Բարբառների՛ ջատագովներ, չմոռանաք մի էջ Տոլստոյ թարգմանել, դնեք Ֆեյսբուքի ձեր էջերում. Արմեն Քեշիշյան

«Բարբառները վեհացնողներին մի առաջարկ անեմ. – Ամեն մեկդ ձեր բարբառով թարգմանեցեք Շեքսպիրի ողբերգություններից մեկնումեկը, կամ ամեն մեկդ ձեր ոսկեղենիկ, երգեցիկ բարբառով թարգմանեցեք Պլատոն ու Արիստոտել, Հեգել ու Կանտ. թե կուզեք, Նարեկացու «Մատյանն» էլ թարգմանեք ձեր բարբառով. հետո էլ «Աստվածաշունչը». եթե այդքանը երկար գործ է, այդ դեպքում ամեն մեկդ ձեր բարբառով մի տնտեսագիտական, քաղաքագիտական կամ բանասիրական հոդված գրեք:

Եթե ասեք՝ հնարավոր չէ, բարբառը դրա համար չէ, ես էլ կասեմ՝ հապա ո՞րն է արժանիքն այն լեզվի, որով հնարավոր չէ մի լուրջ բան գրել կամ թարգմանել, ինչո՞ւ եք ուզում, որ մարդիկ այդպիսի լեզվով մտքեր կազմեն ու հաղորդակցվեն, այդպիսի ապաշնորհ լեզվով մտածեն. ինչո՞ւ եք այդքան ուզում, որ հայերենի պարզ, անխառն ձայնավորների փոխարեն քմայնացված ձայնավորներ, շնչեղացված բաղաձայներ արտաբերեն, հայերեն բառերի կազմը, հայերենի հղկված, կանոնարկված շարահյուսությունը քանդուքարափ անեն:

Կարո՞ղ է, դուք չեք կարողանում հաղթահարել ձեր բարբառին բնորոշ շեշտադրությունը ձեր խոսքում, դրա համար էլ վեհացնում եք ձեր բարբառը. կարո՞ղ է կոշիկով չեք կարողանում քայլել ասֆալտի վրայով, դրա համար էլ քարոզում եք տրեխ ու հողե ճանապարհ: Կարո՞ղ է ձեր մեջ գավառացու թերարժեքության բարդույթն է խոսում. «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

Եթե գրական հայերենը սոսկ արարատյան բարբառն է ու երևանցիների լեզուն, այդ դեպքում ինչո՞ւ եք ձեզ նեղություն տալիս ու ապրում Երևանում, ձեզ զրկում ձեր ոսկեղենիկ ու երգեցիկ բարբառը լսելու բերկրանքից, այդ լեզվով հաղորդակցվելու երջանկությունից. ինչո՞ւ եք շնչում Երևանի կողտոտ, մրոտ, ծխոտ օդը. եկաք, սովորեցիք Երևանում, Երևանը նվաճեցիք, դարձաք նշանավոր, միաժամանակ տեսաք, որ Երևանն ապրելու տեղ չէ, դե՛ հիմա վերադարձեք ձեր հայրենի բնակավայր, այդտեղ հիմնեցեք համալսարան, դուք էլ դարձեք ռեկտոր ու դասախոս, և բոլոր դասագրքերը դարձրեք ձեր հայրենի բարբառով, բացեք նորանոր աշխատատեղեր ու ապրեք գոհ ու երջանիկ. թե կուզեք, ինքնորոշվեք, դարձեք առանձին հանրապետություն կամ թագավորություն. բա արժե՞, որ դուք մի փոր հացի համար ձեզ զրկեք ձեր հայրենի գյուղի մաքուր օդից, սառնորակ ջրից, պարզ, վճիտ բարբառից, ձեր հյուրընկալ ու սրտաբաց համագյուղացիներից:

Մենք էլ երևանյան լեզվին ենք սովորել, թողեք մենք էլ մեր լեզվով խոսենք. երևում է՝ արդեն հոգնել եք ու զզվել եք կեղծավոր երևանցիներից էլ, երևանյան կեղծ, արհեստական լեզվից էլ:

«Երբ կհոգնես, կգազազես աշխարհից, դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից». հայրենի եզերքը ձեզ է կանչում ու սպասում. ձեր ոսկեղենիկ ու երգեցիկ բարբառը թող չկորչի հանկարծ, վերադարձեք ու զարգացրեք:

Բարբառների՛ ջատագովներ, չմոռանաք մի էջ Տոլստոյ թարգմանել, դնեք Ֆեյսբուքի ձեր էջերում. մի լեզվաբանական, հոգեբանական կամ փիլիսոփայական թեմայով հոդված գրել ձեր բարբառով ու դնել ֆեյսբուքում. երևանցիներս էլ կարդանք տարատեսակ բարբառներով հոդվածները, բան չհասկանանք ու նախանձենք ձեզ. ասենք՝ երանի այսպիսի բարբառ ունեցողներին, հո մեզ պես չեն…

Անարդար է, էլի, ինչո՞ւ պիտի արարատյան բարբառը, բախտի բերմամբ ու պատահմամբ, լինի համազգային լեզու. գրաբարն ինչո՞ւ պիտի լինի չափանիշ. հին ժամանակներում մի սխալ արել են, մինչև հիմա շարունակվում է…

Միայն հիշեցնեմ, որ արարատյան բարբառը նույնպես ունի քմայնացված ձայնավորներ ու շնչեղացված բաղաձայներ, ինչը բացարձակապես խորթ է գրաբարին ու հայոց լեզվի գրական տարբերակին. նաև տեղեկացնեմ, որ Մաշտոցը Տուրուբերան նահանգի Տարոն գավառից էր, ամենևին էլ Արարատյան աշխարհից չէր: Սահակ Պարթևն էլ, ըստ ամենայնի, Արարատյան նահանգից չէր: Սահակ Պարթևը թաղվել է Տարոնում, որը Մամիկոնյանների տոհմանական նահանգն էր, Սահակ Պարթևն արյունակից էր Մամիկոնյաններին, ուրեմն հավանական է տարոնեցի էր նույնպես. ուրեմն գրական լեզվի «պատահական» ընտրության հարցում ավելի հավանական է Մամիկոնյանների ու տարոնեցիների «դավադրության» վարկածը. (մեղա՛ Աստծո):

Գրական լեզվի մի տարածաշրջանային խոսվածքը պիտի տարբերվի մյուսից այնքան, որքան որ նույն ազնիվ ծառի շիվերը, եթե տնկենք մեր բնօրրանի տարբեր մարզերում, դրանց պտուղները կունենան համային նրբին տարբերություններ. չեն լինի առավել կամ պակաս, այլ կունենան նրբին առանձնահատկություններ. պետք չէ բոլոր մարզերում բռնենք տարատեսակ պատվաստումներ անենք, որ հետո ամեն մեկս իր հերթին ասի՝ մեր ուրիշ է, դե՛ մենք ուրիշ ենք, էլի, առանձնահատուկ ենք, ամենաճիշտ հայը մենք ենք»:

Արմեն Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս