Ո՞րն է իշխանափոխությունից առաջ գեներալների խոսելու, փակագծեր բացելու ժամանակը

Պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Ինչ էր սա՝ զուտ իր ապահովության համար նախազգուշացո՞ւմ, իրադրության գնահատո՞ւմ, կանխորոշո՞ւմ, թե՞ ոչ ուղիղ կերպով գերագույն հրամանատարի հրաման: Այս հարցի պատասխանը ժամանակը կտա:

Մյուս կողմից, 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն փաստաթուղթը, ըստ էության, պաշտոնական ուժ հաղորդեց Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի գնալու բանաձևին՝ «կռիվ հանուն չճանաչված պարտության»: Ըստ այդմ՝ պարտված չզգալու հորդորը արդարացիորեն ընկալվում է զուտ պայմանանավորվածություն:

Նոյեմբերի 10-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ժողովրդին փորձեց վստահեցնել, որ կայացրած որոշումը իր համար էլ էր չափազանց ծանր, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հայտարարության տեքստն անասելի ցավոտ է անձամբ իր համար, բայց դա ստեղծված իրավիճակում հնարավոր ամենալավ հանգուցալուծումն էր:

«Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ»,- գրել էր Փաշինյանը՝ կրկնելով և լեգիտիմացնելով պատերազմի առաջին օրվա բանաձևը, որով, ըստ էության, որոշված էր պատերազմի ելքը, և ամեն զարգացում այլևս բխելու էր պարտվելով կռվելու տրամաբանությունից:

Նոյեմբերի 12-ին հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը սկսեց արդարանալ, որ եթե չստորագրեր այս հայտարարության տակ, ապա կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը:

«Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարևոր է, և րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»,- հայտարարել էր նա և շարունակել, թե ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ:

Իսկ թե ինչո՞ւ Շուշին, Հադրութը և մյուս շրջանները կորցնելու մտավախությամբ ավելի շուտ չէր համաձայնում պատերազմը դադարեցնել, փաշինյանական արդարացումը հազար անգամ լսել ենք: Դրանք մի կողմից՝ ծիծաղելի են, անտրամաբանական, մյուս կողմից՝ հուշում են՝ պատերազմի դադարեցման այս ժամկետն էր գուցե ի սկզբանե նախագծված:

Նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել էր, որ տվել է իր համաձայնությունը, որպեսզի Փաշինյանը ստորագրի այդ, այսպես ասած, հրադադարի փաստաթուղթը: ՊՆ-ն և ԳՇ-ն ևս հայտարարություն էին տարածել, թե ժամանակն էր դադարեցնել արյունահեղությունը, և, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ են:

«Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արյունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց զինվորական պատվով հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։ Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից՝ կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»,- նշված էր ՊՆ-ԳՇ համատեղ հայտարարության մեջ, որտեղ նաև շեշտվում էր, որ բանակն արել է ամեն հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար, իսկ բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանին չէր բավարարել ՊՆ-ԳՇ համատեղ հայտարարությունը, և նա ցանկացել էր, որ նոյեմբերի 11-ին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր ընտանեկան թերթի հետ զրույցում անձամբ ասեր, որ Փաշինյանն այդ որոշումը կայացրել է իր իսկ առաջարկությամբ: Օնիկ Գասպարյանը հաշվարկ արե՞լ էր, ցանկացել էր չմերժե՞լ Փաշինյանի թերթին, թե՞ կեղտոտ տեխնոլոգիայի զոհ էր դարձել:

Ի դեպ, ընդդիմությունից գեներալ Օնիկ Գասպարյանին ավելի ուշ մեղադրում էին Փաշինյանին ՊՆ բունկերում պահելու-թաքցնելու համար: Ըստ որոշ տեղեկությունների էլ՝ նրա թաքուն տեղաշարժն ապահովվել է նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ավտոմեքենայով:

Ինչո՞ւ էր Փաշինյանը ցանկանում թաքնվել բունկերում, և ոչ՝ կառավարական առանձնատանը, կառավարության շենքում, երբ անթիվ զորք կարող էր ապահովել իր անվտանգությունը, գուցե մի օր իմանանք: Բայց նաև չմոռանանք, որ այդ ժամանակ Փաշինյանը դեռ «եղբոր պես» վստահում էր Օնիկ Գասպարյանին: Այն հօդս ցնդեց, երբ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ գտնելով, որ Փաշինյանը ի վիճակի չի ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Սա ԳՇ-ն գոնե հրապարակային հասկացել էր, երբ աշխատանքից ազատեցին ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին: Իսկ գուցե երկրի անվտանգությանը վերաբերող փակ հանդիպումներում ոչ ադեկվատ որոշումնե՞ր էր կայացրել Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Սյունիքի հատվածում զորքի հետքաշման հրամանը: Բայց դե մինչև դա էլ կայացվածներն առանձնապես ադեկվատ ու ողջամիտ չէին: Ինչևէ:

Ում «ձեռքով» է հանվել եռակողմ հայտարարության մեջ Տավուշի մարզի մասին հիշատակումը

Վերադառնալով եռակողմ հայտարարությանը, նշենք, որ Տիրան Խաչատրյանը yerevan.today-ի հետ զրույցում ամիսներ առաջ ասել էր, որ համաձայնագրում անկլավների հարց է դրված եղել:

Այս մասին 168.amգրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին:

Հայտարարության նախնական տարբերակում նշված է եղել, որ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը», որը հետո հանվել էր: Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։

168.amն անդրադարձել է նաև հայտարարության մեջ Լաչինի միջանցքի և ապաշրջափակման վերաբերյալ սրբագրումներին:

 Եռակողմ հայտարարության տողատակերը: Ի՞նչ է պայմանավորվել Ալիևը Պուտինի հետ

Լաչինի միջանցքի մասով, մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.)

Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը նման տեսք է ստացել.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.):

Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետի շարունակության մեջ ավելի ուշագրավ պահ կա.

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու, այլ հարց է, որ չի գաղտնազերծվում երթուղին:

Եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է

Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նման ձևակերպում է եղել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России. Իսկ արդեն հաստատված տարբերակում այս կետը նման տեսք է ստացել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Հայտարարության մեջ վիճահարույց է նաև ներքին տեղահանվածների վերադարձի մասին 7-րդ կետը, որին ևս մանրամասն անդրադարձ եղել է մեր կողմից:

Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հայկական կողմի օգտին միայն մեկ փոփոխություն է կատարվել, երբ համապատասխան ձևակերպման մեջ Ստեփանակերտը փոխարինվել է Լեռնային Ղարաբաղով:

Այլ հարց է, որ պատերազմից հետո վերջին մեկ տարում եղան եռակողմ համաձայնագրից դուրս զիջումներ: Իսկ բանակը, ինչպես մեկ տարի առաջ խոստացել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ ան­զիջում պայքար չմղեց մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Բանակը համաձայնեց, որ Փաշինյանը «իրավունքի ուժով» մտնի բանակ և իր կանոնները հաստատի, ազատում-ընդունում անի: Հետաքրքիր է՝ երբ առնվազն պատերազմից 2 օր առաջ պարզ էր պատերազմի սկսումը, արդյո՞ք եղել է հրաման բանակի չծավալման, քանի որ բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ որոշ տեղերում ՊԲ-ն պատրաստ չի եղել պատերազմն ընդունելուն, մինչդեռ 2 օրը բավական էր ամբողջական ծավալման համար: Սրանք հարցեր են, որ պիտի տան, մասնավորապես, Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը, Տիրան Խաչատրյանը:

Սողոմոն իմաստունն ասում է՝ ամեն ինչ իր ժամանակն ունի՝ պատերազմը, խաղաղությունը, լռելը, խոսելը: Որն է իշխանափոխությունից առաջ գեներալների խոսելու ժամանակը: Իհարկե, որոշ հարցերում: Այն, ինչ հրապարակային քննարկում չի պահանջում: Խոսքը տեղից ելնողի մեղադրանքին պատասխանելուն չի վերաբերում: 

Տեսանյութեր

Լրահոս