Այն, ինչով այսօր զբաղվում ենք, բարբարոսություն է. Ռուբեն Բաբայանը՝ չվաճառված տոմսերի ճակատագրի մասին
ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 20-ին տոմսային տնտեսության շուրջ քննարկում էր տեղի ունեցել՝ թատրոնների տնօրենների մասնակցությամբ: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը գլխավորում է թատրոնների տնօրենների խորհուրդը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե նախկինում ինչպես էր վարվում թատրոններում տնտեսության կարգը, և հիմա ինչ պետք է փոխել:
«Տոմսային տնտեսության կարգը, որը հիմա գործում է, ընդունվել է 2008 թվականին, և ենթադրում է, որ պետք է ամեն մի ներկայացման համար առանձին տպվեն տոմսային գրքույկներ: Պետք է նշվի օրը, ժամը, կարգը, տեղը, գինը: Ու այս ամենը՝ հաշվետվության համար: Եվ այն տոմսերը, որոնք չեն վաճառվում, հավաքվում են, ու տարին մեկ անգամ համապատասխան հանձնաժողով է ստեղծվում, գալիս և հրապարակայնորեն այրում են: Բայց դրանից հետո մտավ ՀԴՄ հասկացությունը ու ՀԴՄ-ն դարձավ որպես ֆինանսական հաշվետվության հիմնական փաստաթուղթ, որովհետև ամեն տոմսի հետ տրվում է ՀԴՄ կտրոն: Տոմսագրքույկն ու տոմսը սկսեցին խաղալ սերվիսային դերակատարում: Իսկ նրանով, ինչով այսօր զբաղվում ենք՝ բարբարոսություն է: Նկատի ունեմ տոմսագրքույկներն այրելը»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Տիկնիկային թատրոնի տնօրենն ընդգծեց՝ վերջին տարիներին մեծ տարածում է գտել տոմսերի օնլայն վաճառքը: Տոմսերի 50-60 տոկոսն օնլայն վաճառքով է լինում: Սա նշանակում է, որ թղթից տոմսագրքույկի ևս 50 տոկոս մնում է:
«Ուստի մենք առաջարկություն արեցինք. քանի որ ֆինանսական փաստաթուղթը ՀԴՄ կտրոնն է, միգուցե տեղադրվեն սարքեր, որոնք կան կինոթատրոններում և ամբողջ աշխարհում. տոմսը տպվում է տեղում և, փաստորեն, որևէ թուղթ իզուր չի կորում: Սարքերը, եթե մեծ քանակությամբ գնեն, գուցե մատչելի լինեն: Դրանք օգտակար կլինեն թատրոնների, համերգասրահների, թանգարանների համար:
Երկրորդ տարբերակն այն է, որ մենք պատվիրենք տոմսագրքույկ, և տեղը, ժամը, օրը տեղում տոմսավաճառը գրի, որպեսզի կոնկրետ ամեն մի ներկայացման համար առանձին տոմսագրքույկ չունենանք:
Եվ երրորդ, գուցե չայրենք տոմսագրքույկները, մի կազմակերպություն, որը մակուլատուրա է հավաքում, թող այդ թուղթը վերարտադրի և օգտագործի, որովհետև մենք այսօր ՀՀ-ում զբաղված ենք բարբարոսությամբ»,- մանրամասնեց Ռուբեն Բաբայանը:
Իսկ արդո՞ք քննարկվել է նաև թատրոնների տոմսերի գնի հարցը, որովհետև, եթե նախկինում ամենաէժան տոմսը, օրինակ, Օպերային թատրոնի դեպքում 1500 դրամ էր, հիմա 3000 է դարձել, մեր հարցին Ռուբեն Բաբայանը պատասխանեց.
«Չէ, այդ հարցը չի քննարկվել, որովհետև ՊՈԱԿ-ի օրենքի համաձայն՝ տոմսերի արժեքի գումարը որոշում է կոնկրետ ՊՈԱԿ-ը, այսինքն, ամեն մի թատրոն ինքն է որոշում՝ ելնելով իր վարած քաղաքականությունից: Բայց անկեղծ ասեմ, Օպերայի համար 3000 դրամը դա չնչին գումար է: Մեր երկրում հետաքրքիր է՝ ամեն ինչ համաշխարհային գներով է լինում, սկսած վառելիքից, սնունդից, բայց թատրոնի տոմսերի արժեքը շատ ցածր է: Օրինակ, մեր թատրոնում գները, եթե չեմ սխալվում, բարձրացրել ենք մի 5 տարի առաջ: Իսկ այս տարիների ընթացքում ամեն ինչ որքա՞ն թանկացավ: Բայց հասկանում ենք, որ խնդիր ունենք հանդիսատեսին հասանելի լինելու համար: Եթե աշխարհի հետ համեմատենք՝ այնտեղ մանկական ներկայացման տոմսի արժեքը 15 եվրո է, մեզ մոտ՝ մոտավորապես 2 եվրո: Սակայն հասկանում ենք, եթե գինը բարձրացնենք, կարող է ֆինանսապես հարցը լուծենք, բայց դա կնշանակի, որ հասարակության մեծ զանգվածի կկտրենք թատրոնից»: