Կարտոֆիլի գինը կբարձրանա
Շուկայում 1 կգ կարտոֆիլը 200-350 դրամ արժե, նախորդ տարվա 130-150 դրամի փոխարեն: ՀՀ Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ, եթե հունվար (-17.6%), փետրվար (-15.5%), մարտ (-13,9%), մայիս (-13,6%), հունիս (-18,9%) ամիսներին արձանագրվել է գնանկում, սեպտեմբերին կարտոֆիլի գնաճը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ կազմել է 66,7%: Այս տարի 2020-ի համեմատ նաև քիչ ցանք է կատարվել: 2020թ. 20 հազար 531 հեկտար կարտոֆիլ է ցանվել, ստացվել է 437 հազար 226 տոննա բերք, այս տարի 20 հազար 41 հեկտար են ցանել, իսկ թե որքան բերք է ստացվելու՝ կհրապարակվի տարեվերջին, քանի որ բերքահավաքը դեռ շարունակվում է:
Գյուղատնտեսների խոսքով՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, իսկ պատճառներից մեկը ոռոգման ջրի պակասն է: Մյուսն այն է, որ նախորդ տարի աշնանը գյուղացիները չեն կարողացել կարտոֆիլը վաճառել ու այս տարի շատերը չեն մշակել: Կարտոֆիլի գնի բարձրացման հետ կապ ունի նաև արտահանումների մեծ ծավալը:
Ոչ պաշտոնական տվյալներով, շուրջ 40.000 տոննա կարտոֆիլ է արտահանվել: Հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է:
Օրինակ, Շիրակի մարզում գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլը 140-150 դրամով է վաճառում, իսկ մինչև այն հասնում է խանութներ՝ վերավաճառողների թեթև ձեռքով գինը բարձրանում է:
«Ամռանը տեղումներ չգրանցվեցին, որն իր բացասական հետևանքներն ունեցավ՝ բերքը չաճեց՝ տուժեցին նաև կարտոֆիլի ցանքերը»,- 168.am–ի հետ զրույցում նշեցին գյուղատնտեսները:
«Կարտոֆիլի վաճառքի գներն աճել են և էլի աճելու են, որի հիմնական պատճառը ոռոգման ջրի պակասն էր: Այսօր կառավարությունը սերտիֆիկացված տնկիներ է առաջարկում գյուղացիներին: Կարծում եմ՝ դրա փոխարեն լավ կլիներ՝ լուծեին գյուղացիներին դեռ տարիներ առաջ խոստացած կարտոֆիլի և լոլիկի վնասատուի՝ ցեցի դեմ պայքարի կազմակերպման հարցը: Կարող եմ անգամ հուշել՝ Ագրարային համալսարանն ունի դրոններ, որոնց միջոցով կարելի է իրականացնել այդ պայքարը: Հնարավորության դեպքում, կառավարությունը թող գնի նոր դրոններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։