Բաժիններ՝

Պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ խորհրդատվությամբ. ՌԴ ԱԳՆ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասված է ԼՂ-ում հրադադարի հաստատման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության 1-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի և պահվող անձ։ Նրանցից Հայաստանին վերադարձվել է 105-ը, Ադրբեջանին՝ 17-ը: Դրանից բացի, ադրբեջանական կողմին տրվել է ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ:

«2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարության մեկ տարին: Այդ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը: Այսօր մենք կարող ենք փաստել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվածն ընդհանուր առմամբ իրականացվում է: Միևնույն ժամանակ կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են հավատարմությունը բոլոր դրույթների հետագա իրականացման հարցում:

Ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերները: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և պահվող անձ։ Նրանցից Հայաստանին վերադարձվել է 105-ը, Ադրբեջանին՝ 17-ը: Դրանից բացի, ադրբեջանական կողմին տրվել է ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ:

Տարածաշրջան պարբերաբար հասցվել է հումանիտար օգնություն, ականազերծվել են տարածքները, վերականգնվել են ենթակառուցվածքները: Իրենց տներ վերադարձել են 53 հազար անձինք: Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից տարածաշրջան հասցրել է 1581 տոննա հումանիտար բեռ և 800 տոննա շինանյութ:

Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հնարավորինս արագ հաղթահարելու մնացած մարդասիրական մարտահրավերները՝ ներառյալ բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև բոլոր անհայտ կորածների ճակատագիրը պարզելու, զոհվածների մարմինների փոխանցման և ականապատ դաշտերի հուսալի քարտեզների ամբողջական տրամադրման գործում: Արդիական է նաև պատմամշակութային, կրոնական ժառանգության անվտանգության ապահովումը։

Մենք մտադիր ենք գործընկերների հետ հետևողականորեն լուծել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը՝ ձևակերպված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Մենք բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Ռուսաստանի Ադրբեջանի և Հայաստան փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծում ենք հավասարակշռված շահերի վրա հիմնված կոնկրետ նախագծերի վաղ մեկնարկի անհրաժեշտությունն, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը։

Մենք կարևորում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացումը և դրա սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հնարավորինս շուտ։ Մենք պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առաջին հերթին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում:

Մենք կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը, Հարավային Կովկասի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը: Մենք պատրաստ ենք նաև նպաստել Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը ՌԴ մասնակցությամբ՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս