«Պատերազմից հետո հաջորդ մեծ ապտակն ինձ համար ընկերոջս՝ մեր Հայկոյի հեռանալն էր». Արսեն Սաֆարյան

«Մենք բավականին շատ լացեցինք, բավականին շատ ճնշվեցինք. պետք է նաև մտածել ապրելու մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը:

«Բոլորի նման, ես էլ եմ փորձում ապրել. Իհարկե, ամեն օր մտքիս նույն պատերազմն է, և ամեն օր նույն հարցերն են՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Ես չեմ առանձնանում. բոլորի մոտ են այդ հարցերը: Գլխիդ մեջ տարբեր պատասխաններ են պտտվում, փորձում ես կողքից նայել, փորձում ես ներսից նայել, է՜, ոնց ուզում ես՝ նայիր՝ ունենք այսօր այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա:

Արսեն Սաֆարյանը պատերազմի հենց սկզբից կամավորագրվել և մեկնել էր առաջնագիծ: «Սկզբից չես գիտակցում՝ ինչ է կռիվը, սկզբից հայրենասիրական ոգևորվածությունն է քո մեջ, հերոսներն են քո մեջ, երգերն են քո մեջ, ոգևորությունն է և այն գաղափարը, որ դու տղերքի կողքին պետք է լինես, որովհետև այդ կռիվը միայն իրենցը չէր, այդ կռիվը քոնն էլ էր: Սկզբում սա էր, բայց երբ գլխիդ վերևով արդեն շատ տարբեր տրամաչափերի ձայներ ես լսում և հասկանում, որ դուք եք թիրախը, և վառած օդի հոտը քիթդ է մտնում, այդ ժամանակ նոր հասկանում ես՝ ինչ է պատերազմը: Բայց դա «բարով ես եկել»-ն է: Իսկ հետո, երբ արդեն շուրջդ է պայթում այդ ամենը և ցնցում է քեզ, ու ականջներիդ մեջ լռություն է, ոչինչ չես լսում, և երբ մտովի սկսում ես արդեն հրաժեշտ տալ ընտանիքիդ, մտերիմներիդ, այդ ժամանակ հասկանում ես՝ ինչ է պատերազմը: Այդ ժամանակ, երբ քիթ ու մռութով հողի մեջ ես, իսկ մի ժամանակ երգում էիր՝ հող հայրենի, այդ ժամանակ հասկանում ես հայրենի հողի ամբողջ համն ու հոտը: Դրանք են զգացողությունները և կռիվն է՝ վախի ու կամքի կռիվն է քո մեջ, որովհետև դու մարդ ես, և արդյո՞ք այդ ճնշմանը դու կդիմանաս, թե՞ ոչ: Իսկ դիմանալ կարելի է կազմակերպված, երբ քո շուրջը տեսնում ես փորձառու, ճիշտ հրամանատարական կազմ»,- նշեց երգիչը:

Արսեն Սաֆարյանը նշեց, որ հյուսիսում են կռվել. «Երբ այլ ճակատներից սկսեցինք տարբեր ինֆորմացիաներ լսել, երբեմն ուղեղիս մեջ չէր տեղավորվում՝ նույն նահանջների, անհասկանալի գործողությունների մասին: Ես ռազմագետ չեմ, մասնագետ չեմ, բայց ասում եմ այն, ինչ տեսել և լսել եմ»:

Հարցին՝ այդ ժամանակ պատերազմի նման ելքը կանխատեսելի՞ էր, նա պատասխանեց. «Մենք հաղթում էինք, մենք կանգնած էինք: Մեզ մոտ այդպես էր, որ մենք հաղթում ենք: Իսկ ո՞վ էր խոսում պարտվելու մասին, ո՞ւմ մտքով էր դա անցնում, կա՞ր նման մարդ, որ այդպիսի բան մտածեր: Ես երբ հերթափոխով եկա, կարծեմ՝ հոկտեմբերի 17-ն էր, այդ ժամանակ Արցախը պարտված չէր: Հետո ունեցանք այն, ինչ ունեցանք: Մեզ համար շատ կարևոր բաներ ունենք քննարկելու, ջրի երես բերելու, հուսով եմ, որ ռազմական գործի վարպետները, բացի կաբինետներում մունդիրներով նստելուց՝ կսկսեն նաև քննարկել շատ-շատ իրավիճակներ»:

Երգիչը պատերազմից հետո նույնպես մեկնել է Արցախ. «Նախ՝ սկզբից չէի հասկանում՝ ինչպես եմ մեկնելու, ինչ եմ տեսնելու: Այնպես ստացվեց, որ Երգի պետական թատրոնը՝ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնում էր Արցախ՝ մի քանի զորամասերում փակ համերգ-հանդիպումների: Հիշում եմ այդ ամբողջ ընթացքը. Օտարությունը սկսվեց, երբ կանգնեցնում են, բայց ամենասարսափելին ինձ համար՝ երբ մոտեցա Շուշիին՝ գրված էր՝ Շուշա, ու իրենք կանգնած էին: Մի տեսակ պարտությունը ոնց որ օդում էլ լիներ: Տեսա շատ դեմքեր, որ այդպես չէի տեսել, տեսա շատ կանանց, ում միշտ շատ խնամված եմ տեսել, բայց այս անգամ սևավորված էին: Դուրս եկա երգելու, չհասկացա, թե ինչու դուրս եկա, ինչու պետք է երգեմ: Մի խոսքով՝ դժվար էր, բայց պետք էր: Ես հիմա էլ տղերքին ասում եմ՝ պետք է գնալ, այդ անորոշ վիճակը չպետք է մնա, պետք է գնաս՝ առնչվես իրականության հետ»:

Արսեն Սաֆարյանը անդրադարձավ նաև իր ընկեր երգիչ, երգահան Հայկոյի անժամանակ մահվանը. «Վերջին անգամ երևի թե մի ամիս առաջ իմ տանն եմ հանդիպել նրան: Պատերազմից հետո հաջորդ մեծ ապտակը ինձ համար հենց ընկերոջս՝ մեր Հայկոյի հեռանալն էր: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, սառած ենք. Միայն գիտեմ, որ մեզ թողեց ու գնաց: Մեզ թողեց շատ տաղանդավոր երգահան, մեզ թողեց երաժիշտ, ով իսկապես ճաշակ թելադրող էր և ուներ շատ-շատ անելիքներ: Դրանից բացի, հեռացավ իսկապես սիրող հայր, իսկ ես տեսել եմ, թե ինչպես է նա իր որդուն վերաբերվում: Մեզնից հեռացավ իսկապես լավ ընկեր, մեզնից հեռացավ մարդ, ով արդեն վայելում էր իր տարիներին պտուղները, ով իսկապես կայացել էր և պետք է դեռ շատ երկար հարգանք ու շատ սեր վայելեր: Այ, դա հաստատ գիտեմ»:

Արսեն Սաֆարյանը հիշեց, որ երբ մտնում էր ստուդիա, Հայկոյին հարցնում էր՝ նոր երգ ունի՞, դրական պատասան ստանալու դեպքում Հայկոյին ասել է՝ դե, միացրու՝ մի հատ նախանձեմ.

«Պատերազմից հետո մի ուրիշ ջերմությամբ իրար հանդիպեցինք, ես զգում էի, թե ինքը ոնց է հպարտանում, և ինձ ասաց՝ ես հպարտ եմ, որ մեզնից պատերազմ գնացողներ են եղել, ու հենց դու ես եղել, ես դրանով շատ եմ հպարտանում: Իսկապես, նախանձելի երգերի հեղինակ էր, հենց էնպես չեմ ասել, չէ՞՝ միացրու՝ նախանձեմ մի քիչ: Կհանդիպենք բոլորս էլ մի օր, հաստատ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս