«81 գլուխ անասուն ունենք, որոնք անցել են այն կողմ, և դեռ այդ ուղղությամբ մենք չունենք որևէ վերջնական լուծում». Գնել Սանոսյան

Գրեթե երկու ամիս Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները: Այս ընթացքում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին կովերին:

Հունիսի 25-ին Կութի գյուղապետը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե անասունները հետ բերելու համար աշխատանքներ են տարվում, և եթե հանկարծ չկարողանան բերել, փոխհատուցում պետք է տրվի քաղաքացիներին:

Այսօր էլ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե միջադեպից ավելի քան մեկ ամիս անց խոշոր եղջերավոր անասուները շարունակում են մնալ հակառակորդի մոտ:

«Մենք 81 գլուխ անասուն ունենք, որոնք, գիտեք, հայտնի պատճառներով անցել են այն կողմ, և դեռ այդ ուղղությամբ մենք չունենք որևէ վերջնական լուծում: Կա որոշակի աշխատանք, բանակցություններ, բայց ընդհանուր առմամբ այդ 81 անասունները պատկանում են 5 ընտանիքի: Մենք իրենց հետ աշխատում ենք, իրենց հետ հանդիպել ենք և այս ընթացքում նաև որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ այս ընդհանուր պրոցեսի մեջ եթե անասունները հետ կգան, հետ կբերեն, ուրիշ, եթե ոչ, պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի: Հիմա սպասենք, տեսնենք՝ պրոցեսը ինչպես կզարգանա»,- ասաց Սանոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս