«Իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում». Հայկ Խալաթյանը՝ հասարակությանը
«Երբ Հայաստանում դժգոհ են որևէ մեկի գործողություններից, պետք է հարց տալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան կամ որևէ մեկը փոխելո՞ւ է իր քաղաքականությունը: Հայ հասարակությունը քվեարկեց այն մարդու օգտին, որը հռչակել էր, որ բոլոր տեսակի զիջումների պատրաստ է և դա անելու է ընտրություններից հետո: Դրանից հետո բողոքել, որ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը կամ Չինաստանը որևէ հարց են լուծում Հայաստանի հաշվին, դա առնվազն սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում շահեր ունեցող ցանկացած խաղացող փորձում է իր շահերը իրագործի՝ ի հաշիվ Հայաստանի՝ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունը ցանկացած միակողմանի զիջման պատրաստ է. «Եվ ելնելով նաև այն փաստից, որ հայ հասարակությունը, փաստացի, նույնպես կողմ է այդ զիջումներին՝ հունիսի 20-ին քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին: Դրա համար պետք չէ զարմանալ, որ որևէ երկիր իր խնդիրներն է լուծում: Բայց միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը և Թուրքիան ունեն լուրջ խնդիրներ, այդ պատճառով է, որ Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, որպեսզի Ռուսաստանը միշտ ունենա ազդեցության գործիք Թուրքիայի վրա: Չմոռանանք, որ թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում գիտեն, որ եթե իրենց խելոք չպահեն, այս հարցը կարող է լուծվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Եթե պատրաստ են զիջումների, կարող է որևէ այլ ֆորմատով լուծվել»:
Հայկ Խալաթյանը նկատեց. «Միակ երկիրը և ժողովուրդը, որ ցանկություն չունի այս տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու, դա Հայաստանն է, հայ ժողովուրդը»:
Անդրադառնալով Էրդողանի առաջարկած 3+3 ձևաչափին, նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն կարող կանգնել և ասել, որ համաձայն չեն այդ ձևաչափի հետ. «Դրա համար, նրանց միակ հույսն այն է, որ Վրաստանը, որը լուրջ կախվածություն ունի Արևմտյան երկրներից, կհամարձակվի ոչ ասել այս ֆորմատին՝ հաշվի առնելով, որ այստեղ Արևմուտքը ներկայացված չէ: Օրինակ՝ ինչո՞ւ է Թուրքիան առաջարկում այս ֆորմատը, որովհետև Արևմուտքը այս ֆորմատից դուրս է մղվում, և փաստացի միակ Արևմուտքի ներկայացուցիչը լինելու է Թուրքիան, և փաստորեն, ոչ միայն նրա ազդեցությունն է տարածաշրջանում ուժեղանում, այլ նաև նրա նշանակությունն է Արևմուտքի համար մեծանում: Դրա համար պետք է հույս ունենանք, որ Վրաստանը կկարողանա այդքան ուժ գտնել և մերժել Ադրբեջանին և Թուրքիային՝ չնայած, որ նրանցից կախվածություն ունի»:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ հայ հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ չի ուզում պայքարել, այլ ուզում է, որ որևէ մեկն իր խնդիրները լուծի, ցանկալի է՝ միանգամից. «Չի կարող նման բան լինել: Եթե հայ հասարակությանը թվում է, որ Իրանում իշխանության են ինքնասպաններ և կփորձեն թույլ չտալ Սյունիքով միջանցքի տրամադրում՝ պատերազմի մեջ մտնելով Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի հետ, ես դեռ չեմ ասում, որ կարող է ԱՄՆ-ը օժդանդակել այդ երկրներին, սխալվում են: Իհարկե, Իրանը դեմ է լինելու այդ ամենին, բայց մենք տեսանք, որ Իրանի ԱԳՆ-ն առաջին հերթին գնաց Մոսկվա՝ բանակցելու, որպեսզի Ռուսաստանն էլ միջամտի՝ հասկանալով, որ Թեհրանը միայնակ չի կարող այդ երկրների վրա ազդել: Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները այսպես վստահ իրենց պահում, որովհետև հասկանում են, որ նույնիսկ ցանկության դեպքում Իրանը չի կարող որևէ ոտնձգություն կատարել Ադրբեջանի նկատմամբ»:
Հայկ Խալաթյանը շեշտեց՝ 2018թ. հայ հասարակությունը ակտիվ մասնակցում էր այն գործողություններին, որոնք ի վերջո բերեցին Արցախի կործանմանը և լուրջ խնդիրներ ստեղծեցին Հայաստանի անկախ պետականության համար. «Պետք է ընդունել, որ 2018թ. լուրջ սխալներ են եղել, բայց մեր հասարակությունը չի ուզում ընդունել, որ 2018թ. սխալվել է, որովհետև չի ուզում իրեն մեղսակից զգալ այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2020թ. և տեղի է ունենում 2021թ.: Մեր հասարակությունը պետք է ընտրի՝ կամ ինչ սխալ եղել է, պետք է ուղղել, և դուրս գա պայքարի այնպես, ինչպես 2018թ. էր պայքարում, կամ լավագույն դեպքում՝ Հայաստանը կդառնա չկայացած պետություն, իսկ վատագույն դեպքում՝ մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը: Որևէ մեկը՝ լինի Ռուսաստան, ԱՄՆ, Իրան թե Հայաստանի ընդդիմություն, չի կարող այդ խնդիրը լուծել: Եթե ընդդիմությունը հասկանա, որ ժողովուրդը պատրաստ է լուրջ պայքարի, կսկսեն այդպիսի հանրահավաքներ՝ նպատակ ունենալով հեռացնել Փաշինյանին: Ես ինքս եմ սպասում այդ ակտիվ գործողություններին, բայց պետք է հասկանալ՝ պահ կա, երբ ավելի լավ է՝ դու որևէ բան չձեռնարկես, քան ձեռնարկես, շատ քիչ մարդ դուրս գա, ինչը կբերի հասարակության ավելի մեծ հիասթափությանը»:
Քաղաքական մեկնաբանը հայ ժողովրդի մոտ հիասթափություն և ապատիա է տեսնում. «Մարդիկ քվեարկում են ոտքերով՝ հեռանալով Հայաստանից: Ես արդեն ասացի, որ մարդկանց համար հոգեբանորեն շատ դժվար է ընդունել, որ նրանք թե՛ 2018թ., թե՛ 2021թ. սխալվել են, բայց էլի եմ ասում՝ այլ լուծում չկա, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ժողովուրդը մեր երկիրը տանում է կործանման: Եթե մեր ազգը ուզում է դառնալ ժողովուրդ-մատուցող, որը սպասարկելու է թուրք-ադրբեջանական տուրիստներին, դե, ի՞նչ անենք: Բայց ես հույս ունեմ, որ ուշ թե շուտ զարթոնք կլինի, և կհասկանան, որ այսպիսի «ապագա» հայ ժողովրդին պետք չէ, և կպայքարենք ավելի լավ ապագայի համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում