Վաղ թե ուշ՝ մենք այդ օրենքը հանելու ենք. Մասնագետները՝ ԶԼՄ օրենքում փոփոխության նախագծի մասին
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նախատեսված է փոփոխություն կատարել պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում. եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:
Հիշեցնենք՝ այս փաթեթը հավանության էր արժանացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում. օրենքի նոր ամրագրումները հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը:
Ի դեպ, նախագիծը շրջանառության մեջ էին դրել դեռ այս տարվա փետրվարին, և արժանացել էր ոլորտի ներկայացուցիչների քննադատությանը: Դրանից հետո այն որոշակի փոփոխությունների էր ենթարկվել:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ օրինագծի՝ չնույնականացվող աղբյուրներին վերաբերող դրույթին՝ նշելով. «Այստեղ դրական զարգացում տեղի ունեցավ, որովհետև ի սկզբանե օրինագծում նախատեսված էր, որ լրատվամիջոցներն իրավունք չունեն հղում կատարել որևէ չնույնականացվող կամ անանուն աղբյուրի, և այդ արգելքը տարածվում էր նաև այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը որևէ օրենքին հակասող տարրեր չէր պարունակում: Այսինքն՝ միանգամայն զավեշտալի կարգավորում էր մտցվում, որը հակասում էր բոլոր միջազգային նորմերին, ինչն էլ, բնականաբար, առաջացրեց և՛ լրատվամիջոցների ներկայացուցիչների, և՛ փորձագետների վրդովմունքը, սակայն վերջին պահին, կարծես, հեղինակները հետ կանգնեցին և փոխեցին կարգավորումը. այժմ ենթադրվում է, որ եթե լրատվամիջոցը մեջբերում է որևէ աղբյուր, որը չի նույնականացվում, և մեջբերման բովանդակության մեջ կան օրենքին հակասող տարրեր, ապա դրա համար պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը»:
Բանախոսը, սակայն, հիշեցրեց, որ այս կարգավորումը որևէ նոր բան իր մեջ չի պարունակում, քանի որ մինչ այդ եղած իրավական նորմերով արդեն իսկ լրատվամիջոցը պատասխանատվություն էր կրում օրենքին հակասող բովանդակության տարածման համար:
«Ինչ վերաբերում է նույն օրինագծի այլ դրույթներին, որոնք նույնպես ենթարկվեցին քննադատության. հավատարմագրման նոր սահմանափակումը, ապա այստեղ նույնպես հնչեցվում էին դժգոհություններ այս ամիսների ընթացքում, սակայն այդ դրույթներում որևէ փոփոխություն չեղավ, և դրա պատճառով ես օրինագիծն ամբողջությամբ շարունակում եմ համարել խնդրահարույց»:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ.
«Այս սահմանփակումն ի սկզբանե անիրավաչափ էր, որովհետև փոխվում է կոնցեպտը. ոչ թե թույլ է տրվում, որ ինֆորմացիան աներկբայորեն հոսի, և հետո նոր կոնկրետ իրավիճակներում կարգավորվի, այլ ի սկզբանե փակվում է ինֆորմացիան, որը կարող է իր մեջ հասարակական նշանակության ինֆորմացիոն արժեք պարունակել»:
Արա Ղազարյանն այս համատեքստում հիշեցրեց Եվրոդատարանի որոշումներից մեկը, ըստ որի՝ հաշվի առնելով հիպերլինքերի վկայակոչմամբ պրակտիկան լրատվամիջոցներում, դատարանը որոշել էր՝ եթե լրագրողը հիպերլինք է օգտագործել, որը, հետո պարզվել է՝ այնպիսի տեսանյութ էր, որի մեջ կար ատելության խոսք, ապա լրատվամիջոցը, լրագրողը չպետք է ենթարկվեն պատասխանատվության, երբ ապացուցում է, որ ինքը չգիտեր և չէր կարող իմացած լինել, որ այդ հիպերլինքում ներառված տեսանյութը պարունակում է ատելության խոսք:
«Այսինքն՝ Եվրոպական դատարանը նույնիսկ ատելության խոսքի պարագայում ոչ թե ի սկզբանե արգելում է չնույնականացվող աղբյուր օգտագործել, այլ եվրոպական իրավունքը շեշտը դնում է լրագրողի էթիկական նորմի վրա: Եվ այդ դեպքում եթե հիպերլինք է օգտագործել առանց գիտության, ինքը ոչ թե ինֆորմացիայի տարածող է, այլ ուղղակի ինֆորմացիայի տեղն է ցույց տվել ընթերցողներին: Ուստի տեսեք՝ այս օրենքով որքան ենք արդեն բաժանվում եվրոպական իրավունքից: Վաղ թե ուշ՝ մենք այդ օրենքը հանելու ենք. ես վստահ եմ՝ դրա համար եվրոպական արձագանքը պետք կլինի»,- եզրակացրել է միջազգային իրավունքի մասնագետը: