
Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Գալստյանների ընտանիքը ստիպված տեղահանվեց ԱՀ Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղից: Բազմազավակ ընտանիքը հաստատվեց Ստեփանակերտում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 61-ամյա Կարինե Գալստյանն ասաց, որ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ը, Զարդանաշենի օրն էր, և ողջ գյուղը պատրաստվում էր տոնին, սակայն, ինչպես կինն է ասում, ամբողջ օրը միայն կրակոցների անտանելի ձայներ էին լսվում։
«Գյուղից ամենավերջինն եմ դուրս եկել, որովհետև որդիս՝ Կամոն, 22 օր շարունակ կռիվ էր տալիս Մարտունու պաշտպանական դիրքերում: Հոկտեմբերի 27-ին, երբ թշնամին արդեն Շեխերի մոտակայքում էր, նրա հորդորով դուրս եկա գյուղից . Աբովյան քաղաքում էինք ժամանակավոր ապաստան գտել: Դեկտեմբերի 27-ին հետ վերադարձանք Արցախ՝ այն հույսով, որ կկարողանանք մի տուն գտնել, բայց մինչ օրս 10 հոգով ապրում ենք աղջկաս տանը»,- պատմել է Կ. Գալստյանը՝ տեղեկացնելով, որ տան պայմանները, մեղմ ասած, լավ չեն։
Կայքի զրուցակցի խոսքով՝ մինչ օրս օգտվել են տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցությունից. երկու ամիս առաջ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից սառնարան են ստացել, ԿԽՄԿ-ի կողմից էլ՝ սնունդ և հիգիենայի պարագաններ:
Տիկին Կարինեն այսօր Ստեփանակերտի քաղաքային շուկայում ամսական 50 հազար դրամով տաղավար է վարձակալել և արցախյան ժենգյալով հաց է թխում, գյուղմթերք էլ է վաճառում, օրվա հացը վաստակում, դիմացի խորովածանոցում էլ որդին է աշխատում՝ այդպիսով թեթևացնելով տան հոգսը: Եվ, այնուամենայնիվ, նա չի հուսահատվում։
«Արցախ աշխարհին խաղաղություն եմ մաղթում,-ասում է,-որպեսզի մեր սերունդներն ապրեն մեր պապերի հայրենիքում»: