Բաժիններ՝

Ուսուցիչների ատեստացիայի պատկերը

Ուսուցիչների կամավոր ատեստացիան բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հնչեցին տեսակետներ, որ արդյունքներ տխուր են, և պետք է ցածր միավորներ ստացած ուսուցիչների հանդեպ միջոցներ ձեռնարկել։ Ուսուցիչների հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է։ Եթե  տասնամյակներ շարունակ ուսուցիչներին վճարել ենք ծիծաղելի ցածր աշխատավարձ, ապա ի՞նչ իրավունք ունենք բարձր ակնկալիքներ ունենալ նրանցից։ Ուսուցիչներին ցածր աշխատավարձ վճարելը գին ունի։

Փաստ է, որ ուսուցիչները շատ պասիվ մասնակցեցին ատեստացիայի առաջին փուլին։ Բայց իրականությանը չի համապատասխանում այն թեզը, որ 37 հազար ուսուցիչներից ատեստացիային մասնակցել են միայն շուրջ 900-ը։ Իրականում այս տարի ատեստացիային իրավունք ունեին մասնակցելու 7 առարկաների ուսուցիչներ, որոնց ընդհանուր թիվը մոտ 15 հազար է։ Նույնիսկ այս  պարագայում մասնակցության ցուցանիշը ցածր է, ինչը զարմանալի չէ։ Պասիվության մի քանի պատճառ կա։

Ուսուցիչների մի մասը վիրավորական համարեց ատեստացիայի մեխանիզմը։ «Ինչո՞ւ պետք է չնչին աշխատավարձը բարձրացնելու համար լրացուցիչ քննություն հանձնենք». այսպես մտածեց ուսուցիչների մի մասը և չդիմեց ծրագրին։

Ուսուցիչների մյուս մասը ծանրութեթև անելուց հետո որոշեց, որ այս ծրագրում կորուստն ավելի մեծ կարող է լինել, քան ձեռքբերումը։

Զգուշավոր մտածող ուսուցիչների այս խումբը հասկացավ, որ շեմը անցնելու դեպքում ստանալու են աշխատավարձի որոշ հավելավճար, բայց շեմը չհաղթահարելու դեպքում սասանվելու է իրենց հեղինակությունը։

Ուսուցիչների մեկ այլ խումբ էլ հավակնություններ  չունի քննություններ հանձնելու, տիտղոսներ նվաճելու հարցում։ Ուսուցիչների մեջ կա մի խումբ, որը լրավճարի կարիք չունի և բավարարվում է իր ամենօրյա աշխատանքը կատարելով։

Բարձր տարիքի ուսուցիչների մի մասն էլ վախ ունի քննություններից, ինչը մարդկայնորեն հասկանալի է։ Հայաստանի ուսուցիչների 33%-ը 55 տարեկանից բարձր է։ Այդ տարիքում մարդու համար շատ դժվար է քննություն հանձնելը։ Հիշողությունը սկսում է վատանալ, մարդն ավելի դանդաղ է մտածում։ Եվ այս ամենը կարող է խանգարել թեստ գրելիս։

Անդրադառնանք կամավոր ատեստացիայի մասնակիցներին և արդյունքներին։ Ատեստավորմանը մասնակցելու ցանկություն էր հայտնել շուրջ 1300 ուսուցիչ, որոնցից փաստացի մասնակցել է շուրջ 900-ը։ Այսինքն՝ գրանցվածների շուրջ 30%-ը չի ներկայացել։ Նման ցածր մասնակցության պատճառներից կարող է լինել այն, որ ուսուցիչների համար հստակ հասկանալի չէր, թե ինչ են հարցնելու իրենց, ինչ բարդության են լինելու հարցերը։ Այդ պատճառով գրանցվածների 30%-ը որոշել է ռիսկի չդիմել։

Ատեստացիայի արդյունքներով մասնակիցների միայն 47%-ն է հաղթահարել 70%-ի շեմը, որը հնարավորություն կտա լրավճար ստանալ։ Իրականում անցողիկ շեմը 80%-ն էր։ Բայց նախարարությունը որոշեց այն իջեցնել 70%-ի։ Այսինքն՝ եթե մնար նախնական 80% շեմը, ապա պարզ է, որ հաղթահարողների թիվը շատ ավելի քիչ կլիներ։

Թերևս, ամենացնցողն առարկաների միջև առկա տարբերություններն էին։ Մաթեմատիկայի ուսուցիչների շուրջ 87%-ը հաղթահարել է 70%-ի շեմը։ Քիմիայի ուսուցիչների միայն 11%-ն է հաղթահարել այդ շեմը։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչն է նման ահռելի տարբերության պատճառը։ Վարկածներից մեկը կարող է լինել այն, որ Քիմիայի հարցերը եղել են շատ բարդ։ Հնարավոր է նաև, որ Քիմիայի ուսուցիչների առարկայական գիտելիքները ցածր մակարդակի վրա են։ Գաղտնիք չէ, որ Քիմիան դպրոցի  համեմատաբար չսիրված առարկաների ցանկում է։ Երբ աշակերտները սկսում են վատ սովորել, ապա դա բացասաբար է ազդում տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների որակի վրա։ Նվազում են տվյալ ուսուցչի ոգևորությունը, մասնագիտական զարգացման մոտիվացիան։ Իսկ առարկաների չսիրված կամ սիրված լինելը հաճախ կախված է այն բանից, թե տվյալ առարկան ինչ տեղ ունի ընդունելության քննությունների շարքում, ինչ որակի են դասագրքերը։

Ատեստացիայի ժամանակ 7 առարկաներից ամենացածր արդյունք արձանագրվել է Քիմիայից և Աշխարհագրությունից։ Այս առարկաներից քիչ դիմորդներ են քննություն հանձնում։ Օրինակ՝ 2019թ. Աշխարհագրությունից ընդունելության քննություն է հանձնել ընդամենը 252 դիմորդ, իսկ Քիմիայից՝ 1145։ Համեմատության համար նշենք, որ նույն թվականին Մաթեմատիկայից ընդունելության քննություն հանձնած դիմորդների թիվը գերազանցել է 5000-ը։

Մաթեմատիկայից բացի, բարձր արդյունք են արձանագրել նաև Ֆիզիկայի ուսուցիչները։ Նրանց շուրջ 56%-ն է հաղթահարել շեմը։ Նշենք, որ բնագիտական առարկաներից ամենաշատ դիմորդներ  ընդունելության քննություն են հանձնում հենց Ֆիզիկայից։ 2019 թվականին 1550 դիմորդ է Ֆիզիկայից ընդունելության քննություն հանձնել։

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները 3-րդ տեղում են։ Նրանց շուրջ 41%-ն է հաղթահարել շեմը։

Շնորհավորելով լրավճարի շեմը հաղթահարած ուսուցիչներին, ցանկանում եմ նշել, որ ուսուցչի որակը չի կարող չափվել միայն առարկայական թեստերով։ Հետևաբար՝ այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել շեմը, որևէ կերպ չպետք է մտածեն, որ իրենք վատ ուսուցիչ են։ Նախարարությունն էլ իր հերթին՝ պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման քայլերը չդառնան ուսուցիչներին հարվածի տակ դնելու առիթ։ Նախարարության առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելը։ Մի մասին խրախուսելը չի կարող համակարգային արդյունքների բերել։ Ցավոք, 2022թ.-ին ուսուցիչների աշխատավարձի բարձրացում չի լինելու, ինչը մտահոգիչ է գների զգալի աճի պայմաններում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս