Վերաքննիչ քրեական դատարանի` Քովիդով հիվանդ դատավոր Արմեն Դանիելյանը չի հանձնել հրատապ գործերը. թիրախում դեռ համայնքապետեր կան
Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու` պաշտոնավարման ժամկետը լրանալուց ու նրա փոխարեն Տիգրան Սահակյանի նշանակվելուց և հատկապես քրեական գործերի մակագրման համակարգն անժամկետ առգրավելուց ու անհետացնելուց հետո ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Վերաքննիչ քրեական դատարանում։
168.am-ի տեղեկություններով` այդ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով մասնագիտական շրջանակներին բավականին հայտնի է մասնավորապես պաշտպանական կողմին ձայնի իրավունքից զրկելու ու առանց նրանց լսելու դատական ակտ կայացնելու իր հանրահայտ պրակտիկայով, այս օրերին վարակված է Քովիդով։
Մեզ ասացին` արդեն վարակակիր ու հիվանդ դատավորը դեռ մի քանի օր աշխատանքի է գնացել. հավանաբար հրատապ խնդիրներ ուներ լուծելու։
Ինչևէ, այս պահին խոսքն անգամ դրա մասին չէ, այլ նրա, որ վերջինս բավականին տևական ժամանակ է` բնականաբար, աշխատանքի չի գալիս, սակայն իր վարույթում եղած քրեական գործերի քննությունը, հատկապես կալանքի գործերը այդպես էլ որևէ մեկի չի հանձնել։
Առհասարակ Վերաքննիչ քրեական դատարանում նման պրակտիկա կա. երբ դատավորը հիվանդանում կամ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չի լինում քննել գործեր, ասենք արձակուրդ է մեկնում, հրատապ գործերը հանձնում է այլ դատավորի, իսկ կալանքի գործերը հենց հրատապ քննվող գործերի շարքից են։
Մեզ ասացին` կալանքի տակ պահելու ենթակա համայնքապետեր կան դեռ, և այդ հարցը Արմեն Դանիելյանը պետք է լուծի, ու հենց այդ պատճառով էլ կորոնավիրուսով հիվանդ դատավորը չի հանձնել դրանք հավանաբար` Ֆորսմաժորային իրավիճակից խուսափելու համար։
Մեր տեղեկություններով` Արմեն Դանիելյանը երեկ է վերադարձել աշխատանքի. լուրեր են պտտվում, որ անգամ առանց թեստ հանձնելու։
Այսօր` ժամը 10:00-ին, Արմեն Դանիելյանը կքննի իրեն հանձնարարված կալանքի առաջին գործը։ Թե ինչ ճակատագիր կունենա կալանքի այդ գործը, կիմանանք կարճ ժամանակ անց։ Մենք շարադրել ենք զուտ փաստերը։
Վաղը ևս մեկ կալանքի գործ է քննելու Արմեն Դանիելյանը, որն ի դեպ նրա վարույթում է արդեն մեկ ամիս։
Եվս մեկ արատավոր պրակտիկա է ձևավորվել Վերաքննիչ քրեական դատարանում։ Մեր տեղեկություններով` նախկինում, երբ գործերը բաշխելու ավտոմատ համակարգը դեռ գործում էր, քրեական գործերը դատարան մուտք գործելուց անմիջապես հետո բաշխվում էին։
Հիմա դրանք մի քանի օր մնում են դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի մոտ, ապա նոր հանձնվում դրանք քննող դատավորներին։ Թե ինչ հարցեր են լուծում այդ ընթացքով ու ինչ շահագրգռություններով պայմանավորված են այդ գործերը օրեր շարունակ քնում Տիգրան Սահակյանի աշխատասենյակում, մնում է միայն գուշակել։