, հիմա մնացել է մոտ 8-9 միլիոն դրամ, իրենք ասում են՝ մեզ հետաքրքիր չէ, ես ամեն ամիս 2-3 հատ հորթ եմ ծախում, տանում վարկերս մուծում եմ, հիմնականում խնդիրն այն է, որ ես վարկ էի վերցրել, Կութում տուն էի առել, անասուններ էի առել, այսօր դրանք չկան, ես էլ պետք է վարկերը մուծեմ, ամեն ամիս մոտավորապես 500.000 դրամ վարկ եմ մուծում․․․ Միայն անասունների մասով այդ պահի դրությամբ մոտ 15 միլիոնի վնաս եմ կրել, սովորական կովեր չէին, հատուկ ցեղատեսակի երինջներ էին, պահել, սարքել էի կով, պլյուս դրան, որ այդ անասուններին սեզոնին պետք է կթեինք, ամիսը 450.000-500.000-ի կաթ պետք է հանձնեինք, դա չեմ հանձնել, պլյուս դրան, իմ ջեբից փող եմ դրել, մնացած հորթերի համար կաթ եմ առել, որ չսատկեին․․․ Շատ ցավալի բան պետք է ասեմ, մնացել եմ թոշակառու հորս, մորս հույսին, այսպիսի վիճակ է․․․»։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ ասել էր, որ գողացված անասուններին վերադարձնելու ուղղությամբ վերջնական լուծում չունեն:

«Կա որոշակի աշխատանք, բանակցություններ, բայց ընդհանուր առմամբ այդ 81 անասունները պատկանում են 5 ընտանիքի: Մենք իրենց հետ աշխատում ենք, իրենց հետ հանդիպել ենք և այս ընթացքում նաև որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ այս ընդհանուր պրոցեսի մեջ եթե անասունները հետ կգան, հետ կբերեն, ուրիշ, եթե ոչ, պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի: Հիմա սպասենք, տեսնենք՝ պրոցեսը ինչպես կզարգանա»,- ասել էր մարզպետ Սանոսյանը:

168.am-ն այսօր կապ հաստատեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի օգնականի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ խնդրի վերաբերյալ առաջիկայում պարզաբանում կտրամադրեն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանում։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս