Ինչո՞ւ է Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը
«Թուրքիան անուղղակիորեն մասնակցում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին։
Հիշեցնենք, որ օրերս տված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:
«Մենք պատրաստ ենք սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի հետ, քննարկում ենք, թե ինչպես է հնարավոր այդ գործընթացում առաջ շարժվել»,- ասել էր նա։
Վերջին շրջանում հայկական և թուրքական կողմերը նշում են, թե հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան։
Իր հերթին՝ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը Վարանդայում նշել էր կրկին, որ Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։
«Ամուր խաղաղության կառուցման պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել անկեղծ կամք Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար։ Եթե նա դա անի, որևէ խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար»,- ասել էր Էրդողանը։
Ալեքսանդր Սկակովն այն կարծիքին է, որ նախ՝ հայկական կողմը Ռուսաստանի հետ երբեմն քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարները, քանի որ դա անխուսափելի է, եթե քննարկվում է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը։ Այդ կոմունիկացիաները, նրա խոսքով, վերաբերում են նաև Թուրքիային, և ապագայում վերսկսվելիք հայ-թուրքական կարգավորման գործընթացը երևի թե պետք է ունենա միջազգային միջնորդներ, որոնցից մեկը կլինի կամ կարող է լինել Ռուսաստանը։
«Թուրքիան անուղղակիորեն մասնակցում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին։ Բայց կարծում եմ, քննարկումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ընթանում են նաև Արևմուտքի հետ, Ռուսաստանը, չեմ կարծում, որ ունի մենաշնորհ այս հարցում»,- ասաց նա։
Վերլուծաբանի կարծիքով, ներկայիս փուլում առանց Թուրքիայի հետ աշխատանքի, խոսքը նաև Ռուսաստանի մասին է, հնարավոր չէ տարածաշրջանում որևէ կարևոր հարց քննարկել, քանի որ Թուրքիան ունի մեծ ազդեցություն, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, որը վարում է բանակցություններ Երևանի և Մոսկվայի հետ։
«Բայց կարծում եմ, այս պահին, բացի միջնորդավորված հեռակա ինչ-որ հարցերի համաձայնեցումից, որևէ աշխատանք տեղի չի ունենում, կարևոր թեմաները՝ թողնվում են ապագային Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորումից հետո։ Ներկայումս հենց դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացով է պայմանավորվում հայ-թուրքական հնարավոր կարգավորումը, այդ հարցն առաջին պլանում է»,- ասաց Սկակովը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
«Թուրքիան դեմ չի լինի օգտվել այն հաղթանակից, որը կերտեց Ադրբեջանի հետ միասին, որպեսզի օգտվի այն հնարավորություններից, որոնք ստեղծվելու են տարածաշրջանում, և փորձի ստանալ Հայաստանից՝ ինչ հնարավոր է։ Որևէ դրական ազդակ չկա, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը և ի՞նչ պատճառ ունի չկարգավորելու հարաբերություն, եթե Հայաստանը որևէ առարկություն չունի որևէ հարցի վերաբերյալ, եթե Հայաստանը մի կողմ է դրել իր բոլոր նախկին պահանջները։ Պատերազմից անմիջապես հետո կանխատեսել եմ, որ Թուրքիան ձգտելու է ստանալ հնարավորինս շատ բան, ու այս դեպքում՝ նաև Ադրբեջանի համար, քանի որ երկու երկրների՝ միմյանց տարածքները ճանաչելը չափազանց կարևոր հարց է Ադրբեջանի համար, որով կֆիքսվեն պատերազմի արդյունքները։ Թուրք-ադրբեջանական տեսանկյունից ամեն ինչ տրամաբանական հունով է ընթանում, և կարծես այս ամենում Հայաստանին միայն հարկավոր է այս գործընթացներում Արևմուտքի մասնակցություն, մյուս հարցերի հետ կապված դրական վերաբերմունք կա»,- ասաց նա։