Անուղղակի միջամտության մասին
Կրթության ոլորտում շատ տարածված է ուղղակի մտածողությունը։ Օրինակ՝ եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ կատարել կրթության ոլորտում, ապա փոխում ենք դպրոցների, քոլեջների, համալսարանների ծրագրերը, կառուցվածքը, օրենսդրությունը և այլն։ Որոշ ժամանակ անց զգում ենք, որ առանձնապես բան չի փոխվել։ Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ որքան շատ ենք փոխում, այնքան բան չի փոխվում։ Նման ուղիղ մտածողությունը հետևանքն է, այն բանի, որ Հայաստանում ոչ ստանդարտ մտածողությունը չի խրախուսվել, և մենք աշխարհը տեսնում ու հասկանում ենք գծային մոդելով։
Իրականում, կյանքի տարբեր ոլորտներում կան հայտնի պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես ուղղակի մտածողությունը բերում է ձախողման։ Ամենահայտնի պատմություններից մեկը «Կոբրայի էֆեկտն» է։ Երբ անգլիացիները գրավել էին Հնդկաստանը, տարածքներից մեկում կային կոբրաներ։ Խնդիրը լուծելու համար անգլիացիներն ուղղակի մտածողությամբ առաջարկեցին հետևյալ լուծումը։ Նրանք հայտարարեցին, որ պատրաստ են վճարել հնդիկներին 5 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր սատկած օձի համար։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ օձերի թիվն ավելացել է, քանի որ հնդիկները որոշել էին օձեր բազմացնել։
Նույն տրամաբանությամբ մտածում ենք, որ կրթության տևողությունը, կառուցվածքը, բովանդակությունը փոխելը բերելու է լավ արդյունքների։ Իմ կարծիքով, Հայաստանի կրթության համակարգը փոխելու փոխարեն, պետք է վերանայենք 2 բան. վաղ մանկության կրթությունը և մեծահասակների կրթությունը (25 տարեկանից բարձր)։ Սա կլինի կրթության խնդիրների անուղղակի լուծում։ Վաղ մանկության կրթությունը կարելի է համեմատել սերմի հետ։ Եթե մենք ձախողում ենք վաղ մանկության կրթությունը, ապա չենք կարող ունենալ լավ կրթություն։ Շատ ողջամիտ կլինի, եթե ամենաբարձր աշխատավարձը սահմանվի վաղ մանկության կրթության մեջ ներգրավված մասնագետների համար։ Մանկապարտեզի դաստիարակն ունի ամենամեծ հնարավորությունը երեխաների վրա ազդելու։ Համալսարանի պրոֆեսորը շատ բան չի կարող փոխել 18-22 տարեկան մարդու կյանքում։ Դաստիարակը կարող է։ Բայց մենք այնքան ցածր ենք վճարում դաստիարակներին, որ պարզապես անիմաստ է խոսել որակյալ կրթության մասին։ Եթե մենք մեծ ուշադրություն դարձնենք ծնողական կրթությանը, մանկապարտեզներին, ապա դպրոց եկող երեխաներն ավելի հակված կլինեն սովորելու։
Մյուս բևեռը, որին պետք է ուշադրություն դարձնենք՝ մեծահասակների կրթությունն է։ Այս ոլորտը մեզանում համակարգման կարիք ունի։ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր մեծահասակների համար։ Բայց խնդիրն այն է, որ մեծահասակների սովորելու մոտիվացիան ցածր է։ Շատերը մասնակցում են դասընթացների, քանի որ դա օրենքի պահանջ է, պարտադիր է։ Ոմանք մասնակցում են պաշտոնեական առաջխաղացում ստանալու նպատակով։ Մի մասն էլ մասնակցում են, քանի որ կազմակերպիչներն իրենց վերադասն են, բարեկամներն են, ընկերները։ Իրականում շատ քիչ են այն մեծահասակները, որոնք մասնակցում են ուսումնական դասընթացների՝ պարզապես սովորելու նպատակով։ Մեծահասակները հնարավորինս խուսափում են դասընթացներից, վերապատրաստումներից, եթե, իհարկե, դրանք արտերկրում չեն։ Մի խոսքով, մեծահասակների շրջանում դասընթացների մասնակցելը պատժի նման մի բան է։
Այս ամենը բացասաբար է ազդում աշակերտների և ուսանողների վրա։ Տեսնելով մեծերի դժկամությունը, անտարբերությունը սովորելու նկատմամբ, աշակերտները և ուսանողները նույնպես ցանկություն չեն ունենում սովորելու։ Կարելի է ասել, որ եթե մենք անուղղակի մտածենք, ապա պետք է կարևորենք մեծահասակների կրթությունը, ինչն էլ իր հերթին՝ կարող է բերել կրթության համակարգի զարգացմանը։ Եթե վաղ մանկության կրթությունը կրթության համակարգի սերմն է, ապա մեծահասակների կրթությունը ոռոգման համակարգն է։ Երբ մեծահասակները սովորում են, կրթության համակարգը մեծ աջակցություն ու մոտիվացիա է ստանում։
Շատ հարցերում մենք անարդար խիստ ենք դպրոցների, քոլեջների, համալսարանների նկատմամբ։ Ուսուցիչները, դասախոսները մեծ խոչընդոտների են հանդիպում, քանի որ վաղ մանկության կրթությունը ձախողված է, իսկ մեծահասակների սովորելու մշակույթը շատ ցածր է։ Այսքանից հետո ուսումնական հաստատությունները շատ բան չեն կարող փոխել՝ ունենալով շատ ցածր ֆինանսավորում։
Մենք չենք կարող կրթության ոլորտում հաջողության հասնել ուղղակի բարեփոխումներ իրականացնելով։ Չափորոշիչներ փոխելը, ուսուցիչների վերապատրաստելը, կամավոր ու պարտադիր ատեստավորելը փոփոխության ուղղակի ձևեր են, որոնք շատ բան չեն տա։ Դպրոցներում, քոլեջներում ու համալսարաններում ավելի շատ բան կփոխվի, եթե 0-6 տարեկան և 25-ից բարձր տարիքի մարդիկ ներառվեն կրթության մեջ։ Եթե կրթությունը միայն դպրոցականների և ուսանողների համար է, ապա այն չի կարող ունենալ բարձր արդյունավետություն։ Եթե կրթությունը մեծահասակների կողմից փոքրերին պարտադրված գործունեություն է, ապա անհնար է այն բարելավել։ Եթե մեծահասակները սովորողներ չեն, ապա երեխաները նույնպես չեն կարող լինել սովորողներ։
Շատ կարևոր է, որ մեր կրթական բարեփոխումներում հաճախակի մտածենք անուղղակի միջամտությունների մասին։ Մարդիկ ավելի հակված են փոխվելու, երբ դուք իրենց չեք ասում, որ ուզում եք իրենց փոխել։ Մեր ուսուցիչներն ու դասախոսները չեն փոխվի, եթե մենք խոսենք այն մասին, որ ուզում ենք իրենց քննել, ատեստավորել, վերապատրաստել։ Վերջին բառն ընդհանրապես պիտի հանենք շրջանառությունից, քանի որ մարդուն հնարավոր չէ վերապատրաստել։
Պետք է մտածենք այնպիսի միջավայրի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա մարդկանց աճել, զարգանալ, ինքնակրթվել ու կրթվել։ Իսկ դա չենք կարող անել ուղղակի։