Այդ ծրագրի լոկոմոտիվ պետութունը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում:

Թուրքիայի նախագահը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին, և, որ ներկա պահին շարունակվում են բանակցությունները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձևավորման շուրջ:

Կրկին մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում կրկին նույն թեմայով քննարկումներ են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Թե որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձևաչափի իրագործումը, ի՞նչ կտա այն Հայաստանին և, ի վերջո, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թե՞ շարունակելու է պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նախ արձանագրեց.

«Հայաստանի կարգավիճակը և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում ներկայացվածությունն այնպիսին է, որ Հայաստանը որոշում ընդունող չէ և, ըստ էության, Հայաստանը դիտորդ է այն պրոցեսների, որոնք վերաբերում է նաև հենց իրեն: Այնպես որ, ակնկալել Հայաստանի դիրքորոշումը կամ դրանով պայմանավորել այդ պրոցեսների ընթացքը, իմ կարծիքով, սխալ կլինի»:

Թուրքագետը նաև հավելեց, որ տարածաշրջանային գործընթացները մեծ բանակցությունների արդյունքն են, և պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում, շաղկապված են այլ կոնֆլիկտների հետ, ինչը Հայաստանի համար շահեկան չէ:

«3+3» ձևաչափին անդրադառնալով՝ Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց.

«Պետք է ֆիքսենք, որ դա թուրքական ծագիր է, որ մեկնարկել էր դեռ 2008 թվականին, և, որ Թուրքիան դրանով հասնում է իր նպատակին: Այսինքն՝ այդ ծրագրի լոկոմոտիվ պետությունը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. թուրք-ադրբեջանական շահեր, իրենց համար առաջնայնություն ունեցող խնդրիների լուծում և այլն: Իսկ կոմունիկացիաների բացումը, կարելի է ասել՝ տնտեսական շղարշն է, բայց թե դրա տակ ի՞նչ քաղաքական հետևանքներ կան՝ արդյո՞ք դրա տակ կա Սյունիքի միջանցքի գաղափարը, Արցախի ճանաչումը՝ որպես Արդբեջանի մաս և այլն, ժամանակը ցույց կտա: Ես թերահավատ եմ, որ թուրքական ծրագրերում կարող են լինել հայաստանանպաստ կամ հայանպաստ լուծումներ:

Պետք է ֆիքսենք նաև, որ այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանի դիրքերն անհամեմատ ավելի թուլացել են այս տարածաշրջանում և համաշխարհային զարգացումներում, սա կարող ենք համարել նաև ինչ-որ առումով զիջում, որովհետև Ռուսաստանը, փաստորեն, համաձայնում է թուրքական ծրագրին և իր գործընկեր Հայաստանին նույնպես հորդորում է համաձայնել:

Եթե պատկերավոր ասենք՝ պրոցեսները գնում են շատ արագ, և մենք այդ պրոցեսներին ուղղակի փորձում ենք հասնել առանց մասնակցություն ունենալու որոշումներ ընդունելու մեջ: Մենք վազում ենք ընթացող գնացքի հետևից, որը վարում են մեր թշնամի երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը»:

Տեսանյութեր

Լրահոս