Դատախազի ենթագիտակցությամբ դատավորները` որպես իշխանությունների սրտի դատավորների մոդել
Օրեր առաջ 168.am-ը գրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր երկրորդ անգամ ՀՀ նախագահի հրամանով նշանակված Տիգրան Սիմոնյանի երկու նշանակումների ու դրանց ոդիսականի մասին։ Տեղեկացրել էինք, որ թեպետ ինքը Վերաքննիչում հայտարարել է, որ չի կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը, և դրա համար է դուրս գալիս դատական համակարգից, սակայն յուրայինների շրջապատում խոսում է բոլորովին այլ պատճառների մասին։
Մեր հրապարակումից հետո մեզ նոր տեղեկություններ հասան թե Տիգրան Սիմոնյանի խնդիրների ու աշխատանքից դուրս գալու դրդապատճառների, և թե ներկայումս իշխանության բարձրագույն օղակներում նրա ունեցած կապերի մասին։
Թե որքանով են դրանք, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ ունեցած ընկերական կապերը նպաստել, որ Տիգրան Սիմոնյանը կրկին ցանկանա աշխատել դատական համակարգում, չենք էլ ուզում գուշակել` չմտնելով մատի և մատանու արանքը։
Բացի դրանից, մերձդատական համակարգի մեր աղբյուրները բավականին ուշագրավ մանրամասներ պատմեցին դեռ առաջին նշանակման ժամանակ Տիգրան Սիմոնյանի աշխատելու ոճի մասին։
Մեզ ասացին, որ առհասարակ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունին այնպիսի միջավայր էր ստեղծել, որտեղ ենթադրվում էր ազնիվ, թափանցիկ, անկաշառ աշխատանք։ Եվ այն, ինչ հիմա մնացել է Վերաքննիչ քրեական դատարանից, երբ մասնավորապես փաստաբանները սովորույթի ուժով արդարադատության իրենց վերջին հույսը կապում են հենց այդ ատյանի հետ, բացառապես Վազգեն Ռշտունու վաստակի ու աշխատանքի արդյունքն է։
Ինչևէ, Վերաքննիչ քրեական դատարանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջին նշանակումից հետո Սիմոնյանն իրեն դատական նիստերի ժամանակ պահում էր ոչ թե որպես քրեական իրավունքի մասնագետ, ինչը դասախոսում է ԵՊՀ-ում, այլ՝ որպես մեղադրող դատախազ։
Այս մոտեցումը Վերաքննիչում նույնիսկ զավեշտի է հասել, դե, իսկ ինքն էլ ամեն անգամ վիրավորվել է, երբ դատարանի կազմում, անգամ, երբ ինքն է նախագահող եղել, իր մոտեցումները հավանության չեն արժանացել։
Մեզ պատմեցին, որ Տիգրան Սիմոնյանը սովորություն է ունեցել Վազգեն Ռշտունու մոտ ամեն անգամ բողոքել, թե մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարծես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից լինի, այլ ոչ թե դատավոր։ Ու այս կարծիք հայտնողն ըստ էության սկսնակ դատավոր է եղել, ով խոսել է 20-ամյա աշխատանքային կենսագրություն ու վաստակ, համբավ ունեցող դատավորի մասին։
Ինչևէ, հիմա էլ այստեղ-այնտեղ Տիգրան Սիմոնյանը, մեզ հասած տեղեկություններով, բողոքում է կրկին Ալեքսանդր Ազարյանից` բոլորին պատմելով տարիներ առաջ տեղի ունեցած մի կենցաղային դատավարության մասին, որի ընթացքում մեղադրյալն արդարացման հիմքով ազատվել է, ինչը դուր չի եկել Տիգրան Սիմոնյանին։
Եվ երբ նրան բացատրել են, թե հիմքեր չկան այդ անձին, օրինակ, խուլիգանության համար մեղադրելու համար, Տիգրան Սիմոնյանի միակ ու վերջին փաստարկը եղել է հետևյալը. բայց չէ՞ որ նա նախկինում 4 անգամ դատված է եղել։
Վերաքննիչում այս ձևակերպումը դեռ երկար ժամանակ զվարճացրել է դատավորներին։
Ի դեպ, երբ Տիգրան Սիմոնյանն ասել է, որ ցանկանում է դատական համակարգից դուրս գալ ու վերադառնալ 120000 դրամանոց դասախոսական աշխատանքին, նրան հորդորել են լավ մտածել, որովհետև նախ՝ ամեն դեպքում, 450000-ը մեծ է 120000-ից, եթե դու, իհարկե, կողմնակի եկամուտ չունես, ու բացի դրանից էլ՝ արդյո՞ք այդքան հեշտ է դատավոր դառնալը, որ հեշտությամբ հրաժարվում է այդ պատվաբեր աշխատանքից։
Տիգրան Սիմոնյանը մնացել է անդրդվելի։
Իհարկե, յուրաքանչյուր դատավոր ինքն իր խղճի, մասնագիտական ու պրոֆեսիոնալ ունակություններով է կայացնում դատական ակտ, որքան էլ որ դա, օրինակ, արդարադատության նախարարին դուր չգա, բայց վստահաբար Տիգրան Սիմոնյանը կդառնա իշխանությունների սրտի դատավորը, քանի որ նրանց հենց դատախազի հոգեբանությամբ դատավորներ են պետք։
168.am-ը կապ հաստատեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ` փորձելով ճշտել մեր ունեցած տեղեկություններն իր ու Տիգրան Սիմոնյանի հարաբերությունների մասին։
Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց մեկնաբանել որևէ ինֆորմացիա` ասելով, որ իր համար հետաքրքիր չէ այդ թեման, ապա նաև հաջողություն մաղթեց Տիգրան Սիմոնյանին հետագա աշխատանքում։